Քրոնիկական հոգնածության ախտանիշ

28/09/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Հոգնածությունը, իհարկե, բոլորին ծանոթ վիճակ է: Բայց երբ այն շարունակական բնույթ է կրում եւ ուղեկցվում է քնկոտությամբ, գլխացավով ու մկանային թուլությամբ` չի բացառվում, որ դուք տառապում եք քրոնիկական հոգնածության սինդրոմով: Այն բավականին վերջերս բացահայտված ու շատ քիչ ուսումնասիրված սինդրոմ է: Կարելի է ասել` «դարի նոր հիվանդությունն» է, որն արդյունք է քրոնիկական սթրեսների ու գերհոգնածության:

Այս ախտանիշն առաջին անգամ նկարագրել է Ա. Լլոյդը` 1984թ., ում համոզմամբ` այս վիճակին առաջին հերթին բնորոշ է քրոնիկական ուժասպառությունը, որը չի անցնում անգամ լավ հանգստանալու դեպքում, եւ ժամանակի ընթացքում հանգեցնում է թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր աշխատունակության նվազման: Հիմնականում, քրոնիկական հոգնածության ախտանիշն իր արտահայտությունը գտնում է էկոլոգիայի տեսակետից անբարենպաստ վայրերում` այնտեղ, որտեղ շրջակա միջավայրը աղտոտված է, քիմիական արտանետումները շատ են, իսկ ռադիացիայի մակարդակն էլ ավելի բարձր է: Այս երեւույթները բացասական ազդեցություն են ունենում մարդու իմունային համակարգի վրա:

Քրոնիկական հոգնածության ախտանիշով հիվանդները տառապում են նյարդային համակարգի քրոնիկական սթրեսներով: Հոգնածությունն այս հիվանդության պարտադիր, բայց ոչ միակ նախանշանն է: Այս հիվանդության սկզբնական կլինիկական նշանները, որպես կանոն, կապված են գրիպով, անգինայով, ադենովիրուսային ինֆեկցիայով հիվանդանալուց հետո ձեռք բերած հետեւանքների հետ, քանի որ այս հիվանդություններից հետո թուլանում է մարդու իմունային համակարգը:

Մի քանի հոգեբանների շրջանում անցկացված բլից-հարցման պատասխանները, կարծես թե, փորձում են այս ախտանիշից ազատվելու ելքեր ցույց տալ: Օրինակ` Անդրեյ Խալինը, ով «Հոգեմշակույթ» կազմակերպության նախագահն է, գտնում է, որ հոգնածության ախտանիշից խուսափելու համար միշտ պետք է հիշել պրոֆիլակտիկ միջոցների մասին: Աշխատանքի վայրում յուրաքանչյուր ժամը մեկ կարելի է 5-10 րոպե ընդմիջում անել: Պետք է փորձել հերթականությամբ կատարել ֆիզիկական ու մտավոր աշխատանքը: Եթե աշխատանքի բնույթը մոնոտոն է, կարելի է մի քիչ ցրվել` լսելով հանգիստ երաժշտություն, լինելով բնության գրկում: Միշտ նույն տեսողական միջավայրը եւս շուտ է հոգնեցնում, հետեւաբար կարելի է փոփոխել աշխատանքային սենյակը` ստեղծելով այնտեղ փոքրիկ կանաչ անկյուն: Եթե հոգնելու պատճառներից մեկն էլ արտադրական աղմուկն է, ուրեմն դրա դեմ եւս պետք է պայքարել, քանի որ գիտենք, թե այն ինչպիսի նյարդային լարվածություն կարող է առաջացնել: Իսկ ահա Անկախ Հոգեբանների միության առաջատար մասնագետ Սվետլանա Գոլովանովայի առաջին խորհուրդն այն է, որ պետք է ստուգել, թե իսկապես դուք տառապո՞ւմ եք քրոնիկական հոգնածության ախտանիշով: Դրա համար կարելի է վերցնել մի ամբողջ հանգստյան օր ու քնել: Եթե դրանից հետո առաջանում է աշխատելու ու պիտանի լինելու եռանդ, ուրեմն ամեն ինչ կարգին է: Հակառակ դեպքում պետք է դիմել մասնագետի: Հիվանդության պատճառը կարող է լինել պարզապես այն, որ դուք զբաղվում եք մի այնպիսի աշխատանքով, որը ձեզ ոչ նյութական, ոչ հոգեկան հաճույք չի պատճառում: Այս դեպքում կարելի է հետեւել ամենապարզ խորհրդին` գտնել աշխատանք, որը ձեզ հոգեպես կբավարարի: Իհարկե, քանի որ դա այդքան էլ հեշտ չէ, սկզբի համար կարելի է դրական էմոցիաներով ռեսուրսներ փնտրել: Դա ոչ միայն աշխատանքն է, այլեւ սպորտով զբաղվելը, ընկերների հետ շփումը, սիրած զբաղմունքը եւ այլն: Այս ամենը կօգնի վերականգնել ուժերը:

