ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ գազի գնի բարձրացման հետեւանքով հնարավոր է բարձրանան նաեւ էլեկտրաէներգիայի սակագները: Ըստ նրա` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ առաջիկայում կսկսվեն էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման ուղղությամբ աշխատանքները: «Գազի գնի 40 տոկոս բարձրացումը կբերի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Դեռեւս պարզ չէ, թե որքանով դրանք կբարձրանան, քանի որ առաջիկա 2-3 ամիսներին այդ ուղղությամբ հաշվարկներ պետք է իրականացվեն»,- ասել է նա: Ա. Մովսիսյանը նաեւ տեղեկացրել է, որ թուրքական կողմի հետ կնքված էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ է, եւ համապատասխան աշխատանքներ են իրականացվում այն կյանքի կոչելու համար: