«Եկել է խնդիրները լուծելու ժամանակը»

28/09/2008

«Հարավային Կովկասում կրկին արյուն հոսեց, եւ կրկին անմեղ մարդիկ զոհվեցին հակամարտությունները խաղաղ կարգավորելու մեր` ղեկավարներիս անունակության պատճառով: Հաշված ժամերի ընթացքում ծավալվեց զինված այնպիսի հակամարտություն, որը բարդ իրավիճակ ստեղծեց ոչ միայն ողջ տարածաշրջանի համար, այլեւ նրանից դուրս»,- նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով շրջանառվող «սառը պատերազմ» արտահայտությանը, Ս. Սարգսյանն ասել է, թե ՄԱԿ-ի նստաշրջանի հիմնական խնդիրը պետք է դառնա իրադարձությունների նմանօրինակ զարգացումը միանշանակորեն բացառելու միասնական պահանջը: «Նախորդ «սառը պատերազմի» հիշողությունները շատ թարմ են, իսկ հետեւանքները դեռ վերացված չեն: Կարծում եմ, այդ ուղղությամբ մեր հիմնական անելիքը պետք է լինի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության նոր, հուսալի եւ գործնականում կենսունակ համակարգի ստեղծումը: Մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները վերջին տասնամյակներում այնպիսի վերակերպում են ապրել, որ այլեւս անհնար է դրանց արձագանքել միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտին ձեւավորված կառույցների միջոցով: Հորիզոնական, ցանցային բնույթի այսօրվա մարտահրավերներին` ահաբեկչությանը, միջազգային հանցավորությանը, թմրանյութերի շրջանառությանը եւ մյուսներին մենք շարունակում ենք գերազանցապես արձագանքել այնպիսի ինստիտուտների միջոցով, որոնք հիմնականում կոչված են պետությունների միջեւ ի հայտ եկող տարաձայնությունների հարթեցմանը»,- հայտարարել է նա` հավելելով, թե այդ նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հիմնական ձեւերից մեկը տարածաշրջանային համագործակցությունն է, ինչը Հայաստանը մշտապես խրախուսել է: «Եվ մենք համոզված ենք նաեւ, որ համագործակցությունը պետությունների միջեւ առկա խնդիրների լուծման լավագույն միջոցն է: Դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, խաչաձեւվող հաղորդակցման ուղիներ, փոխկապակցված տնտեսական համակարգեր: ՄԱԿ-ն առաջիններից էր, որ արձագանքեց սննդամթերքի եւ վառելիքի գնաճով պայմանավորված ներկա գլոբալ խնդիրներին: Սա իսկապես իրական սպառնալիք է աշխարհի բոլոր երկրների համար: Աղքատ պետությունների համար դրանք ունենում են ուղղակի աղետալի հետեւանքներ: Ցավոք, նման պայմաններում մենք շարունակում ենք պետությունների կողմից սահմանների միակողմանի արգելափակման ականատեսը լինել»,- ընդգծել է Ս. Սարգսյանը:

Ըստ Ս. Սարգսյանի` այս գլոբալ մարտահրավերների պայմաններում պետությունները պետք է համատեղեն իրենց ուժերը` խնդրի հետագա խորացումից խուսափելու եւ կայուն զարգացման օրակարգն իրագործելու ուղղությամբ, քանի որ, ինչպես նշեց Ս. Սարգսյանը` «մենք կվտանգենք Հազարամյակի զարգացման նպատակների ձեռքբերմանն ուղղված մեր միասնական ջանքերը»: «Հարեւան պետությունների միջեւ միշտ եղել են եւ կարող են լինել խնդիրներ: Եվ այդ խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե չլինի երկխոսություն: Այդ գիտակցմամբ ես, օգտվելով Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման առիթից, հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան: Ինձ ուրախացրեց հրավերն ընդունելու նախագահ Գյուլի համարձակ քայլը, որով նա դարձավ «ֆուտբոլային դիվանագիտության» իմ առաջարկի համահեղինակը: Մենք քննարկեցինք երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության բազմաթիվ հարցեր: Ամենակարեւորն այն է, որ համաձայնեցինք առկա խնդիրները չթողնել գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Ս. Սարգսյանն ընդգծել է, թե վերջին իրադարձությունները ցնցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանը` բերելով այն միջազգային լրատվության ուշադրության կենտրոն: «Կարծում եմ` դրանք պարունակում էին լուրջ դասեր բոլորիս համար: Կանգ առնեմ դրանցից միայն երկուսի վրա: Առաջին. մենք` ՄԱԿ-ի անդամ-պետություններս, պետք է խստորեն հետեւենք ՄԱԿ-ի կանոնադրության տառին եւ ոգուն: Եթե որեւէ երկիր կարճ ժամանակում մի քանի անգամ մեծացնում է իր ռազմական բյուջեն եւ հպարտանում դրանով, եթե խախտվում են միջազգային պայմանագրերով ամրագրված սպառազինությունների սահմանաչափերը, եւ դա արվում է բացեիբաց, եթե մի երկիր, որը կնքել է զինադադար, ինչը միջազգային իրավական պարտավորություն է, բայց ամեն առիթով սպառնում է վերսկսել պատերազմը, ապա դա պետք է արագ ու հստակ արձագանք ստանա: Կանխարգելումը միշտ գերադասելի է բուժումից, եւ ցանկալի է հնարավոր ռազմական գործողությունները կանխել դրանց ծրագրավորման փուլում: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ գործող զինադադարի խախտումը կամ խախտման սպառնալիքն ինքնին ագրեսիայի բաղադրիչներ է պարունակում: Երկրորդ. հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: Մեր ժամանակներում ժողովուրդների համար ինքնորոշման մասին խոսելն անգամ «ինքնասպանությանը» հավասարազոր է դարձել: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ: Վստահ եմ, որ այդպես շարունակել այլեւս չի կարելի: Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Բայց նաեւ տեսնում ենք, որ ավելի ու ավելի հաճախ հենց դա է դառնում առկա հակամարտությունների կարգավորման ելքը: Մինչդեռ, երբ ժողովուրդն, այնուամենայնիվ, հասնում է անքակտելի իր իրավունքի իրականացմանը, բոլորը միաձայն սկսում են տվյալ դեպքը «բացառություն» կոչել: Սա արդեն մեզանում, կարծես, դառնում է օրինաչափություն: Իհա՛րկե, արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը: Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք ակտիվ բանակցություններն Ադրբեջանի հետ` ձգտելով հասնել այդ երկրի կողմից գրեթե երկու տասնամյակ փաստացի անկախ պետության կարգավիճակով ապրող ԼՂՀ ճանաչմանը: Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած ԼՂ ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ ԼՂ հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենն ինքնավար մարզ էր, որը չուներ ո՛չ կանոնավոր բանակ, ո՛չ զենք ու զինամթերք, ո՛չ Ադրբեջանի տարածքներ գրավելու ցանկություն եւ ո՛չ էլ այդպիսի կարողություն: Համարում եմ, որ առնվազն արդար չէ այդպիսի պատերազմում իր գոյության իրավունքը պաշտպանած ժողովրդին «օկուպանտ» անվանել: Այնինչ, Ադրբեջանը դա է անում` օգտագործելով նաեւ այս բարձր ամբիոնը: Իմ երկրում պատանիներն ու աղջիկները դեռ դպրոցական նստարանից գիտեն՝ ինչ բան է Միավորված Ազգերի Կազմակերպություն: Այդ երեխաները` իմ երկրի եւ երկիր մոլորակի վաղվա առաջնորդները, միգուցե դեռ խորը պատկերացումներ չունեն ՄԱԿ-ի կանոնադրության մասին, բայց նրանք գիտեն, որ կազմակերպությունը ստեղծվել է մարդկության խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու, ազգերի միջեւ բարեկամություն սերմանելու, համագործակցաբար միջազգային խնդիրները լուծելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու նպատակով: Իմ երկրի դպրոցականները հավատ ունեն ՄԱԿ-ի հանդեպ, քանի որ նրանց պատկերացմամբ՝ դա նախ եւ առաջ մի շենք է, որի դիմաց կապված փողով ատրճանակի արձան է դրված: Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս, քվեարկության մասնակցած 146 երկրներից ընդամենը 39-ի «կողմ» ձայնով մի բանաձեւ ընդունվեց, որը որոշակի առնչություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ: Խորը արմատներ ունեցող, ցավալի եւ արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված մեծածավալ ջանքեր ստացած, բարդ եւ զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ եւ շատ կանխատեսելի էր` պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ` քաղաքական շահարկումներում, եւ այլն: Բայց մի՞թե իրականում այս որոշումը արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարաբնույթ միջազգային որակումներն են, այլ խաղաղ եւ համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այնպես, ինչպես եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի շահն է դա: Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, եւ, կարծում եմ, որ հենց այդ գիտակցությամբ էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 4/5-ը չպաշտպանեց բանաձեւը: Տեսե՛ք, ինչպես քվեարկեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը` ԼՂ հիմնախնդրի եւ նրա հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ, թերեւս, ամենատեղեկացված երկրները:

Մի՞թե անպայման էլի արյուն պիտի հոսի` հասկանալու համար, որ սառեցված հակամարտությունները մասնագիտական եւ իրազեկ վերաբերմունքի կարիք են զգում, եւ որ դրանք չեն կարող հանգուցալուծվել տարբեր համաժողովներում քվեարկություններ կազմակերպելով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք կարգավորման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար, մի՞թե բոլորիս նպատակը չէ, որ հայ եւ ադրբեջանցի մանուկների համար էլ տարածաշրջանում հառնի կապված փողով ատրճանակի խորհրդանշական արձանը: Հավատացնում եմ ձեզ` այդ մանուկներն արժանի են դրան: Այս տարի մենք նշելու ենք միջազգային իրավունքի տեսանկյունից մարդկության համար նշանակալից երկու իրադարձությունների` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակները: Մեզ` հայերիս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար սրանք առավել քան կարեւոր հոբելյաններ են: Հայաստանը արել եւ անելու է ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետեւողական իրագործմանը: Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ»: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ապա, ըստ Ս. Սարգսյանի` «մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, դեռ կարեւոր ճանապարհ ունի անցնելու` մարդու իրավունքների ողջ համալիրի արդյունավետ ապահովումը երաշխավորելու համար»: «Մենք այդ ճանապարհին փորձում ենք սովորել հարուստ փորձ ունեցող երկրներից եւ չկրկնել ուրիշների սխալները: Այդ դասերը միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց մենք համոզված ենք, որ մեր նման երկրի համար դա կայուն զարգացման հիմնական գրավականն է:

Միեւնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ արագ փոփոխվող իրականության պայմաններում, գիտության առաջխաղացմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, մարդու իրավունքների պաշտպանության եւ պետությունների կողմից այդ պարտականության կատարման գործընթացի հսկման ընթացակարգերը լուրջ վերանայման կարիք ունեն»,- իր ելույթում հայտարարել է Ս. Սարգսյանը: