Կոսովոն՝ որպես ապացույց

28/09/2008

Սեպտեմբերի 9-12-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակությունն այցելություն էր կազմակերպել Կոսովոյի Հանրապետություն արտասահմանյան լրագրողների համար, որոնց թվում էր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Ստորեւ ներկայացնում ենք լրագրողի տպավորությունները նորանկախ հանրապետությունից:

Դեռեւս մեկնելուց առաջ իմ առջեւ խնդիր էի դրել՝ հասկանալ, որն է այն տարբերությունը, որ դարձնում է Կոսովոյի խնդիրը ունիկալ, բոլոր մնացած «սառեցված հակամարտություններից» տարբերվող, ինչպես մեզ հետ հանդիպումներում նշում էին ամերիկյան եւ եվրոպական քաղաքագետները: Անկեղծ ասեմ` այդպես էլ չհասկացա: Ավելին, ղարաբաղյան խնդրին նմանությունն ակնհայտ է. կոսովարները նույն ալբանացիք են, որոնք փաստորեն ստեղծել են երկրորդ ալբանական պետությունը: Նույն արդյունքին ձգտում է Լեռնային Ղարաբաղը: Մյուս նմանությունների մասին նույնպես կարելի է խոսել` լեռնային տեղանք, մարդիկ, եղանակը: Սակայն մեկ տարբերություն, անշուշտ, ակնհայտ է. ԼՂՀ-ն չունի այնպիսի հզոր միջազգային հովանավորներ, ինչպիսիք ունի Կոսովոն: Իրենք` կոսովարները կատակով ասում են, որ եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պաշտոնաթող լինելուց հետո ցանկություն հայտնի դառնալ Կոսովոյի նախագահ, իրենք հաճույքով նրան կընտրեն: Պետք է ասել, որ ԱՄՆ-ի եւ Ջորջ Բուշի վարկանիշն այստեղ ավելի բարձր է, քան մնացած աշխարհում: Եվ այստեղ զարմանալու բան չկա. առաջին հերթին հենց ամերիկացիների շնորհիվ Կոսովոյի անկախությունն իրականություն դարձավ, եւ այսօր այդ երկիրն արդեն ճանաչել են 46 պետություններ: Կոսովոյի լրագրողների ասոցիացիայում տեղացի լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում մեր զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ վաղ թե ուշ բոլոր երկրները կճանաչեն իրենց երկիրը, եւ այն կդառնա նաեւ միջազգային կազմակերպությունների անդամ: Գերագույն նպատակ այս պահին համարվում է Եվրամիությանն անդամակցելը: Անկեղծ ասած, ես առայժմ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Կոսովոն մտադիր ԵՄ անդամ դառնալ, որեւէ նախադրյալ դրա համար դեռ չկա: Երկիրը բավական աղքատ է բնական ռեսուրսների տեսակետից, օրհասական են խմելու ջրի եւ էլեկտրաէներգիայի խնդիրները, բարձր տոկոս է կազմում գործազրկությունը, բազում կոսովարներ մեկնում են արտագնա աշխատանքների, ճանապարհները բավականին վատ վիճակում են, չափազանց բարձր է հանցավորության մակարդակը, հատկապես` կազմակերպված: Մյուս կողմից, դրական հանգամանք կարող է դիտարկվել այն, որ, ըստ վիճակագրության, բնակչության 75 տոկոսը մինչեւ 25 տարեկան է, այսինքն` մի քանի տարուց աշխատունակ բնակչության թիվը կեռապատկվի: Այս թիվն ինձ իսկապես շշմեցրեց, սակայն ճշմարտությունն այն է, որ Պրիշտինայում տարեց մարդ իսկապես հազվադեպ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր ընտանիքում 7-8 երեխա է ծնվում, իսկ գյուղերում` նույնիսկ 10-12: Ընդհանրապես, Կոսովոյի բնակչության մոտավոր թիվը 2 միլիոն է, իսկ տարածությունը` մոտ 3 հազար քառակուսի կիլոմետր, ինչը նշանակում է, որ երկիրը խիտ բնակեցված է: Հարկ է նշել նաեւ, որ բնակչության մոտ 10 տոկոսը սերբերն են, որոնք ապրում են մեկուսացված` անկլավներում: Սերբերի եւ ալբանացիների միջեւ կոնֆլիկտային միջադեպեր տեղի են ունենում մինչ օրս, վերջին մեծ միջադեպը մարտին էր` Կոսովոյի անկախության հռչակումից անմիջապես հետո, Միտրովիցա սերբաբնակ քաղաքում, որի բնակչությունը դեմ է Կոսովոյի կազմում լինելուն: Մի քանի զոհերի գնով ֆրանսիացի խաղաղապահներին հաջողվեց հանգստացնել իրավիճակը, սակայն փոխադարձ ատելությունն ակնհայտ է: Իմ իտալացի գործընկերը հարցրեց ալբանացի մի լրագրողի, թե ինչ կլինի, եթե որեւէ խանութում սերբերեն որեւէ բան հարցնի: Մի քանի վայրկյան մտածելուց հետո տեղացի լրագրողը պատասխանեց. «Ձեզ հաստատ չեն սպանի, բայց հավանաբար կխնդրեն դուրս գալ խանութից»: Որքան էլ զարմանալի է, սերբեր ապրում են նաեւ Կոսովոյի մայրաքաղաքում եւ մերձակայքում: Ավելին, Չագլավիցա կոչվող սերբաբնակ ավանում, որն ընդամենը 5 կմ հեռավորության վրա է Պրիշտինայից, գործում է սերբական KIM ռադիոկայանը, որը լսում են գրեթե ամբողջ Կոսովոյում: Կայանին կից գործում է նաեւ կոսովցի սերբերի ամսագիրը, որի պարբերականությունը կախված է ֆինանսական աղբյուրների հայթայթման հաջողությունից: Սերբերն ապրում են իրենց բնակարաններում` մեծ մասամբ ալբանացիների հարեւանությամբ: Ռադիոկայանի տնօրեն Ժիվոեն Ռոկոչեւիչը պատմեց մեզ, որ շատերը չեն դիմանում եւ մեկնում են Կոսովոյից այլ երկրներ, սակայն մի քանիսը որոշել են մնալ եւ պայքարել իրենց իրավունքների համար մինչեւ վերջ: Ինձ համար դա անհասկանալի էր, որովհետեւ դժվարությամբ կարող եմ պատկերացնել, որ Ստեփանակերտում այսօր ազերիներ ապրեին եւ իրենց ռադիոն ու ամսագիրն ունենային: Առավել զարմացա, երբ իմացա, որ միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո Կոսովոյի ալբանացիք վերականգնել են Սերբ Ուղղափառ բոլոր եկեղեցիները, որոնք ժամանակին հենց իրենք էլ քարուքանդ էին արել: Մյուս կողմից, որքան ես հասցրեցի նկատել, եկեղեցիների դռները փակ էին, ինչը նշանակում է, որ դրանք չեն գործում: Ի դեպ, չնայած Կոսովոյում այսօր բազում մզկիթներ կան, բայց իրենք` ալբանացիք իրենց «թեթեւ հավատացյալ» են անվանում: «Ամբողջ աշխարհում մեր պես մուսուլման չեք գտնի»,- պարծանքով ասում էր մեր կոսովար գործընկերը` նկատի ունենալով այն, որ եվրոպական արժեքներն իրենց շատ ավելի հոգեհարազատ են, քան մուսուլմանականները: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ որպես ազգային տարադրամ՝ Կոսովոյում օգտագործում են եվրոն: Ամսական միջին աշխատավարձը տատանվում է 350-400 եվրոյի սահմաններում, լրագրողների միջին աշխատավարձը մի փոքր բարձր է: Կոսովոն ունի ընդամենը երեք սեփական հեռուստակայան, սակայն բնակչությունը հնարավորություն ունի դիտելու նաեւ ալբանական, մակեդոնական, սերբական եւ թուրքական հեռուստաալիքները: Մայրաքաղաք Պրիշտինայում 8 օրաթերթ է տպվում, որոնց ընդհանուր տպաքանակը 25-30 հազար օրինակ է: Թերթերի էջերում գովազդ գրեթե չկա, փոխարենը շատ են շնորհավորական եւ ցավակցական ուղերձները:

Որքան էլ զարմանալի է, այս ամենով հանդերձ, անշարժ գույքի գները Կոսովոյում անհամեմատ բարձր են, քան Հայաստանում: Տան կառուցման համար նախատեսված հողակտորի գինը սկսում է 70-80 հազար եվրոյից: Մյուս կողմից՝ սննդամթերքը եւ հագուստեղենը բավականին էժան են եվրոպական միջին գների համեմատ: Մեր զրուցակիցները պնդում էին, որ դրա պատճառը մաքսանենգությունն է. չնայած KFOR-ի զորքերը վերահսկում են հիմնական ճանապարհները, դա չի խանգարում շատերին մաքսանենգ զարտուղի ճանապարհով ապրանք ներկրել երկիր: Ի դեպ, մաքսանենգությունը եւ հարկերի հավաքագրումը գործող վարչակարգի գլխավոր խնդիրներն են համարվում: Տարիներ շարունակ այդ խնդիրները փորձում էր լուծել ՄԱԿ-ը, սակայն տեղացի լրագրողները միանշանակ բացասական կարծիք ունեին Կոսովոյում այդ կառույցի աշխատանքի կապակցությամբ: Այսօր այստեղ հիմնական դերակատարումը Եվրոպական Միությանն է, եւ բոլորն անհամբեր սպասում են, որ ԵՄ-ի կողմից նշանակված պաշտոնյաների արդյունավետությունն ավելի մեծ կլինի: Միջազգային կառույցներն արգելել են Կոսովոյին սեփական զինված ուժեր ստեղծել, սահմանների եւ ներքին անվտանգությունն ապահովում են ՆԱՏՕ-ի 26 անդամ եւ 7 գործընկեր երկրները (այդ թվում՝ Հայաստանի խաղաղապահ բրիգադը), պարեկապահակային ծառայությունն էլ զինվորականներն իրականացնում են տեղի ոստիկանների հետ համատեղ: Այսօր զինվորականները հատկապես Պրիշտինայում անում են ամեն հնարավորը, որպեսզի աննկատ մնան: Երեկոյան ժամերին փողոցները մարդաշատ են, սրճարաններն ու ռեստորանները՝ լեփ-լեցուն, եւ երբեմն կասկած է առաջանում, որ դեռ մի քանի տարի առաջ այստեղ լուրջ արյունահեղություն է տեղի ունեցել: Ինչեւէ, իմ անձնական տպավորությունն այնպիսին է, որ Կոսովոն ոչ միայն նախադեպ է, այլեւ ապացույց, որ չճանաչված պետությունների ճանաչումը կարող է «սառեցված հակամարտությունների» միակ ճիշտ լուծումը լինել: Առավել եւս, որ Կոսովոն ինքն էլ ձգտում է նման ապացույց հանդիսանալ:

Հատուկ «168 Ժամի» համար