ԵՊՀ ռեկտորը կփոխվի՞

28/09/2008

Ըստ «Ա1+»-ի` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում:

Հիշեցնենք, որ ուսումնական տարվա սկզբին Արամ Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը շատ հանգիստ է վերաբերվում այդ լուրերին. «Ինձ ոչ ոք չի կարող պաշտոնանկ անել` բացառությամբ ԵՊՀ կառավարման խորհրդի»,- ասել էր Արամ Սիմոնյանը: ԵՊՀ լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում ռեկտորի պաշտոնանկությանը վերաբերող լուրերը որակել է որպես բամբասանք եւ զրպարտություն: «Արդյոք այդ բամբասանքում ճշմարտության հատիկ կա՞»` «Ա1+»-ի հարցին Կարեն Գրիգորյանը պատասխանել է. «Ես ճշմարտության հատիկ այդտեղ չեմ տեսնում, որովհետեւ անհիմն խոսակցություններ են: Չի նշվում, թե ով եւ ինչու է ուզում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել: Ժամանակը ցույց կտա` դա ճի՞շտ է, թե՞ ոչ»: Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է: Ռեկտոր ընտրում է Համալսարանի խորհուրդը, որի կազմում ընդգրկված են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, Կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ, Կրթության եւ գիտության նախարարության նշանակած անդամներ եւ ուսանողներ:

Ինչո՞ւ են փոխվել դասախոսները

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, թե ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ Վահան Փափազյանը, Տիգրան Հակոբյանը, Էդիկ Բաղդասարյանը եւ Տիգրան Խզմալյանը հեռացվել են աշխատանքից ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով: ԵՊՀ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ նրանք այս տարի ԵՊՀ-ում չեն աշխատելու, քանի որ ֆակուլտետների ուսումնական ծրագրերում փոփոխություններ են եղել: Ըստ նրա` նրանք եղել են հրավիրված դասախոսներ, Վահան Փափազյանն ու Տիգրան Հակոբյանը համագործակցել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամբիոնի, իսկ Էդիկ Բաղդասարյանն ու Տիգրան Խզմալյանը` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Սակայն Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե Տիգրան Հակոբյանն իրենց ամբիոնի հետ երբեւէ չի աշխատել: Էդիկ Զոհրաբյանը նաեւ հրաժարվել է մեկնաբանել Վահան Փափազյանի հետ այս ուսումնական տարում պայմանագիր չկնքելու պատճառները: Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն «Ա1+»-ին պարզաբանել է, որ Տիգրան Խզմալյանի դասավանդած «Վավերագրական կինո» առարկան այս տարի վերափոխվել է Կինոյի պատմության եւ տեսության, որը կդասավանդի մեկ այլ մասնագետ: «Բացի այդ, Տիգրան Խզմալյանն ինքն է զանգահարել եւ ասել, որ իրեն այս տարի դասաժամ չտանք, քանի որ զբաղված է»,- ասել է Նաղաշ Մարտիրոսյանը: Նա «Ա1+»-ին ցույց է տվել ուսումնական պլանը, որտեղ նշված է եղել, որ Էդիկ Բաղդասարյանը դասավանդելու է 3-րդ եւ 4-րդ կուրսերում: «Պարզապես ուսումնական պլանով այնպես է ստացվել, որ նա այս տարի մեր ուսանողներին չի դասավանդելու, բայց սա քաղաքական հայացքների հետ կապ չունի»,- պնդել է Նաղաշ Մարտիրոսյանը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Էդիկ Բաղդասարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել են ֆակուլտետի դեկանի խոսքերը: Ի դեպ, այս տարի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում չի դասավանդելու նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: