Եկավ, տեսավ, հաղթեց

28/09/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երկրում կապի ծառայությունների մատչելիության խնդիրը խոստանում է լուծել ռուսական խոշոր «ԿՈՍՄԱՐՏ-ՕՏՍ» օպերատորը` հայկական իր «ԿՈՌՆԵՏ-ԱՄ» դուստր-ձեռնարկության հետ համատեղ: Նրանք ավարտին են հասցրել Հայաստանում WIMAX անթել հեռախոսակապի գերժամանակակից ցանցի ստեղծման առաջին փուլը:

«Թվային անհավասարության» խնդիրը շատ հարմար է բացատրել Հայաստանի օրինակով. ահա Երեւան քաղաքը, որտեղ յուրաքանչյուր ընտանիքում կա բջջային հեռախոս, բնակարանների եւ օֆիսների մեծ մասը ապոհովված է քաղաքային հեռախոսով, գործում են բազմաթիվ ինտերնետ-սրճարաններ, աշխատում է կաբելային եւ արբանյակային հեռուստատեսությունը, եւ ահա գյուղը, որտեղ անգամ սովորական փոստը հազվադեպ է հասնում: Այս երկու կետերում ապրող մարդկանց միջեւ սար ու ձոր է:

Այնինչ ժամանակակից աշխարհը վաղուց է հասկացել, որ քաղաքակրթությունը սկսում է պայմանների հավասարությունից, այն բանից, որ հեռավոր գյուղերի երեխաները կրթություն ստանալու, բուժօգնության, աշխարհայացքն ընդլայնելու, կյանքի իրենց ուղին ընտրելու նույն հնարավորություններն ունենան, ինչ մայրաքաղաքում ծնվածները: Հենց այսպես է ձեւավորվում ինֆորմացիոն հասարակությունը` իսկապես հավասար հնարավորություններ ունեցող հասարակությունը:

Մինչեւ վերջերս մենք դրա համար առանձնապես նախադրյալներ չունեինք: Ընդհանուր առմամբ երկրում 100 մարդուց ընդամենը 30-ն ունեն բջջային հեռախոս (Ռուսաստանում բջջային հեռախոսների թիվը վաղուց է անցել մարդկանց թվից), իսկ Ինտերնետից օգտվում է ընդամենը 7%-ը: Սակայն անցած տարի ընդունված օրենսդրական փոփոխություններն արդյունք տվեցին. ամռանը Հայաստանում գործարկվեց WIMAX կապի ազգային ցանցը: Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ծառայությունների լայն սպեկտր առաջարկել:

«ԿՈՍՄԱՐՏ-ՕՏՍ»-ի տարածաշրջանային զարգացման հարցերով փոխնախագահ Վիկտոր Կորեշը մեզ պատմեց ընկերության ծրագրերի մասին. «Մենք մտադիր ենք Հայաստանի բնակչությանն առաջարկել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, ոչ միայն քաղաքային, այլեւ միջքքաղաքային եւ միջազգային, ինչպես նաեւ՝ Ինտերնետ մուտք գործելու հնարավորություն: Հետագայում, ամենայն հավանականությամբ, ծառայությունների ցանկին կավելանա նաեւ հեռուստատեսությունը: Կարեւոր է նշել, որ մենք առաջարկում ենք իսկապես որակյալ կապ Հայաստանի ողջ տարածքում: Արդեն այսօր մենք պատրաստ ենք ծառայություններ առաջարկել երկրի 18 մեծ քաղաքներին, իսկ ընդհանուր առմամբ մեր ծրագրերի մեջ է մտնում ընդգրկել ողջ Հայաստանը` ներառյալ հեռավոր շրջանները, որտեղ օպերատորները դժվարությամբ են գնում կամ ընդհանրապես չեն գնում: Ու թեեւ «ԿՈՍՄԱՐՏ-ՕՏՍ»-ը կապի ռուսաստանյան օպերատոր է, մենք վստահ ենք, որ մոտակա երեք տարիներին կկարողանանք լիարժեք ազգային օպերատոր դառնալ նաեւ Հայաստանի համար, քանի որ մենք ի սկզբանե նպատակ ունենք լուծելու երկրի սոցիալական ամենակարեւոր խնդիրներից մեկը` համահարթել գոյություն ունեցող «թվային անհավասարությունը» եւ երկրի բոլոր քաղաքացիների համար ստեղծել ինֆորմացիա ստանալու եւ շփվելու հավասար հնարավորություններ` անկախ այն բանից, թե որտեղ են նրանք բնակվում: Հնարավոր է` հենց այս նկատառումներով էր պայմանավորված կիրառվող տեխնոլոգիաների ընտրությունը»:

WIMAX-ը հնարավորություն է տալիս ստեղծել գերարագ ցանց` բազային կայանից 1,5-5կմ շառավղով, ընդ որում` նաեւ այնտեղ, որտեղ հնարավոր չէ մալուխ անցկացնել: Սա նշանակում է, որ այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կապի ծառայություններ մատուցել նաեւ սարերում, քիչ բնակեցված բնակավայրերում եւ ոչ թե խոսքով, այլ գործով հայկական գյուղերի բնակիչներին տրամադրել նույն հնարավորությունները, ինչ որ մայրաքաղաք Երեւանում: Համենայնդեպս` ինֆորմացիա ստանալու առումով: