«Ամերիկան մեզ է պատկանում: Մորուսավոր փոթորիկ». այսպես է կոչվում թուրք
գրողներ Էրդողան Էկմեկչիի եւ Ադեմ Յոզյոլի նոր վեպը, որը պատմում է, թե
ինչպես են թուրքերը ԱՄՆ-ը գրավում: Ընդ որում, այդ գործում նրանց օգնում
են այլմոլորակայինները, ովքեր թուրքերին փոխանցում են աշխարհին տիրանալը
հեշտացնող գաղտնի մի սարքավորում: Գրավելով Սպիտակ տունը, թուրքերը
ներկում են այն իրենց դրոշի գույներով, արեւելյան ոճի խնջույք անում,
փոփ-երգչուհի Մադոննային համոզում պորտապար պարել եւ Ազատության արձանին
բեղեր ավելացնում: Եվ դրանից հետո Երկրի վրա դրախտ է սկսվում: «Կար
ժամանակ, երբ թուրք օսմաններն աշխարհի տերն էին,- ասել են հեղինակները,-
սակայն նրանք, ի տարբերություն Ամերիկայի, չէին նսեմացնում այլ
ժողովուրդների: ԱՄՆ-ը գրավելը գուցե ծիծաղելի է թվում, սակայն եթե դա
իրականանար, իշխանությունն ավելի մարդասիրական կլիներ»: Թուրք գրողները
վերջերս շատ են տպում հայրենասիրական եւ նացիոնալիստական թեմաներով գրքեր,
որոնցից շատերը կառուցված են բեստսելլերի կանոններով:
Ն.Հ.