Շնորհավորել է դեսպանի միջոցով

24/09/2008

Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Մ. Յովանովիչը Ս. Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ընդգծելով Միացյալ Նահանգների պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար: Մ. Յովանովիչը ԱՄՆ-ի կառավարության անունից ողջունել է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը եւ նշել, որ այն շրջադարձային նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ կխթանի խաղաղության ու կայունության հաստատմանը: