Հայը

28/09/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Դժվար է առարկել Ամերիկայի հայկական գաղթօջախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես այն հատվածին, ուր նա շեշտում էր, թե հայերին այսօր անհրաժեշտ է միասնականություն, որ հայը հայ է՝ անկախ իր լեզվական, կրոնական, քաղաքական, գաղափարական նախապատվություններից: Նա, ի թիվս բազում ճշմարտությունների, նաեւ շեշտեց, թե Սփյուռքն ուծացման վտանգի առաջ է, եւ ոչ թե Հայաստանը պետք է օժանդակություն ակնկալի Սփյուռքից, այլ Սփյուռքի խնդիրների լուծման լավագույն տարբերակը զարգացման հեռանկար ունեցող Հայաստանն է: ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների միջեւ հայտնի անջրպետին, որն է` ցեղասպանությունը: Նշեց, թե պետք է օգնել Թուրքիայի հասարակությանը՝ գիտակցաբար մոտենալ իրենց պատմությանը, եւ որ Թուրքիայի հասարակությունը դրան, կարծես, պատրաստ է:

Հրաշալի խոսքեր են, եթե միայն դրանք տեսականից իջնեին գործնական դաշտ: Նախ՝ Սփյուռքի ձուլման մասին: Սփյուռքը ոչ միայն ուծացման վտանգի առաջ է, այլեւ մենք արդեն կորցրել ենք հայերենով մտածող, իրենց հայկական արմատներն ընդունող մեր հայրենակիցների զգալի մասին: Սփյուռքահայերը երբեք Հայաստանը չեն ընկալում որպես ներգաղթի համար հարմար մշտական բնակության վայր, քանի որ մի քանի ամսով Հայաստանում՝ որպես զբոսաշրջիկ ապրելով, այդ մտքից հրաժարվում են անդառնալիորեն: Սփյուռքը ձուլումից փրկելու միակ եւ խիստ ժամանակավոր լուծումը, որը կարող էր առաջարկել եւ իրականացնել Մայր հայրենիքը, Սփյուռքը «կենդանի» հումքով ապահովելն է. ամեն տարի աշխարհի բոլոր գաղթօջախները հարստանում են Հայաստանից ներգաղթած հայերով: Ինչ վերաբերում է լեզվին, ապա հայերենին տիրապետողները, հայերենով մտածողները հատկապես Սփյուռքում ժամ առ ժամ քչանում են: Կիրակնօրյա հայկական վարժարանները հայոց լեզվի լուրջ բազա համարելը խիստ վիճարկելի է, իսկ եթե հաշվի առնենք նաեւ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի ուղղագրության, քերականական կանոնների տարբերությունները, Սփյուռքի մեր հայրենակիցներից դժվար է պահանջել մի քիչ էլ դիմանալ եւ չձուլվել: Ի դեպ, հայերենի պահպանման խնդիրը միայն Սփյուռքում չէ, որ ակտուալ է: Հայաստանում տանելի հայերենով բանավոր, գրագետ խոսող մարդկանց թիվը կատաստրոֆիկ քիչ է, առանց ուղղագրական ու կետադրական սխալների հրաման կամ որեւէ տեքստ գրող չինովնիկ գտնելն՝ անհնար: Այսինքն՝ հայերենի պահպանումը բուն Հայաստանում նույնիսկ ավելի էական է, քանի որ եթե սփյուռքահայերն իրենց մայրենի լեզուն փոխարինում են արաբերենով, անգլերենով կամ այլ լեզվով, հայաստանցիները խոսում են արգոյի եւ «վերվարածային» անհասկանալի խառնուրդով:

Որպես Սփյուռքի եւ Մայր հայրենիքի միասնականության կարեւոր էլեմենտ՝ նշվեց հայաստանցիների եւ սփյուռքահայերի փոխշահավետ համագործակցությունը հայրենիքում: Հայաստանում բիզնեսով զբաղվելու սփյուռքահայերի դառը եւ վերջնականորեն ձախողված փորձի մասին մանրամասն կարող են պատմել հատկապես Մաքսային եւ Հարկային ծառայությունում:

ՀՀ նախագահի հաջորդ պնդումը, թե հայը հայ է՝ անկախ իր գաղափարական եւ քաղաքական հայացքներից, ոսկե խոսքեր են, սակայն հայաստանյան իրականությունը հուշում է հակառակը: Գաղափարական տարաձայնությունները բավական սուր են ընկալվում, եւ հայաստանյան իշխանություններն այնքան էլ պատրաստ չեն հանդուրժել այն մարդկանց ազատ կեցությունը, ովքեր իրենց ընտրելու ցանկություն չեն ցուցաբերել: Մարտի մեկին, եթե չենք սխալվում, ազգությամբ հա՛յ ոստիկաններն էին մահակներով հարձակվել ազգությամբ հայ քաղաքացիների վրա, կարծես թե հայերի՛ ձեռքով մարտի մեկի գիշերը սպանվեց 10 անմեղ հայ, հարյուրավորները վիրավորվեցին: Քաղաքական մեղադրանքներով բանտերում արդեն յոթ ամիս պահվող մարդիկ ազգությամբ ամենեւին էլ գագաուզ չեն: Եվ նրանց դատող դատավորներն էլ, ի դեպ, հայեր են: Վկաները, ովքեր կեղծ ցուցմունքներ են տալիս, եւս ազգությամբ թուրք, քուրդ կամ եզդի չեն: Հայ են: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում հանդուրժողական լինել սեփակա՛ն երկրում, սեփակա՛ն քաղաքացիների հանդեպ:

Հատկապես, եթե նման հանդուրժողականություն հնարավոր է թուրքերի եւ հայերի միջեւ: Թուրքերի հանդեպ հանդուրժող լինելն, իմիջիայլոց, գուցեեւ հնարավոր է, սակայն մեծ դժվարությամբ՝ հաշվի առնելով, որ թուրք ժողովուրդը ոչնչացրել է միլիոնավոր մեր ազգակիցներին: Այսինքն՝ եթե հաշվի առնելով կյանքի շարունակության, ապագայի, հարեւանության եւ այլ կարգի գաղափարները, հնարավոր է հաշտվել թուրքերի հետ, ինչո՞ւ չի կարելի հաշտվել նաեւ սեփական ժողովրդի մի մասի հանդեպ: Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ ընդդիմությունը չէ, այն քաղբանտարկյալները չեն, ովքեր ստիպված են լինելու ինչ-որ մեկի անհասկանալի փոքրոգության պատճառով իրենց տարիները մեկուսարաններում անցկացնել: Խնդիրն այն անհավասարության, անարդարության, անբարոյականության, անպատժելիության օրինակներն են, որոնք տեսնում ենք իշխանական վերնախավում եւ որոնք, կպնդի ցանկացած հայ, երբեք չեն կարող նպաստել այն ցանկալի միասնականությանը, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը:

Այդ խոսքերը լսող սփյուռքահայերը կարող են եւ արտասվել, սակայն հայաստանցին կարող է որոշել դրանց անկեղծության աստիճանը՝ դատելով ներքաղաքական իրավիճակից: Հայկական կողմից հնչող պատրաստակամությունը, թե մենք ամեն բան կանենք, կօգնենք, որ թուրքերն ավելի թեթեւ եւ ոչ բարդույթավորված մոտենան իրենց անցյալի էջերին, խիստ արդիական է նաեւ հայ քաղաքական գործիչների համար: Հնարավոր է գիտակցել եւ այլեւս չկրկնե՞լ սեփական սխալները: Ասենք՝ կոռումպացված դատավորը, դատախազը, բարձրաստիճան պաշտոնյան՝ առանց բարդույթավորվելու կարո՞ղ է թերթել իր կյանքի պատմության էջերը, հասկանալ կատարած սխալները եւ փորձել այլեւս չանել: Չե՛ն կարող: Անցյալը վերանայել՝ նշանակում է՝ ինչ-որ ձեւով պարտավորվել չկրկնել հին սխալները: Սակայն խնդիրն այն է, որ իշխանություն, հարստություն, պաշտոն մարդիկ ունենում են՝ շնորհիվ սխալների: Հետեւաբար այդ սխալները չկրկնելը լուրջ դժվարություն է, համարյա՝ անհնար: Ստացվում է՝ իրականությունն այն է, որ հայը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, դավանանքից, լեզվից, մշակույթից, ճիշտ է, հայ է, սակայն նա կարող է հալածել, նվաստացնել, խաբել մյուս հային: Իսկ այս գործողությունները կատարելիս խաբվողի, հալածվողի ազգային պատկանելությունն անգամ էական էլ չէ: