Հայ Ազգային կոնգրեսը նախապես հայտարարել ու դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ սեպտեմբերի 26-ին հանրահավաքի եւ երթի իրազեկմամբ։ Քաղաքապետարանը անհիմն ու շինծու պատճառաբանությամբ կրկին մերժել է այդ հայտը։ Այս անգամ հանրահավաքի հիմնական լեյտմոտիվը լինելու էր Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը։ Ուստիեւ, միաժամանակ, նույն օրվա համար, իր նախընտրական քարոզչության շրջանակներում, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար քաղաքապետարան էր դիմել նաեւ Կենտրոն համայնքի թաղապետի՝ Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանը։ Քաղաքապետարանը, այս անգամ խախտելով նաեւ Ընտրական օրենսգիրքը, մերժել է նաեւ այդ հայտը։ Մեզ համար անընդունելի են այդ մերժումները, ինչով խախտվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ Մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված իրավունքները։ Մենք իրացնելու ենք մեր իրավունքները եւ սեպտեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք հանրահավաքը։
Սիրելի հայրենակիցներ, մենք որեւէ կերպ առիթ չենք տալու սադրանքների, բայց նաեւ հնարավորություն ունենք վարչախմբի կոշտությունները, մասնավորապես` հանրահավաքների ապօրինի արգելումը փոխհատուցել այս պայմաններում շատ կարեւոր դարձած մի խնդրի լուծմամբ։ Դա Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններում հաղթանակի արձանագրումն է։ Դրա համար Հայ Ազգային կոնգրեսը եւ նրա թեկնածու Արարատ Զուրաբյանն ունեն բոլոր հնարավորությունները։ Հաղթանակը շատ կարեւոր հոգեբանական նշանակություն կունենա եւ էականորեն կփոխի ոչ միայն ներքին քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, այլեւ, կարճ ժամանակում, նաեւ ուժերի հարաբերակցությունը։ Չենք կասկածում, իհարկե, որ իշխանություններն այս անգամ էլ կփորձեն օգտագործել ապօրինությունների իրենց զինանոցը, սակայն վստահ ենք նաեւ, որ բավարար են նաեւ մեր ուժերը՝ այդ ապօրինությունները սանձելու, դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու եւ քվեարկության իրական արդյունքներն արձանագրել տալու համար։ Այդ հնարավորությունը չի կարելի չօգտագործել։ Ուստիեւ, նկատի ունենալով Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների ձեռք բերած բացառիկ քաղաքական կարեւորությունը, Հայ Ազգային կոնգրեսն ամբողջ հանրապետությունում իր բոլոր կողմնակիցներին կոչ է անում.
– Կապվեք Կենտրոն համայնքում ապրող ձեր բարեկամների, հարազատների, ընկերների ու ծանոթների հետ ու հորդորեք նրանց մասնակցել սեպտեմբերի 28-ի թաղապետական ընտրություններին ու ձայն տալ Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանին։
– Այցելեք թաղապետի մեր թեկնածուի նախընտրական շտաբներ եւ առաջարկեք ձեր օգնությունը։
– Մասնակցեք Արարատ Զուրաբյանի նախընտրական հանրահավաքին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 18-ին Հյուսիսային պողոտայում: