«Ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ չունենք»

28/09/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը սկսեց իր նոր` արդեն չորրորդ ուսումնական տարին: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը Հայաստանում բացվել է 2005թ., Եվրախորհրդի Վարշավյան գագաթաժողովից հետո:

ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի հավաստմամբ, դպրոցում սովորում են ամենատարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ` եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության ներկայացուցիչներ: Մինչ այժմ սա Հայաստանում այն եզակի ծրագրերից է, որ հնարավորություն է ընձեռում քաղաքական գործիչներին եւ երիտասարդ քաղաքագետներին շփվել միմյանց հետ: ՔԴԵԴ շրջանավարտներ են ԱԺ պատգամավորներ` Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, բազմաթիվ փոխնախարարներ եւ շատ այլ պաշտոնատար անձինք: «Դպրոցում սեմինարները վերածվում են երիտասարդական յուրօրինակ ֆորումների, չնայած մասնակիցները տարբեր շերտերից են: Մեր դասընթացներին հատկացված ժամանակը մշտապես քիչ է: Իսկ մի անգամ մեր շրջանավարտներից մեկը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է, ինձ ասաց, որ չի ուզում ավարտել եւ ուզում է մնալ նույն դասարանում»,- նշեց Ա. Զաքարյանը:

Դասընթացներին դասախոսություններով մշտապես հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երեկ նա եւս ներկա էր ՔԴԵԴ-ի նոր ուսումնական տարվա բացմանը, իսկ հոկտեմբերին Տ. Սարգսյանը դասախոսություններ կկարդա նաեւ այս տարվա ուսանողների համար: «Այս դասընթացները չգիտեմ ինչ են տալիս լսարանին, ինձ հաստատ շատ բան են տալիս, քանի որ այն թեմաները, որոնք ես ներկայացնում եմ այս դասախոսությունների ընթացքում, չափազանց հետաքրքիր են, իսկ այդ ամենի մշակումը, հետո նաեւ՝ դրանց վերաբերյալ քննարկումները երիտասարդների հետ, բնականաբար, մշտապես հետաքրքիր են նաեւ ինձ համար»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա նաեւ հիշեց իր առաջին դասախոսությունը, որի թեման եղել է` 21-րդ դարի մարտահրավերներն ու մեր երկրում դրանցից բխող առաջնահերթ խնդիրները: Հիշեց իր մի քանի դասախոսությունները եւս` մասնավորապես, ինչպես իրականացնել հեղափոխություն, եւ որոնք են հայկական աշխարհի առանձնահատկությունները: Իսկ հոկտեմբերին վարչապետը դասախոսություն կկարդա հայկական իդենտիֆիկացիայի եւ եվրոպական արժեքների մասին: Այս դպրոցն, ըստ Տ. Սարգսյանի` կարեւոր է նրանով, որ մեր կրթական համակարգը փոփոխությունների կարիք ունի: Տ. Սարգսյանի հավաստմամբ` պետք է փոխվի նաեւ այն մտայնությունը, որ առաջնահերթ է ոչ թե գիտելիքի տրամադրումը, այլ ինքնուրույն մտածողության դաստիարակումը:

«21-րդ դարում հիմնական եւ ամենաթանկ ռեսուրսը մարդկային ինտելեկտն է եւ ինքնուրույն մտածողությունը: Եթե հետամնաց երկրները զբաղվում են հումքի վերամշակմամբ, ապա զարգացած երկրներն արտադրում են գիտելիք: Ցավում եմ, որ այսօր Հայաստանը չունի ինքնուրույն մտածողություն ունեցող մեծ կարողություններ, եւ այս շրջանակը շատ նեղ է, ինչն էլ խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը: Ասում եմ, որ այս ասպարեզը նեղ է, քանի որ հստակ տեսնում ենք, որ մեր ԶԼՄ-ները, քաղաքական մեկնաբանները հաճախ դառնում են ստերեոտիպերի զոհ, ինչը չափազանց վտանգավոր է: Նրանք այդ ստերեոտիպերը տարածում են նաեւ մարդկանց մեջ, ինչը սխալ է: Նման միջավայրի տիպիկ օրինակն է, որ դասախոսություններ կարդալն անիմաստ է, եւ ավելի լավ է զարգացում ապահովել` առանց գիտակցելու, որ զարգացման հիմքում գիտելիքներն են եւ ինտելեկտը»,- նշեց Տ. Սարգսյանը, ում բոլոր դասախոսությունները տեղադրված են Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում: Իսկ ՔԴԵԴ խորհրդի անդամ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, այս դպրոցը պատրաստում է նոր վերնախավ, նոր էլիտա, որն, ըստ նրա, Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է. «Ձեւավորվում է նոր երիտասարդություն, որը ժամանակի ընթացքում մեծ դերակատարություն է ունենալու մեր կյանքի բոլոր ոլորտներում: Նրանք ինչ-որ չափով այս դպրոցից հետո միավորվում են ընդհանուր արժեքային համակարգի շուրջ»,- ասաց Շ. Քոչարյանը: