Մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովը երեկ քննարկում էր ընդդիմության կողմից ստեղծված հանձնախմբի ցուցադրած 25 րոպեանոց ֆիլմի դրվագները:
Նիստին հրավիրվել էին Դատաբժշկական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, մարտի 1-ի գործով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ ֆիլմում ցուցադրվող` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պատի մոտ պպզած երիտասարդներից երեքը` Տիգրան Կարախանյանը, Գարիկ Հովակիմյանը եւ Ռոման Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամները նախ «հարցաքննեցին» Վ. Հարությունյանին: Քննարկվում էր ֆիլմի այն կադրերը, որտեղ պպզած տղաների հետեւի պատին մուգ գույնի հետքեր էին երեւում: Կարծիք կար, որ դրանք արյան հետքեր էին: Ընդ որում, այդ դրվագը երկու կադրով էր ներկայացված, որտեղ մի դեպքում մուգ հետքերն արդեն չկային: Այդ հետքերը չկան նաեւ հիմա: Եվ տպավորություն կար, որ ավելի ուշ հետքերը պատի վրայից մաքրել են: Վ. Հարությունյանը հերքեց, որ այնտեղ արյան հետքեր են եղել. «Հարցաքննվել են նաեւ դեսպանատան աշխատակիցներ, որոնք իրենց ցուցմունքներում հայտնել են, որ ինչպես դեպքերից առաջ, այդպես էլ հետո պատը երբեւիցե չի մաքրվել, չի մշակվել: Նաեւ փորձաքննություն է նշանակվել` հետքերի ծագումը պարզելու համար: Պատը բազալտից է, այնտեղից որեւէ հետք, առավելեւս` արյան հետքը վերացնելու համար պետք է կամ շուշաթղթով, կամ այլ եղանակով մաքրել: Նման եղանակով պատի վրա սալիկները չեն մաքրվել»:
Իսկ հանձնաժողովի երեկվա նիստը, հատկապես այն հատվածները, որտեղ «քննում» էին պատի մոտ պպզած երեք երիտասարդներին, նման էր վատ բեմադրված տրագիկոմեդիայի: Ու թեեւ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նրանց հորդորեց չվախենալ, ամեն ինչ պատմել, երիտասարդները միաբերան կրկնեցին միեւնույն պատմությունը, որից ակնհայտ էր, որ իրականությունը չի ներկայացվում: Ամբողջ այդ ներկայացումը բեմադրված էր հանրությանը ցույց տալու համար, թե այդ պատի վրա արյան հետքեր չեն եղել: Իսկ տղաներին էլ բերել էին իրենց վարկածն ավելի «հավաստի» դարձնելու համար: Տղաներն էլ, բնականաբար, իրար հետեւից կրկնեցին, որ պատն արյունոտ չի եղել, իրենց չեն ծեծել, իրենց մոտ մարդու չեն ծեծել, ոչ մեկի վրա էլ չեն կրակել: Գ. Հովակիմյանը եւ Ռ. Գրիգորյանը պատմեցին, թե տաքսու վարորդներ են, հարեւաններ են, ապրում են Սարի թաղում: Մարտի լույս երկուսի գիշերը ժամը 2-ից հետո բակում գարեջուր են խմել ու նարդի խաղացել, հետո ծխախոտը վերջացել է, որոշել են դուրս գալ` «բաց բուդկա գտնել»: «Մեզի կանգնացրեցին 3 ջահել, ասինք` գնում ենք Բութանիայի կողմերը, ասին` մեզ էլ ձեր հետ տարեք: Անծանոթ էին: Նստել են, 50 մետր շարժվել ենք, ու մեքենան կանգնացրեցին: Ինձի մեքենայով կանգնացրեցին եւ գողության կասկածանքով բերեցին Ֆրանսիական դեսպանատան պատի տակ, 20-25 րոպե պահեցին, մինչեւ կենտրոնի բաժնից եկան մեզի տարան»,- պատմում էր Ռոման Գրիգորյանը: Նա նաեւ ասաց, որ պատի վրա դյուրավառ հեղուկով շշեր է տեսել, եւ որ պատի վրայի մուգ բծերը այդ հեղուկից մնացած հետքերն են եղել: «Մի սալդատ կոկա-կոլա էր խմում, շիշը բերանից հանեց ու մեր վրա ցպնեց»,- ավելացրեց Ռոմանը: Նրա ասելով` պատի վրայի հետքերն առաջացել են դյուրավառ հեղուկից ու կոկա-կոլայից: Իսկ մյուս երիտասարդը` Տ. Կարախանյանը, պատմեց, որ ինքը Սովետաշենի հատուկ դպրոցի սան է, այդ գիշեր լսել է, որ Մաշտոցի պողոտայում խանութներ են թալանում, իջել է, որ ինքն էլ «օգտվի»: Ու խանութի դիմացի մայթից վերցրել է ընկած մի կոշիկ: Տիգրանը, որը կադրերում կանգնում է ոտքի` ձեռքում ինչ-որ ձող, ապա ոստիկանը բղավում է՝ «պպզի», վերջինս անվրդով հետեւում է հրահանգին, երեկ հանձնաժողովականներին պնդում էր, որ իրենք ոչինչ չէին արել, որպեսզի իրենց ծեծեին կամ իրենց վրա գոռային: «Լավ, մի ապտա՞կ էլ չտվեցին»,- հարցրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Ոչ»,- պատասխանեց երիտասարդը: Տիգրանը նաեւ այն երեք երիտասարդներից էր, ովքեր կանգնեցրել են Գարիկի ու Ռոմանի մեքենան եւ խնդրել են իրենց էլ վերցնել: Պատմեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ նրանց մոտ են բերել եւս 2 հոգու եւ բոլորին միասին տարել են Ոստիկանություն: Ընդ որում, հարցաքննվող 3 տղաներն էլ ասում էին, որ իրենք եղել են 7 հոգով, մինչդեռ քննիչ Վ. Հարությունյանը հատուկ շեշտեց, որ վեցն են եղել: Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ է սխալ ասում` քննի՞չը, թե՞ տղաները: Ավելացնենք, որ տղաների պատմածների մեջ տարօրինակ էր նաեւ այն դրվագը, թե մարտի 1-ի ցուրտ գիշերը ինչպե՞ս է հնարավոր դրսում գարեջուր խմել ու նարդի խաղալ: «Հա, ի՞նչ կա որ… Ես որ ծարավում եմ` գարեջուր եմ խմում: Մարդ կա՝ տանը սկի հաց էլ չի ուտում, դրսում է ուտում»,- մեզ ասաց Գ. Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի գիշերը սպանված Սուրեն Հարությունյանի ծնողները պնդում էին, որ իրենց որդուն սպանել են այդ պատի մոտ: Նրանք հեռուստացույցով տեսել էին, որ այդ պատի մոտ է եղել նաեւ իրենց տղան, ով հաջորդ կադրում արդեն ընկած է եղել: «Այդ դրվագը ներկայացվել է Սուրեն Հովհաննիսյանի ծնողներին: Հասկանում եմ ծնողին, այդ մարդը չկարողացավ ընդունել, որ որդին այդտեղ չի եղել: Ես ասում եմ, որ ձեր ասած անձը չի եղել եւ չէր էլ կարող այնտեղ լինել: Ս. Հարությունյանի մահվան հանգամանքները, ինչ պարզվել է, ներկայացվել են եւ հանձնաժողովին»,- ասաց քննիչ Վ.Հարությունյանը: Եվ այն, որ տղաներն ասում էին, թե իրենք յոթն են եղել, իսկ Վ. Հարությունյանն էլ իր հերթին պնդում էր, թե վեցն են եղել, չի բացառվում, որ յոթերորդը հենց սպանված Ս. Հարությունյանն է եղել:
Քննվող հաջորդ հարցը վերաբերում էր Մարտի 1-ի դեպքերի գիշերային այն կադրերին, որտեղ լերդացած արյան մեջ երեւում էին մարդկային մարմնի տարբեր մասեր: Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը հայտարարեց, թե դրանք մարդու մարմնի մասեր չեն: «Ծնոտը եղել է խոճկորի, իսկ լեզուն կամ հորթի է, կամ էլ ոչխարի»,- հայտարարեց Շ. Վարդանյանը: Ի դեպ, այդ կադրերը դեռեւս մարտ ամսից տեղադրված էին ինտերնետային կայքերում, սակայն փորձաքննության առարկա են դարձել միայն ընդդիմության հրապարակած տեսանյութից հետո: Կադրերը նկարահանել է «Ա1+»-ի օպերատորը, եւ տեսանյութի բնօրինակի շարունակության մեջ քաղաքացիներն ասում են. «Նկարի, նկարի, ջուրը լցրին, ջուրը լցրին, որ մաքրվի արյունները, նկարի, ես դրանց…»: Կադրում ջրցան մեքենան դեպքի արյունոտ վայրը ջրում է, լվանում հետքերը:
Քննարկվեց նաեւ այն տեսարանը, որտեղ Ոստիկանության փշալարի «Ուազ» մեքենան վրաերթի է ենթարկում մի ցուցարարի: Վ. Հարությունյանը հայտարարեց, որ այդ պահին մեքենայի վարորդը ոստիկանը չի եղել: Նա ասաց, որ ցուցարարներից մեկը փախցրել է մեքենան, որը վրաերթից հետո իջել ու փախել է: Իսկ մեքենային կցված ոստիկանն ալիբի ունի, որ ցուցարարների հարձակումից իջել ու փախել է: «Վրաերթի ենթարկվողը Գեւորգ Թեւանյանն է, Արարատի մարզ, գյուղ Մարմարաշեն` 1981թ.: Հիվանդանոց է տարվել 23:45-ին, դեպքը տեղի է ունեցել դրանից կես կամ 1 ժամ առաջ: Գ. Թեւանյանը հարցաքննվել է մարտի 8-ին, ճանաչվել է տուժող: Ինչպես Թեւանյանի, այդպես էլ այդ գործով կատարված հարցաքննություններով, վկաների ցուցմունքներով պարզվել է, որ վրաերթից հետո մեքենայից իջել է քաղաքացիական հագուստով մի մարդ ու փախել է»,- ասաց Վ. Հարությունյանը:
Ուշադրության է արժանի այն, որ վրաերթի ենթարկվածի մասին անմիջապես իմացել է Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ Դատախազությունը երկար ժամանակ հերքում էր այդ փաստը: «Ես ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է, որ «Ուազ» մեքենան բոլոր անիվներով անցնի մարդու վրայով, ու այդ մարդը կենդանի մնա»,- հարցրեց Սամվել Նիկոյանը: «Ես կարող եմ այլ օրինակներ էլ բերել` կարող է 9-րդ հարկից էլ ընկնի, 7 կմ-ից օդաչուն ընկնի ու կենդանի մնա: Գնդակը կարող է բացի գլուխը` մարդը կարող է կենդանի մնա: Բժշկության մեջ չկան ստանդարտներ: Յուրաքանչյուր անձ յուրովի է ընդունում դեպքը: Ուրիշ բան էլ ասեմ: Մարդը կարող է սեփական հասակից ընկնի ու մահանա»,- հակադարձեց Շ. Վարդանյանը: Քննիչ Վ. Հարությունյանն էլ ավելացրեց, որ մինչեւ հիմա չեն գտել վրաերթի ենթարկողին: