Ինչպես ամեն ուրբաթ օր, երեկ էլ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել քաղբանտարկյալների կանայք եւ նրանց ընկերները: Ըստ «Ա1+»-ի` «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով, քաղաքական բանտարկյալների նկարներով եւ «Պահանջում ենք պատժել մարտի 1-ի ոճրագործներին» ցուցապաստառը բռնած` կանայք երեկ պահանջել են ազատ արձակել քաղաքական պատճառներով ձերբակալված իրենց ամուսիններին: Նրանք երեկ նորից նամակ են հանձնել Գլխավոր դատախազին՝ նույն պահանջով: «Ամոթ չի, ամեն ուրբաթ գալիս ենք եւ դատախազից ազատություն խնդրում»,- ասել են կանայք: Ակցիայի մասնակիցները երեկ երեկոյան գնացել են Հյուսիսային պողոտա` մասնակցելու Հայ Ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: