Նրանք ավելի հավասար են

24/09/2008

ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Արշալույս Փայտյանի զարմիկների` Արմավիրի զինվորական կոմիսար, գնդապետ Գառնիկ Փայտյանի որդիների` սպաներ Արտյոմ եւ Արկադի Փայտյանների նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունն առաջադրել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար: Օգոստոսի 31-ին, երբ Էջմիածին քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանը մեկնել է դեպքի վայր: Ավտովթար կատարած BMW-525 մակնիշի 06ԼU378 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ Արտյոմ եւ Արկադի Փայտյաններն ու ինքնությունը չպարզված եւս երկու անձինք քաշքշել, հայհոյել, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էին գործադրել քննիչի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, Փայտյաններն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը եւ խոստովանական ցուցմունքներ են տվել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Հիշեցնենք, որ 316 հոդվածի նույն մեղադրանքով ավելի քան 6 ամիս ազատազրկված են Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթեւոսյանը ու մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված շատ այլ կալանավորներ: Հատկանշական է, որ Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվածների նկատմամբ դատարանին խնդրել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ Փայտյան եղբայրների դեպքում բավարարվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Տեղեկացնենք, որ տվյալ հոդվածի առաջին մասով սահմանված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը: Դժվար չէ ենթադրել, որ իրավապահները Փայտյան եղբայրների դեպքում ամենայն հավանականությամբ կբավարարվեն տուգանք նշանակելով: