Մեկնարկելու են

28/09/2008

Երկուշաբթի օրը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի եւ «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության» (ՍՀՆ) շրջանակներում անցկացվող «Համատեղ աղեղ-2008/Համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի, ԳՀԽ-ի եւ ՍՀՆ-ի անդամ պետությունների շուրջ 900 զինծառայողների մասնակցությամբ անցկացվելիք զորավարժության հիմքում ընկած է ՄԱԿ-ի կողմից հաստատված եւ ՆԱՏՕ-ի գլխավորած «Ճգնաժամի արձագանքման գործողության» սցենարը, որը ներառում է խաղաղ բնակչության տարհանում, հակաահաբեկչական եւ կայունացման գործողություններ: Զորավարժությունները բաղկացած են երկու մասից` բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի եւ բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից: Հիշեցնենք, որ Հայաստանը զորավարժության հյուրընկալող կողմ է ընտրվել 2007 թվականին: