MIDEM-ը` Շառլ Ազնավուրին

28/09/2008

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 2009թ. հունվարի 19-ին կստանա MIDEM-ի սահմանած մրցանակը «Ստեղծագործական կյանքում ունեցած ներդրման համար» անվանակարգում: BUSINESS WIRE լրատվական գործակալության փոխանցմամբ, MIDEM-ը համաշխարհային երաժշտական բիզնեսի ամենախոշոր տարեկան տոնավաճառն է, որին մասնակցում են երաժշտական աշխարհի առաջատար գործարարները, աստղերը եւ երաժշտական հեղինակավոր ԶԼՄ-ները: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվում են խորհրդաժողովներ, քննարկումներ, երիտասարդ կատարողների պրեմիերաներ, տեղի են ունենում մրցանակաբաշխություններ տարբեր անվանակարգերում: Տոնավաճառը հիմնադրվել է Ֆրանսիայում եւ 1967 թվականից սկսած անցկացվում է Կաննում: 2009թ. հունվարի 18-21-ը տեղի կունենա MIDEM-ի 43-րդ տոնավաճառը:

BUSINESS WIRE-ը նշում է, որ ավելի քան 800 երգ հեղինակած Շառլ Ազնավուրը մինչեւ այս տարեվերջ թողարկելու է «Դուետներ» նոր ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցել են շոու-բիզնեսի այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Փոլ Անկան, Սելին Դիոնը, Պլաչիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Քերոլ Քինգը, Լայզա Մենելին եւ Սթինգը: «Կասկած չկա, որ Շառլ Ազնավուրն աշխարհում ամենաճանաչված ֆրանսիացի երգիչն է, նա կենդանի լեգենդ է ֆրանսիական շանսոնի պանթեոնում: MIDEM-ի համար մեծ պատիվ է մրցանակ շնորհել այդ կատարողին»,- ասել է MIDEM-ի գործադիր տնօօրեն Պոլ Զիլքը: