Նուռն իր այս անունը ստացել է թանկարժեք նռնաքարին նմանության համար: Նռան լատիներեն անվանումն է «Punica granatum», որը բառացիորեն թարգմանվում է՝ «փյունիկյան հատիկավոր»: Նռենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռենու պտուղները, կճեպը, արմատը, ծաղիկները: Նռան չորացրած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն ըստ էության նռան հյութն է: Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթն անհրաժեշտ է արյունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար օրական 1 հատ նուռ ուտելը պարտադիր է: Արքայական միրգը օգտակար է նաեւ աղիների խնդիրներ ունեցողների համար: Նռան չորացրած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գ եռացնել 1 բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը 2 անգամ` 2 ճաշի գդալ չափով:
Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաեւ ականջի ու քթի հիվանդությունների համար: 1 նռան հատիկները տրորել ու խառնել 100 գ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավացող մասին ու պահել մինչեւ ցավի մեղմանալը:
Այն նաեւ շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայման թքել, հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ: Արդյունքը լինում է նռան մեջ պարունակվող բակտերիցիդների շնորհիվ:
Նռան հյութի միջոցով հեռացնում են նաեւ դեմքի կորյակները (ուգրիներ): Դրա համար անհրաժեշտ է պատրաստել դիմակ 2 ճաշի գդալ նռան հյութով, 1 թեյի գդալ աղով ու օճառափրփուրով: Այս դիմակը դեմքի վրա կարելի է պահել 2 րոպեից ոչ ավելի:
Ուշադրություն. նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:
Ամեն օր 1 բաժակ նռան հյութը կօգնի տղամարդկանց պայքարելու իմպոտենցիայի դեմ: