Ալիեւը՝ ֆիլմի հերոս

09/06/2005

Իշխանության թեման միշտ հետաքրքրել է արվեստի մարդկանց: Միլիոնավոր
մարդկանց ճակատագրի համար պատասխանատու իշխանավորները՝ գրողների,
բեմադրիչների եւ նկարիչների մեկնաբանությամբ, հեռանում են ընդունված
նկարագրից եւ դառնում են ոչ միանշանակ եւ միագույն: Հայտնի ռեժիսոր Անդրեյ
Կոնչալովսկին վերջերս ավարտել է Յուրի Անդրոպովի կյանքի մասին պատմող
վավերագրական ֆիլմը եւ սկսել է նոր ֆիլմ՝ Հեյդար Ալիեւի մասին:
«Իշխանության բեռը» ֆիլմերի շարքում նա փորձում է ներկայացնել այն
մարդկանց, ովքեր ապրել են բարդ ժամանակահատվածում եւ դեմոկրատիայից հեռու
երկրներում, սակայն ամեն ինչ արել են իրենց ժողովրդի բարգավաճման համար:
Ա.Կոնչալովսկին իր հարցազրույցում ասել է. «Ալիեւը 20-րդ դարի խոշորագույն
անձնավորություններից մեկն է եղել, ով ոչ միայն կարողացել է Ռուսաստանը
բարձրացնել փլատակներից, այլեւ՝ ազգային հերոս դառնալ: Անդրոպովը նրան
Մոսկվա կանչեց՝ հասկանալով, որ հենց Ալիեւը կկարողանա Ռուսաստանի
տնտեսությունը տնտեսական փոսից հանել: Անդրոպովի մահից հետո Ալիեւը թոշակի
անցավ եւ վերածվեց քաղաքական դիակի: Սակայն այն փաստը, որ Ադրբեջանի
ժողովուրդը խնդրեց նրան երկրի ղեկավար դառնալ, ապացուցում է՝ ինչ խոշոր
անձնավորություն էր նա: Նա սկսեց իր վերափոխումները գյուղատնտեսությունից
եւ մանր բիզնեսից, այլ ոչ թե՝ անհատներին նավթային պաշարների բաժանումից:
Ես ուզում եմ պատմել իմ պատմությունը վավերագրական ֆիլմի տեսքով, քանի որ
նախընտրում եմ բաց տեքստով խոսել: Գեղարվեստական ֆիլմը պետք է հավերժ
բաների մասին պատմի, իսկ վավերագրական ֆիլմով ես իմ անձնական տեսակետն եմ
հայտնում աշխարհում կատարվածի մասին»: Ալիեւից հետո Ա.Կոնչալովսկու
ուշադրությանը կարժանանան Աթաթուրքը, Բիսմարկը, Ստոլիպինը: «Դրանք մարդիկ
են, ում չի կարելի լիբերալ գաղաափարների ջատագով անվանել,- ասել է
ռեժիսորը,- բայց նրանք զգալի հետք են թողել պատմության մեջ»:

Ն.Հ.