Դեռեւս վտանգավոր է

28/09/2008

Արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանի հավաստմամբ` Նյու Յորքում շաբաթվա վերջին նախատեսված Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից Ստեփանակերտում մեծ ակնկալիքներ չունեն: «Սովորաբար առաջին հանդիպումը տեսական է լինում, եւ վաղ է խոսել որեւէ բեկման մասին: Կարծում եմ նաեւ, որ այդ հանդիպումը հետին պլան չի մղի ԼՂՀ-ի` բանակցային կողմ դառնալու հեռանկարը: Կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Դա մարտավարություն ու ռազմավարություն է, բայց վերջնանպատակը պետք է անփոփոխ մնա: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դա Արցախի անկախ ու անվտանգ գոյատեւումն է»,- նշել է նա: Հարավկովկասյան տարածաշրջանը, Դավիթ Բաբայանի գնահատմամբ` գերտերությունների մրցակցության դաշտից վերածվել է նրանց բախման թատերաբեմի: «Նույնիսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ռազմավարական առումով դեռեւս չի ստեղծել այս կամ այն ուժի ընդգծված առավելությունը մրցակցի նկատմամբ: Ավելին, պայքարը թեւակոխել է որակական նոր հարթություն: Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի համար կամուրջ դարձած Հարավային Կովկասի առաջին օղակը հենց Վրաստանն է, որը կորցնելով Աբխազիան եւ Հարավային Օսիան` ամենեւին չդադարեց այդպիսինը լինել: Ակնհայտ է, որ Թբիլիսին ամեն գնով կաշխատի արագացնել ՆԱՏՕ-ին իր անդամակցության գործընթացը: Սակայն, միայն Վրաստանով կամուրջը չի աշխատելու, եւ այստեղ մեծ կարեւորություն է ստանում Ադրբեջանի տարածքը: Դա հասկանում են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանը: Բաքուն սկսել է խաղալ իր խաղը, ինչին մեծ ուշադրությամբ հետեւում են եւ՛ Արեւմուտքում, եւ՛ Արեւելքում»,- ասել է նա: Ըստ քաղաքագետի, այս հանգամանքը կազդի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եւ այն կմտնի պասիվ փուլ: «Եթե նախկինում Անդրկովկասը գերտերությունների մրցակցության ավելի պասիվ թատերաբեմ էր, եւ կարգավորման առումով առաջնորդվում էին «դրա ժամանակը չէ» կարգախոսով, ապա հիմա ամենաընդունելի տարբերակը բոլորի համար դառնում է «դեռեւս վտանգավոր է» կարգախոսը»: Նրա հավաստմամբ` ղարաբաղյան հիմնախնդիրն այնքան բարդ է, որ կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների վրա: «Այդ իսկ պատճառով, հիմա ավելի կարեւոր է պարզել տարածաշրջանային զարգացումներում ընդգրկված ուժերի սպասելիքները եւ նրանց արտաքին քաղաքականության ուղղվածությունը»: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին` նա նշել է, որ դրանք պետք է դիտարկել հենց վերոհիշյալ դրույթի տեսանկյունից: Հակամարտության կարգավորման ներկա ձեւաչափի փոփոխությունը նա համարում է բարդ խնդիր: «Նոր ձեւաչափի համար կպահանջվի որոշ ժամանակ, եւ չի բացառվում, որ զուգահեռ ստեղծվեն այլ ձեւաչափեր: Բայց ինչ էլ ստեղծվի, ԼՂՀ-ն պետք է ճանաչվի հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ, պահպանվի կոնսենսուսի սկզբունքը եւ «ոչինչ կարգավորված չէ, եթե կարգավորված չէ ամեն ինչ» տեսակետը»,- հայտարարարել է Դավիթ Բաբայանը: