Հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց

24/09/2008

«Որեւէ հանձնաժողով ստեղծելուց առաջ լավ կլիներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Այդ ժամանակ մենք կարող ենք ստեղծել տարբեր հանձնաժողովներ եւ ենթահանձնաժողովներ` ցանկացած հարցով»,- թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու հնարավորությանը` հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա տարօրինակ է համարել Հայոց ցեղասպանության առնչությամբ նման հանձնաժողովի կայացնելիք որոշումների ճանաչմանը վերաբերող հարցերը: «Քանի որ, ի վերջո, մի խումբ ակադեմիկոսներ եւ պատմաբաններ նստելու են եւ ինչ-որ բան ասեն: Ասենք, ես ընդունում եմ նրանց որոշումը: Իսկ եթե իմ հաջորդը գա եւ ասի` «ես չեմ ընդունում»: Այլ խոսքով, այդ հանձնաժողովի որոշումը չի կարող պարտավորեցնող լինել: Դա կարող է լինել միայն առաջարկ կառավարություններին եւ որոշում ընդունողներին»: Ըստ թուրքական մեկ այլ թերթի` «Թըրքիշ դեյլի նյուսի», հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի նկատմամբ: