Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում «Ունիսոն» հ/կ-ն անցկացնելու է հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթը եւ հաշմանդամ կանանց գեղեցկության 4-րդ հանրապետական ֆոտոմրցույթը:
Ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթում սահմանված են երեք անվանակարգեր` գոբելեն ու ասեղնագործություն, գեղանկարչություն ու փորագրություն, խեցեգործություն: Բացի գլխավոր եւ խրախուսական մրցանակներից՝ յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է նաեւ «Երկրաշարժն իմ աչքերով» թեմայով հատուկ մրցանակ: Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Ունիսոն» հ/կ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարիանա Չալիկյանն «Արմենպրեսին» ասել է, որ նման միջոցառումների նպատակն է՝ բարենպաստ պայմաններ ստեղծել հաշմանդամների ներուժի զարգացման համար, նրանց ներգրավել հասարակության մեջ, իսկ վերջինիս ներկայացնել հաշմանդամների խնդիրները: Կազմակերպվում են նաեւ ցուցահանդեսներ. Սպիտակում եւ Գյումրիում ցուցահանդեսները բացվել են օգոստոսին, իսկ Վանաձորում կբացվի հոկտեմբերի 3-ին:
Նշենք, որ հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 1-ին հանրապետական մրցույթն անցկացվել է 2005թ., իսկ հաշմանդամ կանանց գեղեցկության հանրապետական ֆոտոմրցույթն ամենամյա է: