«Թող չափերն իմանան»

28/09/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների եւ բռնությունների հետեւանքն էր: Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում` դա հետեւանքն էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ` առանց զգուշացնելու ուժ կիրառելուն: Պատճառը դա էր, եւ իսկապես մարդիկ այնտեղ հավաքվել էին ինքնաբուխ»,- երեկ հրավիրված ասուլիսում` պատասխանելով «Հայոց Աշխարհի» լրագրողի հարցին` ինչո՞ւ է ընդդիմությունը մշտապես հանդես գալիս պահանջատիրական դիրքերից, երբ ինքն է ժողովրդին «ուղղորդել» Ֆրանսիական դեսպանատան մոտ, հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Ես էլ եմ ցերեկը գնացել այնտեղ եւ կոչ եմ արել, որպեսզի մարդիկ հանդարտ սպասեն, որովհետեւ մենք որդեգրել ենք պայքարի խաղաղ ճանապարհը: Հիմա խոսակցություններ են գնում այն մասին, թե պետք էր ժողովրդին տանել Մատենադարան եւ այլն, բայց մարդիկ կային, որ դեմ էին դրան: Իսկ ի՞նչ երաշխիք կար, որ այդ դեպքում ավելի վատ իրադարձությունների ականատես չէինք լինի: Ընդդիմության շատ գործիչներ, եւ անձամբ ես ամեն ինչ արել ենք, որպեսզի խաղաղ բնույթ կրի այն, իսկ առանձին էմոցիոնալ արտահայտությունները բոլորովին հիմք չեն տալիս ասելու, թե կազմակերպված հեղաշրջում է իրականացվել»,- հավելեց Ս. Դեմիրճյանը:

Անդրադառնալով նույն թերթի մեկ այլ հարցադրմանը, թե հրապարակված գաղտնալսումները վկայում են, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ին Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում «գոհունակություն» է հայտնել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, Ստեփան Դեմիրճյանը նկատեց. «Ձեր թերթում այսօր կարդացի, թե Լ. Տեր-Պետրոսյանն ինձ հետ զրույցում ասել է, որ ինքը պրոբլեմ չունի: Ճիշտն ասած` ես այդ խոսակցությունը չեմ հիշում: Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ապա կասեմ հետեւյալը. լավ կլիներ տպեին Ռոբերտ Քոչարյանի եւ այն մարդասպանի, որի անունը չեմ ուզում տալ, գաղտնալսումները: Իսկ եթե չկան, ո՞վ է պատասխան տալու, որ չկան: Եվ թող չափներն իմանան: Այդ գաղտնալսումներին ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել: Եղել են էմոցիոնալ հայտարարություններ, բայց որեւէ ապացույց չկա, որ եղել է հեղաշրջման փորձ: Եվ, կրկնում եմ` լավ կլիներ այն գաղտնալսումներն էլ տպեին. այն մարդասպանի հետ ի՞նչ են խոսել, որ մինչեւ հիմա հայտնի չէ»:

Մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից, որը հոկտեմբերի վերջին պետք է հանդես գա վերջնական եզրակացությամբ, անձամբ Ս. Դեմիրճյանը որեւէ ակնկալիք չունի: «Հասարակությունն էլ ակնկալիքներ չունի այդ հանձնաժողովից: ԱԺ-ն վստահության խնդիր ունի, համապատասխանաբար` վստահության խնդիր ունի նաեւ այդ հանձնաժողովը: Այնպես որ` ակնկալիքները մեծ չեն: Սակայն իսկապես անհրաժեշտ է, որպեսզի բացահայտվեն բոլոր մեղավորներն ու պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա` ընդգծելով, որ այսօր, ցավոք, ամեն ինչ արվում է գործը կարճելու եւ տեղի ունեցածն ընդդիմության վրա բարդելու համար: «Ուրիշ բան չկա, օբյեկտիվ քննություն չկա: Որեւէ ոստիկան կամ զինվորական մինչեւ այսօր չի ձերբակալվել, դրանից էլ կարելի է եզրակացնել, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվում: Ամեն ինչ ուզում են բարդել ընդդիմության վրա»,- հայտարարեց ՀԺԿ նախագահը:

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Ոստիկանությունը որեւէ մեղք չունի մարտի 1-ի իրադարձություններում: Ի պատասխան, Ս. Դեմիրճյանը հակադարձեց. «Մենք այդ կապակցությամբ մեր կարծիքը շատ հստակ արտահայտել ենք: Հստակ է, որ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել առանց զգուշացնելու: Ամեն ինչ սկսվել է առավոտյան Ազատության հրապարակում: Հետո արդեն ինչ տեղի է ունեցել` դրա հետեւանքներն են: Ասել ենք եւ ասում ենք` պետք է պատասխան տան նրանք, ովքեր ուժ կիրառելու հրաման են տվել: Զոհվել են մարդիկ, եւ ամեն սպանության առնչությամբ պետք է կոնկրետ քրեական գործ հարուցվի, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Իսկ թե ինչո՞ւ են հատկապես վերջին շրջանում ոստիկաններն ավելի ակտիվորեն հետապնդումների ենթարկում Հյուսիսային պողոտայում հավաքվող մարդկանց, ինչպես նաեւ` հանրահավաքներում շատ ավելի մեծ թիվ կազմում, Ս. Դեմիրճյանը դժվարացավ ասել: Սակայն նա իրավապահներին հորդորեց հանգիստ լինել, քանի որ «ընդդիմությունն ապացուցել է, որ գործել է, գործում է եւ գործելու է միայն օրենքի շրջանակներում»: «Այնպես որ` լավ կլինի, որ Ոստիկանությունը նույնպես գործի օրենքի շրջանակներում»,- հորդորեց նա:

