Նախորդ տարեսկզբին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Դ.
Բոլդշվիլլերի գլխավորությամբ Հայաստան ժամանեցին ԱՄՆ-ի Ազգային
գիտահետազոտական խորհրդի գիտության եւ տեխնիկայի հայաստանյան 6 հոգանոց
հանձնախմբի անդամները: Հայաստանի գիտատեխնիկական համակարգի ներկա վիճակը
եւ զարգացման հեռանկարներն ուսումնասիրելուց հետո հանձնախմբի` վերջերս
ներկայացրած հաշվետվության մեջ տեղ են գտել մանրամասն տեղեկություններ
2003-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի ֆինանսավորման աղբյուրների
եւ զանազան գրանտային ծրագրերի մասին: Պարզվում է, որ 2003-ին ՀՀ ԳԱԱ
ֆինանսավորումը կազմել է 6,3 մլն դոլար, որից մոտ 2,9 մլն դոլար ստացվել է
պետական աղբյուրներից, 800.000 ԱՄՆ դոլար` սեփական գործունեությունից, իսկ
մնացած մոտ 2,6 մլն դոլարը` տարբեր միջազգային ու մասնավոր աղբյուրներից:
Հանձնախմբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1994-ին
հիմնադրված Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ՄԳՏԿ) միջկառավարական
կազմակերպությունը ՀՀ գիտության եւ տեխնիկայի ֆինանսավորման ամենամեծ
աղբյուրն է, որն իր հիմնադրումից մինչ 2003 թվականը ավելի քան 20,5 մլն
ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրել, որից միայն մոտ 3,1 մլն դոլարը`
2003-ին: ՄԳՏԿ-ի կողմից վերջերս ֆինանսավորված ծրագրերի թվում են ՁԻԱՀ-ի
եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցներ
ստանալու փորձերը, Մեծամորի ատոմակայանի համար նոր հովացման համակարգի
նախաձեռնումը: Ներկայումս Հայաստանում ավելի քան 40 հիմնարկություն
առնվազն մեկական ծրագիր է իրականացնում ՄԳՏԿ-ի կողմից տրամադրված
միջոցներով: Մեր երկրի գիտությանը զգալի ֆինանսական օգնություն է
տրամադրել նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հիմնադրված քաղաքացիական
հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը (ՔՀԶՀ), որը 7 տարվա
ընթացքում տրամադրել է 4,3 մլն դոլարի դրամաշնորհ, որի զգալի մասը
տրամադրվել է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին:
ՔՀԶՀ-ի դրամաշնորհներով Հայաստանում 2002-2003-ին իրականացված
հետազոտություններից են. «Բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների եւ
գամմա ճառագայթների ուսումնասիրությունը «ԳԱՄՄԱ» սարքավորման օգնությամբ`
Արագած լեռան վրա»(Ռոմեն Մարտիրոսով, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ, Լուրենս
Ջոնս, Միչիգանի համալսարան, դրամաշնորհի գումարը` 80.000 ԱՄՆ դոլար),
«Բազմաչափ բազմապատիկ նմուշային սխեմաների մշակումը արտադրության որակի
կառավարման համար»(Վիկտոր Օհանյան, ԵՊՀ, Դեյվիդ ՈՒեյհուա Հե, Իլինոյսի
համալսարան, Չիկագո, 52.000 դոլար), «Սեւանա լճի պալեոէկոլոգիան եւ
պալեո-ռադիոէկոլոգիան» (Վիկտորիա Լեւոնի Անանյան, ՀՀ ԳԱԱ
էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, ՈՒիլյամ Ս. Բրնեթ,
Ֆլորիդայի նահանգային համալսարան, 29.300 դոլար), «ՈՒժեղ ցնցումներին
հակազդող համակարգի մշակումը Հայաստանում»(Վալերի Արզումանյան, Սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայություն, Ռոջեր Բորչերդտ, ԱՄՆ Երկրաբանական
ծառայություն, 25.600 դոլար) եւ այլն: Հանձնախմբի անդամներն առաջարկել են
մի քանի նպատակային ծրագրեր, որոնցից են Հայագիտությունը, տեղեկատվական
տեխնոլոգիաները, ՀՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական համակարգի
ստեղծումը, լազերային ֆիզիկան, կենսատեխնոլոգիան եւ այլն: Հանձնախմբի
անդամները, հիմնվելով Հայաստանի գիտության եւ տեխնիկայի ներկա նվաճումների
վրա, կարծում են, որ տնտեսապես շահութաբեր դառնալու նախադրյալներ ունեն
հետեւյալ տեղեկատվական տեխնոլոգիաների (մասնավորապես` համակարգչային
ծրագրերի մշակում), կիսահաղորդիչների, ինֆրակարմիր դետեկտորների
բնագավառները, խոշոր միաբյուրեղների արտադրությունը, լազերային
տեխնոլոգիան եւ ձայնային տեղորոշումը, մարդկանց վրա դեղերի կլինիկական
փորձարկումները եւ այլն: Նրանք կարծում են նաեւ, որ Հայաստանը գիտական
արդյունքը համաշխարհային շուկա հանելու եւ մրցունակ դարձնելու չիրացված
հեռանկարային հնարավորություններ ունի, եւ այդ հնարավորությունների
օգտագործումը խթանելու նպատակով պետք է մտածել Հայաստանում փոքր բիզնեսի
նորարարական հետազոտական ծրագրի իրականացման մասին: Հանձնախմբի անդամները
գիտության բնագավառում վերջին տարիների ամենակարեւոր ձեռքբերում համարում
են «Գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի
ընդունումը, սակայն նշում են, որ ՀՀ կառավարությունը խախտում է երկրի
գիտական համակարգում ԳԱԱ տեղն ու դերն ամրագրող այս օրենքը` գիտության
կառավարումը հիմնականում դնելով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության
վրա: