Ինգա եւ Անուշ Արշակյաններն իրենց երգարվեստը «երաժշտական
հնէաբանություն» են անվանում, համարելով, որ ոճերի խառնուրդն ու մոռացված
մեղեդիներին երկրորդ կյանք տալն ավելի հետաքրքիր է, քան «հաջողության
հասնելու պարանոիկ ցանկությունը»: Երիտասարդ աղջիկների հնչեղ ձայներն ու
գունեղ կերպարները հիշվում են, սիրվում, իսկ երգերը՝ տարբերվում այն
միատեսակ տարափից, որը տեղում է ռադիո եւ հեռուստաեթերից:
Քույրերի երգերի եւ նույնիսկ արտաքին տեսքի՝ հագուստի եւ զարդերի մեջ
էթնիկ տարրեր կան: «Երգերում մաքուր էթնիկա չի էլ կարող լինել: Ինչքան էլ
ուզես նատուրալ անել, չի ստացվի: Քո նատուրան այս քաղաքում է, այն է,
ինչով հիմա ապրում ես»,- ասում է Անուշը: Նրանց ոճը եւ ջազի ազատությունն
ունի, եւ ժողովրդական մեղեդիների պարզությունն ու կիրքը, եւ դասական
երաժշտության կանոնակարգված զսպվածությունը: Դա իրենց ոճն է՝ ինքնատիպ ու
անկեղծ: «Շատ բան ենթագիտակցությունից է կախված: Հաճախ երգի նյութ գտնելու
համար էքսպեդիցիաներ ենք անում: Կարող է միանգամից 300 երգ հավաքենք,
բերենք ու լսենք: Անգիր երբեք չենք անում, քանի որ անգիր անելը գիտակցական
աշխատանք է: Սպասում ենք մի քանի օր, մեկ էլ հանկարծ մի երգ կամ մեղեդի
սկսում է հիշողության հատակից լսվել»,- ասում է Անուշը, ով զուգերգի
կազմում ստեղծագործական աշխատանքի եւ երգերի ձեւավորման պատասխանատուն է:
Հետաքրքիր աշխարհի համար
Անուն վաստակած եւ հաճախ շրջագայող հայ երգիչները՝ Հայաստանից դուրս
համերգներ կազմակերպելով, գրեթե միշտ հաշվի են առնում, որ իրենց լսարանը
հայերից պետք է բաղկացած լինի, եւ համերգային ծրագիրը հարմարեցնում են
«կարոտը սրտում» հայի համար: Միջազգային երգի ասպարեզ դուրս գալու, գրագետ
ներկայանալու եւ, ինչո՞ւ ոչ, աշխարհին հետաքրքիր լինելու սանդղակի
համաձայն ինչ-որ տեղ զբաղեցնելու համար հարկավոր է իմանալ. ո՞ւմ վրա
«ստավկա անել», ո՞վ է իսկապես հետաքրքիր եւ շնորհալի: Ո՞վ հեռանկար ունի:
Եթե երաժշտական նյութն ավելին թույլ չի տալիս, կարելի է մեկօրյա «աստղեր»
ստեղծել, սակայն երբ Հայաստանի սահմաններից դուրս գալով երկարատեւ ու
կայուն հաջողություն է ակնկալվում, նյութն էլ պետք է մրցունակ լինի: Հաշվի
առնելով հետաքրքրությունը էթնիկայի նկատմամբ, Արշակյան քույրերի
երաժշտությամբ համարձակ կարելի է աշխարհին ներկայանալ: Թարմ էթնո տարրերով
համեմված երաժշտությունը հետաքրքրում եւ հուզում է բոլորին՝ անկախ
ազգությունից: Աշխարհին ներկայանալու լավ առիթ Ինգան եւ Անուշն ունեցան
ԱՄՆ-ում, երբ Երգի թատրոնի հետ հյուրախաղերի էին մեկնել: Այնտեղ եւ
որոշվեց, որ պետք է ձայներիզ թողարկվի եւ մենահամերգ կազմակերպվի: 2000
թվականին լույս տեսած իրենց միակ ձայներիզում կային եւ՛ միայն իրենց ոճին
հատուկ, եւ՛ «մաքուր» էստրադային երգեր: Քույրերը գտնում են, որ Երգի
թատրոնի շնորհիվ դարձան ճանաչված, թեեւ սկզբում՝ հաշվի առնելով դասական
երաժշտության ուսումն ու սեփական կարծիքը, թերահավատորեն էին վերաբերվում
թատրոնի երգիչ դառնալուն: Առաջին մարդը, ում դիմել էին քույրերը, եղել է
Շուշան Պետրոսյանը, որն իրենց խորհուրդ է տվել Արթուր Գրիգորյանի մոտ
գնալ՝ ասելով. «Դա լավ դպրոց է»: Անցնելով այդ դպրոցը, նրանք ավելի
ունիվերսալ դարձան, սակայն այդ տարիների աշխատանքը այժմ համարում են
«թերթած էջ», որին վերադառնալ չեն ցանկանում: Ինգա եւ Անուշ Արշակյանները՝
երգելով Լոս Անջելեսում, հավաքել են բնավ էլ ոչ միայն հայերին: Զարմանալի
է, բայց իրենց այդ միակ համերգային ծրագրին ներկա գտնված ամերիկացիները,
աֆրո-ամերիկացիները եւ այլ ազգի ներկայացուցիչները մեկ տարի անց էլ հիշում
էին այդ համերգն ու հարցնում ամերիկահայերից՝ ե՞րբ են քույրերը նորից
գալու: Համերգից մի քանի ամիս հետո նոր համերգների հրավերներ եղան, սակայն
քույրերը հրաժարվեցին՝ կարծելով, որ նույն ծրագիրը կարող է ձանձրալի
լինել: Ռուսաստանում այս դուետը շատերը հայտնություն են համարում եւ
զարմանում, թե ինչո՞ւ իսկապես թարմ երաժշտական մոտեցմամբ աշխատող այդ
աղջիկները չեն ճանաչվում աշխարհում: Քույրերը երկար ժամանակ է ինքնուրույն
են աշխատում եւ զգուշությամբ մոտենում նոր պրոդյուսերի ընտրությանը՝
չցանկանալով երկարատեւ պայմանագրեր ստորագրել: Առաջարկները շատ են:
«Երաշխիք չունենք: Առաջարկները հաճախ անհասկանալի են եւ միայն
խոսակցությունների մակարդակի վրա էլ մնում են: Անգլիայից մեզ զանգահարեցին
եւ ասացին, որ ուզում են մեզ հետ աշխատել: Որտեղի՞ց էին մեզ ճանաչում,
չգիտենք,- ասաց դուետի ադմինիստրատիվ պարտավորությունները ստանձնած Ինգան:
Փորձելով իրենց ուժերով ներկայանալ աշխարհին, քույրերն իրենց ինտերնետային
կայքն են ստեղծել եւ ակտիվ նամակագրություն ունեն աշխարհի տարբեր
երաժիշտների հետ: «Լինում են տարբեր մրցույթների մասնակցելու հրավերներ՝
Ֆրանսիայից, Իտալիայից, նույնիսկ՝ Թայվանից: Չենք մասնակցում, քանի որ
ճանապարհածախսը մեր հաշվին պետք է լինի»,- ասում է Ինգան: Այսօր
Հայաստանում երգիչը կայուն եկամուտ է ունենում միայն ակումբներում
երգելով: Ոչ համերգները, ոչ էլ, հաշվի առնելով «պիրատներին», ձայներիզների
վաճառքը, թույլ չեն տալիս խոսել երաժշտությամբ վաստակելու մասին: Ինգան եւ
Անուշը, թեեւ Ամերիկայում ակումբներից մեկում կուբացի էթնո-ջազ խմբի հետ
Նարեկացու գործերն են երգել, իսկ Հայաստանում մեկ համատեղ համերգ են
ունեցել Արտո Թունչբոյաջյանի հետ, կարծում են, որ դա իրենց ուղին չէ:
«Մենք խուճապահար չենք լինում, երբ գումար չենք աշխատում, սակայն
հասկանում ենք՝ ժամանակ քիչ ունենք: Տարբեր դռներ ես թակում, եւ համոզված
ենք՝ անպայման որեւէ մեկը կբացվի»,- ասում են նրանք:
Շուտով ավարտվելու է երկրորդ ձայներիզի ձայնագրությունը, որը ամբողջովին
քույրերի ուժերով եւ գումարով է արվում: «Ինչը որ մեզնից է կախված՝ մենք
անում ենք: Նույնիսկ, գումար հավաքելու համար, մի քանի ամիս ակումբում
երգեցինք, թեեւ դա մեր սկզբունքներին դեմ է»,- ասում են նրանք: Երգերը
ձայնագրվում են կենդանի նվագակցությամբ: «Երաժշտությունը եւ վոկալը պետք է
real-time լինեն, որպեսզի կարողանանք մեր ուզած ազդեցությանը հասնել»,-
ասում է Անուշը: Պատրաստվող ձայներիզից բացի նախատեսվում է երգերի հիման
վրա նկարահանել DVD ֆիլմ-բեմականացում: Կլինի նաեւ համերգային ծրագիր:
Արշակյան քույրերը, Երգի թատրոնի բեմից երգելուց բացի, Հայաստանում
մենահամերգ չեն ունեցել: Այդ բոլորը դեռ ծրագրեր են, որոնք իրականացվում
են պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի աջակցությամբ: «Մենք դեռ պետք է իրար հետ
ծանոթանանք, ճանաչենք իրար»,- ասում են քույրերը, ովքեր վերջերս արժանացան
ՀՀ նախագահի խրախուսական դրամային մրցանակին, որը կոչված է աջակցել
երիտասարդ կատարողներին: «Ամեն ինչ փորձում ենք, – ասում են նրանք, –
«Gremmy»-ի կոորդինատները իմանանք՝ ժյուրիին կուղարկենք մեր երգերը»: