Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Իր երկար պատմության ամբողջ ընթացքում հայ ժողովրդին բնութագրում է անկախության, ինքնուրույնության եւ գոյատեւման ոգին: Դարեր շարունակ ապրելով պարսից, ռուսական եւ թուրքական կայսրություններում, հայերը իրենց ժամանակակից անկախությանը հասել են նախ 1918թ., ապա վերստին ձեռք են բերել այն խորհրդային կարգերի 70 տարիներից հետո` 1991թ.: Նրանց պայքարը շարունակվում է, իսկ նոր անկախության տարիներին նրանք կարողացել են ուղղորդել սեփական ճակատագիրը պատերազմի եւ տնտեսական դժվարությունների միջով: Նույնիսկ ցեղասպանությանը դեմ հանդիման` անցյալը չհաղթեց հայերին ոչ Հայաստանում եւ ոչ էլ սփյուռքում: Հայ ժողովրդի եռանդը եւ տաղանդները վիթխարի օգուտ են բերել Ամերիկային: Հսկայական է ամերիկահայերի նպաստը ամերիկյան կյանքում` մեր արվեստում եւ գիտությունում, բիզնեսում եւ քաղաքականությունում»: ԱՄՆ նախագահի թեկնածուն իր ուղերձում անդրադարձել է նաեւ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` մասնավորապես, գրելով. «Հակամարտությունը Վրաստանում ցույց է տալիս թաքնված վտանգը, երբ աճող լարվածությունը անտեսվում է, եւ ԱՄՆ-ը առաջնորդվում է անտեսման դիվանագիտական ռազմավարությամբ»: Սակայն Բ. Օբաման հուսադրող է համարում վերջերս տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն` երկխոսություն սկսելու ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ձեռնարկած քայլը: Նման երկխոսությունը, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի համոզմամբ, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ «Հայաստանին ընձեռել առեւտրի, տրանսպորտի եւ էներգակիրների մատակարարման ավելի դիվերսիֆիկացված հնարավորություններ»: «Ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնվի այդ քայլի վրա` երաշխավորելու համար Հայաստանին ոչ միայն անկախության, այլեւ Միացյալ Նահանգների եւ նրա այլ դաշնակիցների հետ գործընկերության եւ համագործակցության ապագա»,- ասել է նա: