«Սինոփսիսի» շաբաթվա շրջանակներում երեկ տեղի ունեցավ 3-րդ ամենամյա միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադիայի եզրափակիչ փուլը: Առաջին փուլում եղել են 144 մասնակիցներ, որոնցից 49 լավագույններն անցել են երկրորդ` եզրափակիչ փուլ:
Օլիմպիադայի թեմաներն էին` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիաներ, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում: «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ միկրէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը նշեց, որ օլիմպիադայի հիմնական նպատակն է՝ Հայաստանում երիտասարդության շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրության առաջացումն ու զարգացումը, համապատասխան բուհերի կրթական ծրագրերում այդ ասպարեզում ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերում առկա բացերի հայտնաբերումն ու դրանց շտկումը, ինչպես նաեւ` Հայաստանում այդ ուղղությամբ հետաքրքրության մեծացումը: «Այս տարի օլիմպիադային մասնակցությունը նախորդ տարիների համեմատ մեծացել է: Արդեն երրորոդ տարին է, ու ամեն տարի մասնակիցների քանակն աճում է: Առաջին փուլում ունեցանք 144 մասնակից: Այդ փուլում տրվեցին թեստային հարցեր եւ խնդիրներ, մասնակիցների մի մասը զտվեցին ու անցան երկրորդ փուլ: Առաջին փուլի արդյունքների հետազոտությունը ցույց է տալիս, որ կա առաջընթաց: Եթե նախորդ տարիներին եզրափակիչ փուլին հիմնականում «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի ուսանողներն էին մասնակցում, ապա այս տարի կան նաեւ այլ համալսարաններից: Հատկապես շատ ուրախալի է, որ Գյումրիից մասնակիցներ կան` ութ հոգի: Դա նշանակում է, որ օլիմպիադան իր նպատակին ծառայում է, եւ մակարդակը այլ կրթական համակարգերում նույնպես մեծանում է»,- ասաց Վ. Մելիքյանն՝ ավելացնելով, որ նախորդ տարվա անվանակարգերին այս տարի եւս մի քանիսն ավելացել են: Կա մեկ առաջին մրցանակ` համակարգիչ, երկու երկրորդ մրցանակներ` 300.000-ական դրամ, եւ երրորդ մրցանակ` 200.000-ական դրամ: Այս տարի նաեւ խնդրի ամենայուրօրինակ, ամենաէլեգանտ լուծման համար է մրցանակ նախատեսված: Գյումրիից լավագույն մասնակցի համար եւս մրցանակ է սահմանվել: Օլիմպիադայի մասնակիցներից Ռուզաննա Չախմախչյանը Երեւանից է, սովորում է Ճարտարագիտական պետական համալսարանում, նաեւ «Սինոփսիսի» ուսանող է: «Օլիմպիադան լավ հնարավորություն է անգամ շփվելու ոլորտի այն ճյուղերի հետ, որոնց հետ գործի բերմամբ կամ ժամանակի սակավության պատճառով չես շփվել: Կարծում եմ, սա մեծ հնարավորություն է դրանց անդրադառնալու համար, ու, ինչո՞ւ չէ, նաեւ սեփական ուժերը չափելու եւ մյուսների հետ մրցակցելու համար»,- ասաց նա: Ռուզաննայի կարծիքով` այս ոլորտը դեռ նոր է զարգանում մեզ մոտ: «Բայց ամեն ինչ արվում է զարգացման համար: Հայաստանում փորձ է արվում բոլոր պայմանները ստեղծել դրա համար: Այս ոլորտը մեզ մոտ դեռ զարգացման փուլում է ու դեռ շատ տեղ ունի զարգանալու»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օլիմպիադայի վերաբերյալ իր ուղերձում նշել էր, որ ՏՏ ոլորտի զարգացումը, տեղեկատվական հասարակության ու գիտելիքահենք տնտեսության կայացումն այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են եւ գտնվում են ՀՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: «Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի անցկացումը, ինչպես նաեւ այս ոլորտի զարգացմանը խթանող նմանատիպ միջոցառումները նպաստում են մեր երկրում ՏՏ բնագավառում ձեւավորված լավագույն ավանդույթների պահպանմանն ու ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը»,- ասել էր նա: