Ավարտվեցին Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) եւ Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի համատեղ հարցումները երկու երկրներում, որոնք այս անգամ նվիրված էին մի շատ բարդ թեմայի՝ Ադրբեջանում եւ Հայաստանում մարդու իրավունքներին։
Ընթերցողը կհարցնի՝ ո՞րն է այդ թեմայի բարդությունը։ Խորհրդային տարիները մնացել են ետեւում, մենք անկախ ենք։ Ավելին՝ երեք տարի անց մեր երկրները կնշեն իրենց անկախության քսանամյակը։ Այս ժամանակաշրջանում նրանք պաշտոնապես հասել են շատ բանի. դարձել են միջազգային հանրության մի մասը, հայտարարել են դեպի եվրոպական ինտեգրում իրենց կողմնորոշման մասին, ընդունել են մեծ թվով նոր օրենքներ եւ կամավոր ստանձնել են ժողովրդավարական պարտավորություններ։ Իսկ գլխավորն այն է, որ մարդու իրավունքների թեման մեր հանրապետությունների քաղաքացիների համար այլեւս անհասկանալի եւ անծանոթ բան չէ, մեր կյանքի մի մասն է։
Ի՞նչ են ցույց տալիս փորձագետների պատասխանները։ Սկզբում նրանց առաջարկվել էր՝ գնահատել միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ) դերն ու գործունեությունը օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ։ Արձագանքը միասնական է. ոչ մեկը չի տվել դրական գնահատական։ Սակայն մոտեցումների մեջ կան տարբերություններ։ Եթե ադրբեջանցի փորձագետները (իրավապաշտպան Է. Զեյնալովը եւ «Թուրան» գործակալության տնօրեն Մ. Ալիեւը) քննադատել են այդ միջազգային կազմակերպություններին հենց Ադրբեջանի նկատմամբ դրսեւորած երկակի ստանդարտների եւ խախտումներին թույլ արձագանքելու համար, ապա հայ փորձագետները (քաղաքագետ Հ. Խուրշուդյանը եւ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Ա. Մելիքյանը)՝ ըստ էության միայն ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ունեցած մոտեցման համար: Ասես Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման տիրույթում խնդիրներ չկան։ Այսպիսի մոտեցում դրսեւորվում է նաեւ մնացած հարցերում։ Օրինակ՝ խոսելով երկու հանրապետություններում իրադրության զարգացման վրա ԵԽ ԽՎ-ի որոշումների ազդեցության մասին՝ ադրբեջանցի փորձագետները կտրուկ քննադատության են ենթարկում ԵԽ ԽՎ-ի դիրքորոշումն առաջին հերթին եւ ավելի մեծ չափով՝ Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ ի՞նչ են ասել հայ փորձագետները։ Դարձյալ խորհրդային ոճով մեզ համար երգում են հին երգը «հարեւան շրջանում, բայց ոչ մեզ մոտ» առկա խնդիրների մասին։ Մինչդեռ նրանք հարցվել են Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի, մեծ թվով քաղբանտարկյալների եւ առնվազն տասը զոհվածների եւ մինչեւ երկու հարյուր վիրավորների առկայության պայմաններում։
Գործնականում նույն պատկերն ենք տեսնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրներին նվիրված այլ հարցերի պատասխաններում: Նորից ադրբեջանցի փորձագետները (փաստաբան Ֆ. Աղաեւը եւ քաղաքագետ Ա. Օրուջլուն), առանց անհարմար զգալու, տուրք չտալով Կովկասում տարածված «աղբը տնից դուրս չհանելու» սովորությանը` խստորեն մատնանշում են, որ Ադրբեջանի իշխանությունները զբաղվում են պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով: Հայ մասնագետների՝ Շ. Քոչարյանի եւ ՀԿ ներկայացուցիչ Կ. Բեքարյանի արձագանքն ուրիշ է. նրանք արձանագրում են այն «լուրջ փոփոխությունները», որոնք կատարվել են Հայաստանում Եվրախորհուրդ մտնելուց հետո։
Բոլոր հարցվածները համաձայն են, որ Ղարաբաղյան խնդրի լուծված չլինելն ազդում է իրենց երկրների ժողովրդավարացման գործընթացի վրա: Բայց եթե ադրբեջանցի փորձագետները դարձյալ հարցին մոտենում են խիստ ինքնաքննադատաբար եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնում են սեփական երկրի վիճակի վրա, ապա հայ փորձագետների մոտ վերստին տեսնում ենք գունազարդելու եւ խնդիրների մասին լռելու ձգտումը։ Հատկապես հեռու է գնում Շավարշ Քոչարյանը, որը չի խուսափում բարձրաձայնել հայերի մի մասի շրջանում տարածված լեգենդը. պարզվում է, որ ժողովրդավարության տեսանկյունից՝ «Ղարաբաղը կարող է օրինակ դառնալ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար»։
Ապշեցուցիչ է, բայց նրա մտքով չի անցնում հետեւյալ պարզ հարցը. այդ դեպքում ինչո՞ւ «ժողովրդավարական» Ղարաբաղում այդպես ակնհայտորեն թերզարգացած է քաղաքացիական հասարակությունը, ինչո՞ւ այնտեղ հասարակական կազմակերպությունները եւ թերթերը (առհասարակ, այլ ոչ թե միայն՝ անկախ եւ ընդդիմադիր) ավելի քիչ են, քան Հայաստանի եւ Ադրբեջանի շրջաններից որեւէ մեկում։ Ինչպե՞ս կարելի է խոսել մի շրջանի ժողովրդավարության մասին, որն ապրում է պատերազմական ժամանակի պայմաններում, ինչն ինքնին ենթադրում է սահմանափակումներ հենց ժողովրդավարության տիրույթում։
Եթե ադրբեջանցի փորձագետները բացահայտորեն հաստատում են խոսքի ազատության ասպարեզում առկա լուրջ խնդիրների առկայությունը եւ կտտանքների կիրառման փաստերը, ապա հայերը ակնհայտորեն ձգտում են ընթերցողներին մատուցել գեղեցիկ փաթեթավորված տեղեկություններ։ Նրանք փորձում են մեզ հավատացնել, թե չգիտեն Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, ինչպես նաեւ՝ ձերբակալվածների նկատմամբ կտտանքների եւ ազդեցության այլ անօրինական ձեւերի առկայության մասին։ Այո, հավատացնում են փորձագետները, Հայաստանում լինում են առանձին դեպքեր, համաձայն ընդդիմության հայտարարության, բայց պարզվում է, որ դատապարտյալներն ունեն հանցակազմ։ Իսկ խոսքի ազատության հետ կապված՝ պարզվում է, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է, «կան միայն հարկային ճնշումներ եւ ֆինանսական դժվարություններ» (Շ. Քոչարյան) եւ «լրագրողների անընդունակությունը՝ օգտվելու այդ խոսքի ազատությունից» (Կ. Բեքարյան)։
Նման բաներ կարդալիս այնպիսի տպավորություն ես ունենում, որ հայ փորձագետները մոռացել են, որ մենք 21-րդ դարում ենք, որ կա Ինտերնետը, եւ ցանկացած մարդ կարող է կարդալ նույն Հայաստանի մամուլը եւ իմանալ այս կամ այն խնդիրների մասին։
Իհարկե, եթե մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված իրադրության մասին հարցնենք Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած քաղաքագետներին ու փորձագետներին, ապա կստանանք (եւ ամեն օր ստանում ենք) բացարձակապես նույն բանը, ինչ ասել են հարցված հայ փորձագետները։ Ադրբեջանում էլ կան ճիշտ այդպիսի մարդիկ՝ խորհրդային մենթալիտետով, որոնք հայտարարում են, թե Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ, այլ կան մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, որոնք բանտարկված են որոշակի քրեական հանցագործությունների համար, եւ խոսքի ազատության հետ կապված ամեն ինչ լավ է։ Իմիջիայլոց, վերջերս նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ միջոցներ (ավելի քան 250. 000 ԱՄՆ դոլար) հատկացրեց Ադրբեջանում ԶԼՄ-ների, այդ թվում` նաեւ ընդդիմադիր թերթերի զարգացման համար։ Ժողովրդավարացման գործընթացը մեզ մոտ առաջ է գնում յոթմղոնանոց քայլերով, եւ առհասարակ մենք տարածաշրջանում դարձել ենք առաջատար այս եւ այլ ոլորտներում, մեզանից նույնիսկ օրինակ են վերցնում։ Եվ ի՞նչ, պիտի հավատա՞նք այս ամենին։
Անցյալ տարվա վերջին, Երեւանի արյունալի իրադարձություններից երկու ամիս առաջ, «Հարավկովկասյան ինտեգրում. այլընտրանքային մեկնարկ» կայքում (www.southcaucasus.com) հրապարակվեց հարցազրույց Ադրբեջանում լավ հայտնի գործիչ Աշոտ Բլեյանի հետ, որտեղ նա դառնությամբ նկատում էր, որ ներկա Հայաստանում «կա միայն անասնական վախ. չէ՞ որ մեր հասարակությունը ոչնչով չի տարբերվում խորհրդային տոտալիտար կարգից»։ Անշուշտ, նույն բանը կարող ենք ասել եւ Ադրբեջանի մասին: Ճիշտ է, այստեղ քաղաքացիական հասարակության առաջնորդները կարող են խոսել եւ խոսում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրների մասին, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական մամուլի էջերում, իսկ դա պահանջում է ավելի մեծ քաջություն։
Արիֆ ՅՈՒՆՈՒՍՈՎ
Ադրբեջան