Ս. Դեմիրճյանի անհեթեթ եւ անտրամաբանական է համարում նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ իրենց հայտերի մերժումները: Վերջին մերժումները, որ Հայ Ազգային կոնգրեսը ստացել է քաղաքապետարանից, երկուսն են. մեկը վերաբերում է ընդդիմության սեպտեմբերի 26-ի հանրահավաքին, մյուսն էլ՝ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի` ընտրողների հետ հանդիպման մասին իրազեկմանը: «Որեւէ տրամաբանություն չկա հանրահավաքները մերժելու մեջ: Որ անցած անգամ թույլ տվեցին` ի՞նչ եղավ,- հարցնում է Ս. Դեմիրճյանը` ավելացնելով,- Կոնգրեսի գրասենյակը, սակայն, հայտարարել է, որ ամեն դեպքում հանրահավաքը տեղի է ունենալու: Մերժել են նաեւ թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի հայտը, ինչը Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է: Հիմա Ա. Զուրաբյանը նոր հայտ է ներկայացրել` հանդիպումը «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում անցկացնելու մասին»: Նշենք սակայն, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արարատ Զուրաբյանի նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին` Հյուսիսային պողոտայում:

Սեպտեմբերի 21-ին` Անկախությանը 17-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Այսօր, դժբախտաբար, հերթական անգամ, դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել, մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետերի ձեռքում: Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետերը, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են: Այս երկիրը պատկանում է ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենք»: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հասարակությանը քոչվորների եւ նստակյացների բաժանելու մասին հայտարարություններին, Ս. Դեմիրճյանն ասաց. «Շատ բացասական եմ վերաբերվում, բայց եկեք օբյեկտիվ լինենք. այս իշխանությունն է տարիներ շարունակ հասարակությանը բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների, եւ մենք հենց դրա դեմ ենք պայքարում: Այս իշխանություններն են հասցրել այդ վիճակին, ինչն անթույլատրելի է: Այսօր շատ խնդիրներ են կուտակվել, եւ Հայաստանն իսկապես կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջեւ: Այդ մարտահրավերները դիմագրավելու համար մենք պետք է առաջին հերթին մեր ներքին խնդիրները լուծենք: Երկրին իսկապես կայունություն է անհրաժեշտ, բայց խոսքն այն կայունության մասին չէ, որն այսօր կա: Իշխանությունները պետք է կոնկրետ, ռեալ քայլեր ձեռնարկեն լարվածությունը մեղմացնելու համար: Առաջին քայլը, որ նրանք պետք է անեն` դա քաղբանտարկյալների ազատ արձակումն է, ինչն, ի դեպ, հնարավորություն կստեղծի ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու համար` երկրի առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելու համար»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրաժարականին, ապա Ս. Դեմիրճյանն ասաց. «Ֆորմալ առումով որեւէ խնդիր չկա: Հավանաբար ՀՀԿ-ն գտնում է, որ Հովիկ Աբրահամյանն ավելի լավ խոսնակ կլինի եւ կբարձրացնի ԱԺ հեղինակությունը: Բայց մենք գտնում ենք, որ ԱԺ հեղինակությունը բարձրացնելու միակ ճանապարհը նոր, արդար, նորմալ, ազատ ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի ձեւավորումն է: ԱԺ-ն այն դեպքում կունենա հեղինակություն, երբ կդառնա իրապես քաղաքական մարմին: Ակնհայտ է, որ այսօր ԱԺ-ն չի արտահայտում հասարակական տրամադրությունները: Դրա համար էլ մենք բոլոր առումներով նպատակահարմար ենք գտնում անցկացնել նոր ընտրություններ: Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. սահմանադրական փոփոխություններից հետո իսկապես ԱԺ լիազորություններն ընդլայնվել են, սակայն մենք տեսնում ենք, որ ԱԺ-ն շարունակում է մնալ կառավարության կցորդը: Մի խոսքով` լուծումը նոր ընտրություններն են»: ՀԺԿ նախագահը նաեւ վստահեցրեց, որ ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը, որը միայն հանրահավաքներով չի արտահայտվելու: «Վճռականությունն ամպագոռգոռ հայտարարություններ անելու մեջ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպիսի սուր հայտարարություններ են արել, հետո գնացել են գործարքների: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի շրջանակներում»,- ասաց նա: