Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
ուսումնասիրությունների՝ հայաստանյան աշխատաշուկայում այսօր մեծ է
հատկապես որակյալ համակարգչային ծրագրավորողների, գործավարների,
կարողների, թարգմանիչների (հատկապես՝ անգլերեն լեզվի), ապահովագրական
գործակալների, բրոկերների, մանկավարժների, բժիշկների, խառատների,
եռակցողների, ֆրեզերագործների, գորգագործների, ադամանդագործների,
սպասարկման ոլորտի մասնագետների պահանջարկը:
2005 թվականի ապրիլ ամսին գործատուների պահանջարկը կազմել է 1392
աշխատատեղ, որից 428-ը՝ ծառայողական, 964-ը՝ բանվորական: Ամսվա վերջին
գործատուների պահանջը շատ քիչ չափով է բավարարվել՝ լրացվել է ընդամենը 274
աշխատատեղ: Այս աշխատատեղերը թափուր են մնում ոչ միայն ցածր վարձատրության
պատճառով, այլեւ՝ որակյալ մասնագետների պակասի:
Գործատուների կողմից տրված թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալների
վերլուծությունը ցույց է տվել, որ այսօր աշխատաշուկան 65,9%-ով պահանջում
է բարձր որակավորում ունեցող բանվորական մասնագիտություններ: Մինչդեռ մեր
շուրջն օրեցօր աճում են ոչ թե մասնագիտական, այլ բարձրագույն ուսումնական
հաստատությունները: Իսկ վերջիններիս կադրերը սովորաբար ուսումնառությունից
հետո ստիպված են լինում վերամասնագիտանալ աշխատաշուկայի պահանջներին
համապատասխան:
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը հավաստիացնում է, որ բարձրագույն
ուսումնական հաստատություններում մասնագիտությունների քանակը ձեւավորվում
է տնտեսության տարբեր ոլորտների, գերատեսչությունների
ուսումնասիրությունների եւ առաջարկությունների հիման վրա. «Բացի այդ,
հաշվի են առնվում նաեւ բուհերի հնարավորությունները՝ թե ինչ
մասնագիտությունների ուսուցում կարող են իրականացնել, մարզերն են
ներկայացնում՝ թե մարզի կտրվածքով մասնագիտական ինչ կադրերի կարիք կա: Այս
ամենը նախ բաղդատվում է բարձրագույն կրթության, միջին մասնագիտական եւ
նախամասնագիտական կրթության քարտեզի վրա, եւ հետո տեղադրվում ըստ բուհերի»:
Սա վերաբերում է հիմնականում պետական անվճար եւ վճարովի ուսուցման
համակարգին: «Բայց քանի որ մարդիկ հնարավորություն ունեն վճարովի
ուսուցման,- ասում է պրն Ավետիսյանը,- եւ բուհերն էլ կարող են ապահովել
նրանց պահանջարկը, մենք հնարավորություն ենք տալիս սովորելու, որովհետեւ,
վերջին հաշվով, կադրային որակական դաշտը բարձր կլինի, աշխատաշուկայում
կգործի նաեւ մրցակցություն»: Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ բուհերի
շրջանավարտների մեծամասնությունը համապատասխան աշխատատեղերի բացակայության
պատճառով անգործ է մնում, պրն Ավետիսյանն անհանգստանալու խնդիր չի
տեսնում. «Ոչ ոքի թող չվախեցնի բարձր որակավորմամբ կադրերի ավելցուկը
հասարակության մեջ, դա ավելի բարձր մակարդակի կրթություն, ավելի բարձր
մակարդակի սպասարկում է ենթադրում»: Բացի այդ՝ «Աշխատաշուկայում
մասնագետների քանակի խնդիրը որոշվում է ոչ միայն տվյալ պահի համար, այլեւ
առաջիկա 5-10-15 տարիների կտրվածքով»: Իսկ առայժմ բարձրագույն կրթությամբ
գործազուրկների խնդիրը լուծվում է զբաղվածության կենտրոններում
կազմակերպվող մասնագիտական դասընթացներով:
Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2004
թվականին զբաղվածության կենտրոններում վաճառողի, համակարգչային հաշվապահի,
համակարգչային գործավարի, ռեֆերենտի, գորգագործի մասնագիտություն է ստացել
103 գործազուրկ, որոնցից աշխատանքի են տեղավորվել 42-ը: Ի դեպ,
բարձրագույն կրթությամբ կադրերի պակաս այսօր ավելի շատ զգացվում է
մարզերում: Պահանջվում են հիմնականում բժիշկներ եւ մանկավարժներ: