Հերքումների գրեթե հերքում

28/09/2008

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Քաղաքաշինության նախարարության ֆինանսավորած ծրագրերում հայտնաբերած ֆինանսական խոշոր չարաշահումները:

Դրանից հետո մամուլում հրապարակում եղավ, թե Ի. Զաքարյանը միտումնավոր է ուշադրություն դարձրել հատկապես այդ նախարարությանը, քանի որ նախարար Վարդան Վարդանյանի հետ անձնական խնդիրներ ունի դեռեւս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակներից: Այդ հրապարակումների համաձայն՝ Ի.Զաքարյանի կնոջ քրոջ ամուսինը` Մարտին Քյուրքչյանը ցանկություն է ունեցել դառնալ Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինության տեսչության պետ, սակայն Վ.Վարդանյանը չի նշանակել, եւ ահա ՎՊ նախագահը որոշել է վրեժ լուծել: Երեկվա հանդիպման ժամանակ Ի. Զաքարյանը հերքեց այդ տեղեկությունները: «Ես բոլոր տեղերում էլ բարեկամներ ունեմ, հիմա եթե ստուգեմ ու խախտումներ հայտնաբերեմ, ուրեմն խնդիրնե՞ր եմ ունեցել: Իսկ Մ. Քյուրքչյանի ստուգած ծրագրերում ամենաքիչն են խախտումներ հայտնաբերվել, տեղ կա, որ չի էլ հայտնաբերվել»,- հայտարարեց Ի. Զաքարյանը: Նա անցած շաբաթ անդրադարձել էր նաեւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրին, մասնավորապես նշելով, որ կատարող «Երֆրեզ» ընկերությունը «500.000, չգիտես ինչու, ուղարկել է, Պանամա ինչ-որ կազմակերպության սարքավորումներ գնելու համար: Պանաման օֆշորային գոտի է, գումարները փոխանցվել են, բայց սարքավորումները չկան: Կաթսայատունն էլ աշխատում է կեսից պակաս հզորությամբ, տեղադրել են հին սարքավորումներ»: Այս շաբաթ ՀԲ-ն պատասխանել էր, որ այդ ծրագրի կատարման համար իրենք մինչեւ տարվա վերջ ժամանակ ունեն, եւ այդ մասին գրություն են ներկայացրել ՎՊ: «Ես ինչ որ ասել եմ, նրանք իմ ասածները չեն հերքել: Ապրիլի 10-ին այդ սարքավորումները պետք է բերված լինեին: Մենք այդ ծրագրում ուսումնասիրություն կատարել ենք մինչեւ ապրիլի 16-ը, իսկ այդ ժամանակ սարքավորումները չէին եկել: Սա գրությունն է այդ ստուգման, որտեղ կա «Երֆրեզի» ներկայացուցչի ստորագրությունները: Ստուգումների ժամանակ ծրագիրը մինչեւ հոկտեմբեր երկարացնելու նամակ են բերել, ավելի ուշ եղել է մինչեւ դեկտեմբեր երկարացնելու մասին նամակը: Հիմա երրորդ նամակը ե՞րբ կլինի` չգիտեմ: Այս ընթացքում մեր աշխատողները ինտերնետով փնտրել են, բայց Պանամայում չեն գտել այն կազմակերպության անունը, որին փոխանցվել է 500.000 դոլարը: Այսօր ես հանդիպելու եմ ՀԲ ներկայացուցիչների հետ, եւ բոլոր հարցերը հստակեցնելու ենք»,- ասաց ՎՊ նախագահը:

ՀԲ վարկերով մեր երկրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Հատկապես հայտնի է Երեւանի ջրամատակարարման վարկային ծրագիրը, որը արդեն 6-7 տարի է` իրականացվում է, սակայն ծառայության որակի առումով բաժանորդների դժգոհությունը չի պակասում: Ծրագիրն իրականացնողներն իրենք էլ են ասում, որ պայմանագրային որոշ պարտականություններ չեն կատարել: ՎՊ-ն նպատակ չունի՞ արդյոք ստուգել ՀԲ-ի նաեւ այս ծրագիրը, հատկապես, որ այն ծավալով ամենամեծն է եւ առնչվում է Հայաստանի բնակչության մեծ մասին: «Ոչ, մեր աշխատանքներում այդ ծրագիրը չկա»,- ասաց Ի. Զաքարյանը: