Մոտավորապես տասներեք տարի է՝ հայ լրագրողների՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ ընտրությունների բոլոր նյութերը գրեթե նույն բովանդակությունն ունեն. ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, կեղծիքներով, իշխող կուսակցության թեկնածուի «տղաները» ծեծել են ընդդիմության թեկնածուների վստահված անձանց, բաց քվեարկությունների, լցոնումների դեպքեր են արձանագրվել:
Ինչպես միջնադարյան ասպետական վեպերի դեպքում. բավական էր կարդալ դրանցից մեկը, կարող էիր հպարտանալ, որ կարդացել ես բոլորը: Բացեք թերթերի տարիների վաղեմության արխիվները, համեմատեք դրանց բովանդակությունն, ասենք, կիրակի օրը ՏԻՄ ընտրությունների ընթացքի հետ, եւ կհամոզվեք՝ ոչինչ չի փոխվել: Ինչպես տարիներ առաջ կամ, տակավին, փետրվարին, իշխանության թեկնածուի օգտին քվեարկող ընտրողները պատրաստ են դա անել՝ ցանկալի է, ընտրակաշառքով եւ այն դեպքում, երբ միկրոավտոբուսներով կապահովվի իրենց անվտանգ տեղափոխումն ընտրության վայր եւ տուն (թերեւս, մի քանի տարի եւս կպահանջվի նման ընտրողներից գլխի ընկնել, որ կարելի է իրենց տեղափոխումն իրականացնել տաքսիներով):
Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները կրկնում էին նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների սցենարը: Ընտրողներով լի երթուղայիններն անշտապ տեղափոխում էին իրենց բեռն ընտրատեղամաս: Տեղափոխվողներին ամենեւին չէր վհատեցնում այն միտքը, որ երթուղայինում իրենք շատ են, միմյանց ճանաչում են, որ բոլորն էլ գիտեն՝ ով որքան ընտրակաշառք է վերցրել, որ իրենց քվեարկությունն ամենեւին գաղտնի չի լինելու: Թեեւ չպետք է նաեւ բացառել, որ կիրակի օրը նույն ապրումներն էին միավորում այդ մարդկանց եւ անգամ հարազատացնում:
Սակայն այս դեպքում խնդիրն ամենեւին էլ ՏԻՄ ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիները չեն: Եվ մտահոգիչը ոչ այնքան իշխանության կամ ընդդիմության թեկնածուի օգտին քվեարկողների, այլ այն մարդկանց թիվն է, ովքեր որոշել էին ընտրություններին առհասարակ չմասնակցել:
Պաշտոնական տվյալներով՝ Կենտրոն համայնքն ունի 91.000 ընտրող: Գագիկ Բեգլարյանի օգտին, ըստ ԿԸՀ կայքի տեղեկատվության, քվեարկել է 22.369 ընտրող, Արարատ Զուրաբյանի օգտին՝ 8085: 1117 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ստացվում է, որ 91.000 ընտրողից ընտրություններին մասնակցել է ընդամենը 31.571 ընտրող: Այսինքն՝ 91.000-ից չի մասնակցել մոտավորապես 55.000-ը՝ ավելին, քան երկու թեկնածուների օգտին միաժամանակ քվեարկած եւ անվավեր թերթիկների քանակը միասին: Սա լուրջ ցուցանիշ է, որը թեկնածուներին, անգամ, պայմանականորեն նշենք, հաղթած թեկնածուին, պետք է վկայի իր պարտության մասին: Հաղթող թեկնածուին չի ընտրել թաղամասի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Արժե արձանագրել, որ ո՛չ միայն չի ընտրել, այլեւ իրեն թույլ չի տվել կաշառվել, թույլ չի տվել լցվել միկրոավտոբուսներ եւ ուղղություն բռնել դեպի ընտրատեղամասեր: Այսինքն, ընտրությունը բոյկոտող այդ մարդկանց մեծամասնությանը գուցե կարելի է համարել պասիվ, դրանք գուցե այն մարդիկ են, ովքեր քաղաքականապես կողմնորոշված չեն, թաղամասի խնդիրների լուծումը չեն պայմանավորում թաղապետի կուսակցական պատկանելությամբ կամ էլ կարեւորություն չեն տալիս ընտրությունների արդյունքներին: Իհարկե, ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու դրդապատճառները տարբեր են, սակայն այս ցուցանիշը վկայում է, որ, կոնկրետ, Կենտրոնի թաղապետը թեպետ մնացել է իր աշխատանքին, սակայն նրան, ընտրակեղծիքների եւ միկրոավտոբուսների գործոնը ներառյալ, վստահում է բնակչության մոտավորապես 24 տոկոսը:
Թաղապետի ընտրությունն՝ ի տարբերություն խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների, ընտրողների զգալի մասի համար քաղաքական նշանակություն չունի, եւ այդպես էլ պետք է լինի: Սակայն այս դեպքում Կենտրոն համայնքում ընտրությունը միանշանակ քաղաքական ենթատեքստ ուներ: Եվ դա էր, թերեւս, ընտրողների պասիվության հիմնական պատճառներից մեկը:
Այսպիսով, Կենտրոն եւ Նոր Նորք համայնքների թաղապետերը նույնն են մնացել, սակայն եթե Նոր Նորքում ընտրությունների արդյունքները նախապես հնարավոր էր գուշակել (գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանի մրցակիցը եւս ՀՀԿ-ական էր, եւ մայր կուսակցությունն էլ ի սկզբանե պաշտպանում էր գործող թաղապետին), ապա Կենտրոնում ինտրիգ կար. իր թեկնածությունն էր առաջադրել ընդդիմությունը ներկայացնող Արարատ Զուրաբյանը: Ենթադրելով, որ բակ առ բակ հանդիպումները պակաս արդյունավետ կլինեն մեծ հանրահավաքներից, Արարատ Զուրաբյանը դիմեց նախընտրական քարոզարշավի հանրահավաքային տարբերակին: Եթե հաշվի առնենք, որ բոլոր հեռուստաընկերությունները՝ բացառությամբ ԱԼՄ-ի, հրաժարվել էին եթեր հեռարձակել պարոն Զուրաբյանի նախընտրական տեսահոլովակը, եթե հաշվի առնենք վարչական եւ ֆինանսական այն լծակները, որոնք աշխատեցրեց գործող թաղապետը, թաղապետի պաշտոնից բնակիչների՝ ոչ քաղաքական ակնկալիքները, Արարատ Զուրաբյանի հաղթանակի հնարավորություններն այնքան էլ մեծ չէին: Գագիկ Բեգլարյանն էլ բակային հանդիպումները ստորադասեց Հ1-ի հնարավորություններին: Բացի վերոնշյալ միջոցներն օգտագործելուց՝ ընտրություններից օրեր առաջ Հանրայինը ցուցադրեց կադրեր, երբ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպման էր գնացել զինծառայողների հետ: Նա հորդորեց երիտասարդ զինծառայողներին հանկարծ իրենց միայնակ չզգալ: Բառացիորեն դժվար է հիշել նրա մտքերը, սակայն լեյտմոտիվը սա էր. «Սիրելինե՛րս, եթե ձեզ միայնակ զգաք եւ չիմանաք՝ ում հետ անկեղծանալ, իմացեք, որ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին կարող եք գրել ամենաանձնական բովանդակության նամակներ, նա անպայման կընթերցի դրանք եւ կարձագանքի: Հանձինս Կենտրոնի թաղապետի՝ ունեք մտերիմ ու հոգատար մի ընկեր»: Զինծառայողների մայրերը հուզված էին: Նրանք իրենց ձայնը, հասկանալի է, կտային նման մեկին:
Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ընտրությունների ժամանակ հաղթող թեկնածուն, որպես կանոն, չի ունենում մեծամասնության վստահության քվեն: Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր այս դեպքում. գուցե հայի ինքնությո՞ւնը, որը, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը նշեց իր հայտնի ելույթում, չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր: Սակայն եթե՜ իրենց պաշտոնում գտնվող մարդիկ լինեին բարդ ու խորհրդավոր, այլ ոչ թե պարզունակ եւ այնքան կանխատեսելի: Բնության մեջ, ինչպես նախագահի ելույթում հնչեց, անաղարտ տեսակները դատապարտված են: Անաղարտությունը, փաստորեն, նշանակում է՝ դատապարտվածություն (սա, ի դեպ, խիստ վիճելի պնդում է): Հետեւաբար, այս արեւի տակ հայի ինքնության քողի տակ հարատեւելու պայմանն անաղարտության հականիշն է: Ի դեպ, հականիշները բազմազան են, եւ յուրաքանչյուրը կարող է ընտրել իր ինքնության որակին համապատասխան տարբերակը: ՏԻՄ ընտրություններին հաղթանակած թաղապետերն իրենց ընտրությունն արդեն կատարել են: