Մկրտարան` նախկին վարչապետի հովանավորությամբ

28/09/2008

Էջմիածնում երեկ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ օծվեց Մայր տաճարի հարեւանությամբ կառուցված Սբ. Վարդան եւ Սբ. Հովհաննես-Մկրտիչ մատուռ մկրտարանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2006թ. մայիսի 22-ին: Մատուռի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը: Այն կառուցվել է լոնդոնաբնակ գործարար, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի միջոցներով: Մատուռի օծման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Սուրբ Էջմիածնի բարերարներ, Հայ Առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արարողությունից հետո Վեհափառն Ա. Սարգսյանին պարգեւատրեց Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: «Իմ եւ իմ ընտանիքի համար մեծ պատիվ է` այս փոքր ներդրումը բերելու մեր վերածնված ժողովրդի հոգեւոր վերածնության գործին, քանի որ ես հավատում եմ, որ մեր քաղաքական, ռազմական եւ տնտեսական ապագան լինելու է հոգեւոր ուժի ներքո»,- ասաց Արմեն Սարգսյանը: Շքանշանի շնորհումը նա անսպասելի համարեց եւ նշեց, որ այն ընդունում է` որպես իր ընտանիքի ապագա աշխատանքների նախանշան: