6-րդ վարչության աշխատակիցն՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

28/09/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթի հունիսի 24-ի համարում տպագրված «Երբ հարեւանդ ոստիկան է» հրապարակումը ներկայումս վիճարկվում է դատարանում, քանի որ հոդվածում ներկայացված կողմերից մեկը` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանը համարում է, որ այդ հրապարակմամբ թերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:

Մինչդեռ հոդվածագիր, թերթի իրավական բաժնի պատասխանատու Ռուզան Մինասյանն ընդամենը ներկայացրել է Դ. Անհաղթի 19 հասցեի բնակիչ երկու հարեւանների` Ա. Ղեւոնդյանի եւ նրա հարեւանուհի, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի աշխատակցուհի, գիտությունների թեկնածու Գայանե Մարկոսյանի համար վեճի առարկա դարձած մուտքում կառուցված խորդանոցի փոքրիկ տարածքի հետ կապված մանրամասները: Մինչ այս, Ա. Ղեւոնդյանն ընդդեմ հարեւանուհի Գ. Մարկոսյանի հայցադիմում էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի, ապա՝ նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարաններ, որով նա Գ. Մարկոսյանից պահանջում էր քանդել 4-րդ հարկում նրա կողմից կառուցած ինքնակամ շինությունը` խորդանոցը: Հունիսի 11-ին դատարանը խորդանոցը քանդել տալու մասին վճիռ էր կայացրել, ինչից հետո Գ. Մարկոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որի նիստը նշանակված է հոկտեմբերի 9-ին: Մինչ վերաքննիչ դատարանում կայանալիք նիստը երեկ ՀՀ Երեւանի քաղաքացիական դատարանում լսվում էր ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի հայցն՝ արդեն ընդդեմ «Առավոտ» ՍՊԸ-ի: Հայցվորը պահանջում է իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների համար «Առավոտ» օրաթերթում հերքում տպագրել: Հայցվորի ներկայացուցիչն Արման Ապիտոնյանն էր, իսկ համաձայն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրի դատարան ներկայացրած գրության` պատասխանող կողմ է ճանաչվել լրագրող Ռուզան Մինասյանը: «Քանի որ «Առավոտ» օրաթերթում վիճարկվում է իմ հրապարակումը, եւ ես իրավական էջի պատասխանատուն եմ, բոլոր դատական ատյաններում ինքս եմ հանդես գալիս, ուստի «Առավոտը» նպատակահարմար է գտել ինձ լիազորել»,- դատարանին ներկայացրեց պատասխանող Ռ. Մինասյանը: ՀՀ Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Պետրոսյանն «Ատավոտի» գլխավոր խմբագրի գրության հետ կապված պարզաբանում արեց` բացատրելով, որ կա միջնորդության երկու տեսակ, իսկ «Առավոտ» ՍՊԸ-ն Ռ. Մինասյանին դատարանում հանդես գալու համար ոչ թե լիազորել է, այլ գրություն է ուղարկել դատարան, որով խնդրել է պատասխանող կողմ ճանաչել Ռ. Մինասյանին, ինչը համարվում է անպատշաճ փոխարինում: Դատավորը փորձեց հստակեցնել, թե արդյո՞ք Ռ. Մինասյանը հանդես է գալիս «Առավոտ» օրաթերթի անունից, թե՞, այնուամենայնիվ, որպես պատասխանող Ռ. Մինասյան, ինչին ի պատասխան՝ Ռ. Մինասյանն ասաց. «Առավոտ» օրաթերթի անունից»: Դատավորը Ռ. Մինասյանից պահանջեց լիազորագիր ներկայացնել դատարան, ըստ որի՝ նա հանդես է գալու որպես «Առավոտ» օրաթերթի ներկայացուցիչ: Նախապատրաստական դատական նիստի ժամանակ դատավորը տեղեկացրեց, որ պատասխանող կողմն իր առարկությունները նախապես դատարանին ներկայացնելուց զատ՝ պարտավոր էր նաեւ այն փոստով ուղարկել հայցվոր կողմին: Պատասխանող Ռ. Մինասյանն ասաց, որ առարկությունները դատարան ներկայացնելու ժամանակ իրեն դատարանում չեն իրազեկել այդ կարգի մասին, հետեւաբար առարկությունների գրավոր մեկ օրինակ էլ տեղում հանձնեց հայցվոր կողմին: Հայցվորի ներկայացուցիչ Ա. Ապիտոնյանը դատավորին տեղեկացրեց, որ իրենք ավելացրել են հայցապահանջը: «Առավոտ» օրաթերթում տպագրված «Երբ հարեւանդ ոստիկան է» հրապարակմամբ Ա. Ղեւոնդյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցադիմումից բացի, հայցվոր կողմը ներկայացնում է լրացուցիչ հայց, ըստ որի, պահանջում է հրապարակման մեջ նշված տեղեկությունները համարել իրականության հետ չհամապատասխանող: Այդուհանդերձ, դատավորը կողմերին երկշաբաթյա ժամկետ տվեց ապացույցներ, լրացուցիչ փաստաթղթեր հանձնելու, ինչպես նաեւ՝ լրացուցիչ հայցապահանջն ուսումնասիրման առարկա դարձնելու համար: Դատական նիստի ավարտից հետո Ռ. Մինասյանը փորձեց մեկնաբանել Երեւանի քաղաքացիական դատարան ներկայացված «Առավոտ» օրաթերթի դեմ հայցի նախապատմությունը. «Գործի նախապատմությունը կապված է մի քաղաքացիական գործի հետ, որտեղ երկու հարեւաններ վիճարկում են իրենց մուտքում ինքնակամ կառույցի, խորդանոցի հարցը: Այս հարցն այնքանով էր «Առավոտին» հետաքրքրել, որ նախ՝ այդ փոքրիկ վեճն արդեն երկու տարի է, ինչ դատարաններում էր եւ հանգուցալուծում չէր գտել: Առաջին անգամ դատարանում հաղթել է հայցվոր Ա. Ղեւոնդյանը, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել է, որից հետո նորից ուղարկվել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, եւ, փաստորեն նորից Ա. Ղեւոնդյանը հաղթել է»: Ա. Ղեւոնդյանը նկատում է, որ Ռ. Մինասյանը հրապարակման մեջ ամենաբացասական գույներով է իրեն ներկայացրել եւ արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Մինչդեռ, լրագրող Ռ. Մինասյանը պնդում է, որ հոդվածում ոչ պատշաճ կամ վիրավորական արտահայտություն չի եղել, որը կպատվազրկեր ոստիկանին եւ հետեւանք կունենար նրա մասնագիտական գործունեության վրա: «Հոկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանում Գայանե Մարկոսյանի հայցն է վիճարկվելու, եւ ես գտնում եմ, որ դատական նիստից առաջ փորձ է արվում լրատվամիջոցին կանխելու, խանգարելու, որպեսզի նա չկարողանա շարունակել լուսաբանել դատական գործընթացը»,- նշեց Ռ. Մինասյանն` ավելացնելով, որ ինքը պատրաստ է ցանկացած նախադասության համար պատասխանատվություն կրել, քանի որ բացի տեղեկատվություն պարունակող նախադասություններից՝ որեւէ ապատեղեկատվություն հրապարակման մեջ չկա: