Հանուն «հանրային կյանքի պուլսի»

28/09/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե արդեն պատրաստ է կանոնադրությունը, համաձայն որի` պետք է կազմավորվի եւ գործի Հանրային խորհուրդը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. հունիսի 13-ին հատուկ հանձնախումբ ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել, որը պետք է մշակեր Հանրային խորհրդի կանոնադրությունը: Այժմ մշակված կանոնադրությունը հանձնվել է նախագահի իրավաբանական ծառայությանը: Եվ, ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Հանրային խորհուրդը մինչեւ տարեվերջ ձեւավորված կլինի: Կանոնադրության համաձայն, Հանրային խորհուրդն ունենալու է 36 անդամ: «Ճիշտ այնքան, որքան տառ կա հայոց այբուբենում»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը: Հանրային խորհրդից բացի, ստեղծվելու են նաեւ 12 հանձնաժողովներ, որոնք պետք է ներառեն տարբեր ոլորտներ, իսկ այդ հանձնաժողովում անդամներ պետք է ընդգրկվեն նաեւ մարզերից: Հանձնաժողովները Հանրային խորհրդի մաս չեն կազմելու, բայց գործելու են նրան կից: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ հանձնաժողովների ներկայացուցիչների քանակի սահմանափակում չի լինելու: Խորհրդի անդամներից 12-ին նշանակելու է հանրապետության նախագահը, 12-ին ընտրելու են հանձնաժողովների ներկայացուցիչները (հանձնաժողովի նախագահ ընտրված անձինք մեխանիկորեն դառնալու են Հանրային խորհրդի անդամ): Իսկ վերջին 12 անդամներին ընտրելու են հանրապետության նախագահի եւ հանձնաժողովների կողմից ընտրված անդամները: Կանոնադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորները, նախարարները, քաղաքական կուսակցությունների առաջնորդները չեն կարող դառնալ Հանրային խորհրդի անդամ: Խորհրդի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով: Իսկ Հանրային խորհրդի նախագահին 36 անդամներից ընտրում է ՀՀ նախագահը:

Խորհրդի ընդունած որոշումները լինելու են խորհրդատվական բնույթի: «Այս խորհուրդը մի յուրօրինակ խողովակ է քաղաքացու ձայնը բարձրագույն իշխանություններին հասցնելու համար: Խորհրդի որոշումները կօգնեն երկրի նախագահին՝ հասկանալ հանրային կյանքի պուլսը»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ խորհրդի կենսունակությունն ու արդյունավետ գործունեությունը կախված կլինի նրանից, թե Հանրային խորհրդի անդամները որքանով կկարողանան ներկայացնել հանրությանը հուզող հիմնական հարցերը: Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե արդյոք հանրությունը վստահություն կտածի՞ Հանրային խորհրդի նկատմամբ, թե՞ ոչ: Ի պատասխան, Հանրային խորհուրդը կարգավորող հատուկ հանձնախմբի անդամները հայտարարեցին, թե «հանրության կողմից կա մեծ վստահություն խորհրդի նկատմամբ», ինչի ապացույցն, ըստ նրանց` կանոնադրության մշակման ընթացքում եղած 511 դիմում-առաջարկներն են: «Հանրային խորհուրդը մի կողմից՝ լինելով ՀՀ նախագահի խորհրդատվական կառույց՝ պետք է վայելի նրա վստահությունը, մյուս կողմից՝ այն սովորական խորհրդատվական կառույց չէ, այլ հանրային է, ուստի պետք է վայելի հանրության հիմնական հատվածի վստահությունը: Խորհրդի կազմավորման մեխանիզմները հնարավորություն կտան ունենալ երկու կողմի վստահությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը: