Էլի երկնիշ, բայց գնաճ

28/09/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Կայացավ: Լավատեսներն ու հոռետեսներն էլ չեն վիճի գազի գների շուրջ: Հաջորդ տարվա ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազը կներմուծի հազար խորանարդ մետրը 154 դոլարով: Իսկ 2010թ. ապրիլի 1-ից՝ 200 դոլարով: Մեկ ու մեզանից չկախված աշխարհաքաղաքական գործոնի հաշվարկով իհարկե: Եթե ռուս-վրացական հարաբերությունների արդյունքում գազատարը շարունակի անխափան գործել: Մեր տնտեսվարողները կողմնորոշվելու համար բավական ու բավարար ժամանակ ունեն: Եթե հիշողությունս չի դավաճանում, հայ սպառողն ու արդյունաբերողը երբեք բիզնես պլանները վերանայելու հնգամսյա ժամկետ չեն ունեցել: Մեր գործարարները վաղուց են հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ հարկային օրենսդրության փոփոխությունների մասին տեղեկանում են մի քանի օր առաջ: Հիմա ժամանակն է հաշվարկելու, թե ինչ փոփոխություններ կկատարվեն եկող գարնանը: Սպասվող գները միջին եվրոպականի հետ համադրած՝ իհարկե տանելի են: Եվրոպական տնտեսությունը ռուսական գազի համար 2,5 անգամ ավելի թանկ է վճարում: Բայց գազի գնաճը լուրջ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Էներգետիկ ճգնաժամի տարիներին տեղական վերամշակող արդյունաբերության ապրանքի ինքնարժեքում էներգակիրների ծավալը, թերեւս, ամենաբարձրն էր: Հայաստանում մուրաբայի կամ հյութի արտադրության ինքնարժեքում էներգակիրներն առասպելական ծավալ էին զբաղեցնում: Մերոնք ջեմ ու մուրաբա եփելիս վառելիքի համար այնքան էին վճարում, որքան եվրոպական մետալուրգիական գործարանները վճարում էին պողպատ հալելու համար: Հումքի` գյուղմթերքների, ձեռքբերման գինը ապրանքի ինքնարժեքում չնչին էր: Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո մեր տնտեսությունը մրցունակ չդարձավ: Որովհետեւ արտահանված ապրանքի ինքնարժեքում ճանապարհածախսը «զավթեց» առյուծի բաժինը: Հիմա մեր արտահանողները նոր աչքալուսանք ստացան: Էներգակիրների համար վճարելը նրանց համար դառնալու է ֆինանսական լրջագույն խնդիր: Գազի գնաճը հանգեցնելու է էլեկտրաէներգիայի սակագնի ավելացմանը: Եթե էլեկտրաէներգիան էլ նույն համամասնությամբ թանկանա, Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագին ունեցող երկիրը: 25 դրամանոց սակագինը հաստատվել է, երբ այն համարժեք էր 5 ԱՄՆ սենտի: Հիմա այն հավասար է 8,3 սենտի: Հնարավոր թանկացումից տնտեսությունը էական հարված կստանա: Բնակչությունը` նույնպես: Մինչդեռ անցած 10-12 տարում բնակչությունը կենցաղը դարձրել է առավելագույնս խնայողական: Մի քանի տարի առաջ Հայաստանի էներգահամակարգի սեփականատեր դարձած ռուսական ընկերության տնօրեն Եվգենի Գլադունչիկն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայ սպառողի խնայողությունը չի տեղավորվում իրենց բիզնես պատկերացումներում: Ըստ նրա՝ ամռան ամիսներին ողջ Հայաստանը նույնքան էլեկտրաէներգիա է օգտագործում, որքան ռուսաստանյան 200 հազար բնակչություն ունեցող քաղաքները: Այսինքն՝ սպառողը խնայելու տեղ այլեւս չունի:

Տնտեսվարողները պնդում են` արտադրությունը եւս: Հետեւաբար գնաճը կխթանի տնտեսության կրճատման գործընթացը: Նաեւ կծնի բացասական այլ երեւույթներ` գյուղմթերքի մթերման գների նվազում, ծավալների կրճատում եւ այլն: Արտահանման կրճատումն արտադրությունը կդարձնի ավելի ռիսկային: Դրա արդյունքում գները կաճեն ներքին շուկայում: Գազի գնաճը կազդի նաեւ տրանսպորտային փոխադրումների վրա: Այս ամենը որպես սպառնալիք հայտարարվեց ճիշտ այն պահին, երբ հույսեր էին արթնացել, թե Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Մեր էներգետիկները հույս ունեին, որ իրենց առջեւ կբացվի թուրքական շուկան: Ռուսական գազի այս գնաճը որոշ փորձագետներ անվանում են չափավոր: Մատնացույց անելով այն փաստը, որ մեր էներգետիկ համակարգում ռուսաստանյան ընկերությունները շահույթ ունեն եւ՛ գազի, եւ՛ էլեկտրաէներգիայի իրացումից: Որոշ վերլուծություններով ռուսաստանյան ընկերությունները դեռեւս տնտեսական հնարավորություն տալիս են Հրազդանի ՊՇԷԿ-ին: Արտաքին շուկա գտնելու հնարավորություն: Ապագա թանկացումները չափավոր համարելու պարագային անգամ մեկ հարց բաց է մնում: Հայաստանը շարունակում է գազ ներմուծել միայն Ռուսաստանից: Մինչդեռ 1997թ. սկսվել ու պաշտոնապես առնվազն երկու անգամ բացվել է Իրանից մուտք գործող գազատարը: Մեկը` երկու երկրների նախագահների ու մանր-մունր պաշտոնյաների ծափահարությունների ներքո: Բայց իրանական գազամուղը մեր տնտեսական կյանքում դեռեւս գործոն չի դարձել: Չնայած, որ կտրտված սարերի վրա ձգված խողովակաշարով ահագին այլանդակել է Սյունյաց բնապատկերը: Եվ անգամ ռուսական գնաճի սպասումների պահին չխոսվեց այն մասին, որ Հայաստանն արդեն այլընտրանքային գազատար ունի: Ուստի տնտեսվարողն ու սպառողը դրա հետ հույսեր չեն կապում: Հիմա պարզ է: Տնտեսության երկնիշ աճի շոշափելի արդյունքը նրանց համար պարզապես գների երկնիշ աճ է: