Մոտ 2 շաբաթ առաջ մեր հրապարակումներից մեկում նշել էինք, որ ամերիկացի կոնգրեսմեն Բրեդ Շերմանը կոնգրեսի լսումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը կրել է 680 միլիոն դոլարի վնաս։ Իհարկե, սա շատ լուրջ թիվ է մեր նման փոքր երկրի համար, եւ եթե դա ճիշտ էր, ապա անհասկանալի էին թվում իշխանությունների պնդումները, թե խուճապի կարիք չկա, ամեն ինչ նորմալ է, եւ այլն։ Երկար ժամանակ հայաստանյան պաշտոնյաներից ոչ ոք չէր անդրադառնում այդ թվին՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով այն։ Սակայն սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսի հետ հանդիպման ժամանակ այդ թիվն անուղղակիորեն հաստատվել է։ Կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետեւանքների, Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության, վրաստանյան հայտնի իրադարձությունների հետեւանքով Հայաստանի կրած շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնասի վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ՝ արտահանման, ներմուծման հետ կապված, մեր երկրի ներկայիս տրանսպորտային դժվարություններին ու դրանց հաղթահարման ուղղությամբ Նիդեռլանդների Թագավորության եւ շահագրգիռ այլ երկրների ու կազմակերպությունների հնարավոր աջակցությանը»: Հաղորդագրության մեջ, ցավոք, չի նշվում՝ ո՞վ է հնչեցրել այդ գնահատականը՝ դեսպա՞նը, թե՞ վարչապետը։ Առիթից օգտվելով՝ կխնդրեինք վարչապետին հստակեցնել` որտեղի՞ց է ստացվել այդ 700 միլիոն թիվը, ի՞նչ գնահատումների հիման վրա եւ կոնկրետ ի՞նչ ձեւով է արտահայտվում Հայաստանի տնտեսության կրած վնասը։ Այլապես մնում է ենթադրել, որ մեր պաշտոնյաները սեփական երկրի տնտեսության մասին խոսելիս՝ հիմնվում են օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց ասածների հիման վրա, միայն թե արտասահմանցիների հետ հանդիպումների ժամանակ խոսելու թեմա ունենան։