Ալեքսեյ Տապորովը` հոգեբան «Արսենալ-Կոնսալտինգ» ընկերության բիզնես-մարզիչը, խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սեփական մարմնին` ֆիզկուլտուրա, մաքուր օդ ու ակտիվ կյանք: Նրա կարծիքով՝ եւս պետք է աշխատել դրական էմոցիաների աղբյուրի վրա: Յուրաքանչյուրը դա կարող է հասկանալ յուրովի` ընտանի կենդանի, փոքրիկ երեխա, մարդաշատ խնջույքներ եւ այլն: Այս ամենով հանդերձ` միշտ պետք է հիշել, որ վիճակի լավացումն աստիճանաբար է լինում: Կարելի է ազատվել աշխատանքի մոտ 20 տոկոսից: Սովորաբար այդ 20 տոկոսի մեջ են մտնում պարտականություններ, որոնք ձեր կամքին հակառակ են: Քրոնիկական հոգնածության ախտանիշի առաջացման պատճառներից մեկն էլ հանգիստը կազմակերպել չկարողանալն է: Եթե դուք չեք կարողանում քնել, պետք չէ հաբեր կուլ տալ, պետք է վեր կենալ, վառել լույսն ու զբաղվել ինչ-որ մի գործով, որը հաճույք կպատճառի ձեզ: Քրոնիկական հոգնածության ախտանիշն էմոցիոնալ սթրեսի պատասխանն է, որով հաճախ հիվանդանում են մարդիկ, ում աշխատանքը կապված է հասարակության հետ` բժիշկներ, մենեջերներ, մանկավարժներ: Արդյունքը վատ տրամադրությունն է, մարդկանց հետ չշփվելու ցանկությունը: Այս վիճակի շարունակականության դեպքում մեծ է ընդհանուր հիվանդությունների առաջացման վտանգը: Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ հասցրել դրան: Դրա համար ինքներդ ձեր համար վերլուծեք, թե որ իրավիճակները կամ ովքեր կարող են ձեզ հանել հավասարակշռությունից: Պետք է ճիշտ համակարգել ժամանակը: Օգնեք ձեզ տիրապետելու ինքնակարգավորման տեխնիկային, սովորեք լիցքաթափվել` գոնե 10-15 րոպե օրվա մեջ նստեք հանգիստ ու փորձեք չմտածել ոչնչի մասին: Ավելի շատ ծիծաղեք ու շփվեք մարդկանց հետ: Օրվա մեջ փորձեք անպայման ժամանակ տրամադրել հանգստին ու սպորտով զբաղվելուն եւ ընդհանրապես զբաղվեք այն բանով, ինչը ձեզ հաճույք կարող է պատճառել: Մի խոսքով` հոգ տարեք ձեր մասին: