Աջակցելու են Վրաստանին

28/09/2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Վրաստանին: «ՄԱԿ-ի կանոնադրությունն ազդարարում է փոքր ու մեծ երկրների հավասարության մասին: Վրաստան Ռուսաստանի ներխուժումն այդ իրավունքի խախտում է»,- ասել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին եւ մյուս «երիտասարդ խիզախ ժողովրդավարություններին»: Նման ժողովրդավարությունների թվում Բուշը նշել է Ուկրաինան, Լիբանանը եւ մի շարք այլ երկրներ: «Սիրիան եւ Իրանը նախկինի պես ահաբեկչության հովանավորներ են»,- ասել է Բուշը: Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրները «պետք է համագործակցեն ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում», որպեսզի հաղթեն ահաբեկչությանը: Բացի այդ, Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհաղթահարի երկրում ծավալվող ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը, եւ խոստացել է լուծել ամերիկյան խոշոր ընկերությունների հիմնախնդիրները, քանի որ նրանց դժվարություններն անդրադառնում են ամբողջ աշխարհի շատ ընկերությունների վրա: «Մենք վճռական քայլեր կձեռնարկենք ֆինանսական շուկաների անկայունության դեմ պայքարելու համար»,- նշել է նա: