Եթե ներքաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում անհամեմատ կայունացել է, ապա նույնը չի կարելի ասել արտաքին քաղաքական մարտահրավերների մասին:
Վրաց-ռուսական հակամարտությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների «քաղցրացումը», ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահող երկիր դառնալը, ԱՄՆ-Իրան եւ Իսրայել-Իրան լարված հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում գազի եւ նավթի նոր տարանցիկ ուղիներ փնտրելը ենթադրում են արտաքին քաղաքականության չափազանց ճկուն քայլեր: Եվ եթե ընդդիմությունն այս հարցում բավարարվեց երկու Դավիթների (Շահնազարյանի եւ Հակոբյանի) փոխադարձ «կճմտոցով», ապա բոլորովին այլ իրավիճակ է տիրում իշխանության միջանցքներում: Մի քանի օր առաջ ռուսամետ ուժ համարվող «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լեյլոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Եվրաինտեգրացիան դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը, իսկ ՆԱՏՕ-ի հետ մեր փոխհարաբերությունները հանդիսանում են եվրաինտեգրացիայի կենտրոնական էլեմենտը»: Մենք առանձնակի ուշադրություն չէինք դարձնի այս հայտարարությանը, եթե ընդամենը երկուսուկես տարի առաջ գրանցված չլիներ հայաստանյան քաղաքական անցուդարձի ամենաարտառոց դեպքերից մեկը` այն ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը: Ով մոռացել է` կարող ենք հիշեցնել: 2006թ. ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն արտասահմանյան հերթական այցի ընթացքում եվրոպական մամուլին տված հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են, որից հետո այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջինիս շատ կոպիտ հասկացրեց՝ «քիթը չմտցնել իրեն չվերաբերող հարցերի մեջ»: Բայց քանի որ Արթուր Բաղդասարյանը անգլո-ֆրանսիական բարքերի համաձայն՝ փխրուն անձնավորություն է, նա չդիմացավ այդ կոպտությանը եւ հրաժարական տվեց: Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվում: Ստացվում է այնպես, որ ՆԱՏՕ-ամոլ Ա. Բաղդասարյանն այսօր ՀԱՊԿ նախագահող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Համաձայնեք` զվարճալի իրավիճակ է: Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ, ասենք, Բելառուսի այսօրվա ԱԺ նախագահը երկու տարի հետո կարող է դառնալ, ասենք, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ եւ հանդիպել Արեւիկ Պետրոսյանի հետ, որին եւ իր անմնացորդ «սերը» կհաղորդի տիկին Պետրոսյանը:
Իսկ միգուցե հենց դա է պատճառը, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը (որն, ի դեպ, առնվազն 50%-ով հայ է), շաբաթը մեկ հայտարարում է, որ ԼՂՀ հիմնախնդիրը ոչ մի ընդհանրություն չունի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրի հետ:
Ասում են, որ ՆԱՏՕ-ի հետ կապված պատմությունն ԱԺ նախկին նախագահի ամենախոցելի տեղերից մեկն է: Անգամ ավելի խոցելի, քան մամուլում տպագրված բազմաթիվ «բամբասանքներն օթյակների, ամֆիթատրոնների եւ պարտերների» մասին: Եվ այս կոնտեքստում շատ հետաքրքիր էր Արթուր Բաղդասարյանի եւ ՌԴ ԱԴԾ (Ֆէ-Էս-Բէ) նախկին ղեկավար, այժմ Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւի վերջերս տեղի ունեցած հանդիպումը: Այդ կադրին կնախանձեր անգամ հանրահայտ Շտիռլիցը (Արաբկիրի նորընտիր թաղապետի ականջը կանչի):
Սակայն Արթուր Բաղդասարյանի արկածներն արտաքին քաղաքական դաշտով չեն ավարտվում: Իր վերջին ասուլիսի ընթացքում Ա. Բաղդասարյանը մի հետաքրքիր հայտարարություն արեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: … Ագրեսիայի ու ատելության պայթունը չի կարող բերել որեւէ լավ բանի: Ակնհայտ ատելությունը եւ սուտ տեղեկությունները հասարակությանն էին մատուցվում ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետո»:
Այ, այ, այգ Ինչպիսի դիպուկ նկատառում: Չէ՞ որ, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, Ա. Բաղդասարյանն ակնհայտ ատելությունը եւ սուտ տեղեկությունները հասարակությանը մատուցում էր բացառապես ընտրություններից առաջ: Օրինակ, երբ հրապարակայնորեն հայտարարում էր, որ «Սերժ Սարգսյանն ուզում է իրեն սպանել»: Իսկ հետո ատելությանը եկավ փոխարինելու «մեծ սերը», ինչպես ժամանակին «ֆրանսիական սիրուն» փոխարինեց «անգլիականը»: Չգիտեմ` Ա. Բաղդասարյանը միայն գի՞րք է գրում (հատկապես «ատելությամբ լցված» Լ.Տեր-Պետրոսյանի մասին), թե՞ նաեւ կարդում է, օրինակ, Պարույր Սեւակ, որը չճանաչելով Ա. Բաղդասարյանին, ժամանակին գրել է. «Նորից չեն սիրում, սիրում են կրկին»: