Սեպտեմբերի 21-ին լրացավ Հայաստանի Անկախության 17-ամյակը: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ, սակայն, ինչպես անցած տասը տարիներին, այս տարի եւս Հայաստանի Անկախության տոնը նրանք նշեցին միանգամայն տարբեր վայրերում, առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր թիմակիցների ու համախոհների հետ:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գաղափարակիցների հետ Անկախության տոնը նշում էր Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում, ՀՀ երրորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` նախագահական նստավայրում: Հայտնի չէ, թե որտեղ եւ ում հետ է Անկախության 17-ամյակը նշել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա համակիրները դիմավորեցին «Լեւոն, նախագահ» վանկարկումներով: Այնտեղ էին բոլոր նրանք, ովքեր անցած տարվա սեպտեմբերին` Լ. Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալուց ու Համաժողովրդական շարժման մեկնարկից հետո եղել են նրա կողքին: «17 տարին եւ՛ շատ ժամանակ է, եւ՛ քիչ, եթե, մանավանդ, հիշենք, որ մեր Առաջին Հանրապետությունը ընդամենը երկուսուկես տարի է տեւել: Դրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք գիտակցենք, որ անկախությունը մեր վերջին շրջանի պատմության ամենամեծ նվաճումն է, որը ձեռք է բերվել ձեր ջանքերով: Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 1991թ. սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվե եւ 100 տոկոսով կողմ է քվեարկել անկախության: Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետեւ մեր հիմնական նվաճումը դեռեւս առջեւում է: Ես միշտ էլ ասել եմ, որ անկախությունը երկրորդական է, եթե այն չի բերում ազատության: Անկախությունը ազատության հասնելու միջոցն է: Հիմա մեզ է մնում կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը` նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը»,- իր ելույթում հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական իրավիճակին: «Ես չէի ուզի այսօրվա տոնը քաղաքականացնել, բայց ես չեմ կարող անտեսել այսօրվա մռայլ մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում: Այսօր դժբախտաբար, հերթական անգամ, դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել, մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետերի ձեռքում: Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետերը, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են: Այս երկիրը պատկանում է ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենք»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Խոսելով իրական «նստակյացների»` քաղբանտարկյալների մասին, Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ նրանք այսօր էլ շարունակում են իրենց պայքարը` «հանուն մեր բոլորի ազատության»: «Նրանք հսկայական նվաճումներ են ունեցել, ինչպես անկախության, այնպես էլ Ղարաբաղի ազատագրման ճանապարհին եւ այսօր էլ շարունակում են, իրենց պայքարը հանուն մեր բոլորի ազատության: Եթե այսօր նրանք բանտերում են` միայն նրանք չէ, որ ազատազրկված են: Մենք` բոլորս, ազգովի ազատազրկված ենք եւ մինչեւ նրանք դուրս չգան բանտերից, մենք` այստեղ բոլոր կանգնածներս, ազատ չենք կարող լինել»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ
Ինչպես արդեն նշեցինք, հայտնի չէ, թե որտեղ եւ ինչ միջավայրում է Անկախության 17-ամյակը նշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նա սեպտեմբերի 21-ին Հայաստանում չի եղել:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ
Սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ին ՀՀ նախագահական նստավայրում էին հավաքվել իշխանության բոլոր կառույցների ներկայացուցիչները: Հրավիրված էին նաեւ ԶԼՄ-ների ղեկավարները: «Այսօր մեր գլխավոր պետական տոնն է: 17 տարի առաջ մեր հավաքական կամքի արտահայտության շնորհիվ հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքը դարձավ անշրջելի իրողություն: Հայոց անկախ պետության վերաստեղծումը պատմության հրամայականն էր: Մեր ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախության կորստի հետ: Եվ չէր կարող հաշտվել այն ազգը, ում պատմիչներն ու գրողներն անազատությունն ու օտարի իշխանությունը դեռ դարեր առաջ անվանել են անօրեն: 17 տարի առաջ մեր անկախության համար իրենց քվեն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կերտում են այսօրվա ու վաղվա Հայաստանի պատմությունը: Պատահական չէ, որ մեզնից յուրաքանչյուրն այս տոնական օրը մտովի պատասխանում է հարցերի. ի՞նչ է իր համար անկախությունը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն այս ճանապարհին, ինչպիսի՞ն պետք է լինի մեր երկրի զարգացման ընթացքը, պետականության ի՞նչ ավանդույթներ ենք թողնելու ազատության մեջ ծնված մեր զավակներին: Այդ հարցերը ես տալիս եմ նաեւ ինձ: Անկախությունը մեր երազանքի իրականացումն է, մեր կենսագրությունը. վայրիվերումներով, մաքառումով ու պայքարով լեցուն շրջանը, մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունն ու կարողությունը, զոհողությունների գնալու, այդ զոհողությունների գնով համազգային ձեռքբերումներ ունենալու, դրանցով միասնաբար հպարտանալու իրավունքը»,- իր ելույթում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե «մեր պատմությունը մեր կամքով կերտելու իրավունքն է անկախությունը. այլեւս անփոխարինելի ու անսակարկելի»: Ըստ նրա, անցած 17 տարիների ընթացքում հաջողվել է պաշտպանել մեր երկիրը, կայացնել պետական համակարգը, դնել զարգացող տնտեսության հիմքերը, նոր շունչ հաղորդել մեր մշակույթին, կրթությանը, առողջապահությանը: «Այսօր մեր երկիրը առաջ է ընթանում, իսկ եթե կա զարգացում, ապա կա ուժ, որ կանգնած է այդ զարգացման թիկունքում: Այդ ուժը մեր հայրենակիցներն են, նրանց աշխատանքը, նվիրումն ու զոհողությունները: Այդ ուժը մեզնից յուրաքանչյուրն է: Սրանով է, որ մեզ համար սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության տոն է: Այս հպարտությունն ինքնահավանություն չէ բնավ: Մեր հպարտությունը չի սնվում միայն մեր փառավոր պատմությունից, մեր նախնիների նվաճումներից ու հաղթանակներից, այլ հիմնվելու է պետականության այն ավանդույթների վրա, որոնց հիմքը դրվում է այսօր: Անկախության հռչակումից ցայսօր մենք ձեւավորում ենք հայոց պետության նոր ավանդույթներ: Հրաշալի ավանդույթների կողքին, ցավոք, առկա են այնպիսիք, որոնք անընդունելի են: Մենք այլեւս հասուն պետություն ենք եւ պետք է կարողանանք արմատախիլ անել մեր առաջընթացն արգելակող երեւույթներն ու խթանել լավը. այն արժեքները, ինչի համար պայքարել են սերունդներ, այն արժեքները, որ մենք դավանում ենք. ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն օրենքի առաջ: Մենք տեր ենք կանգնելու այս արժեքներին: Տարեցտարի «ազատություն» եւ «անկախություն» եզրերը մեզ համար լցվում են նոր բովանդակությամբ ու խորհուրդով: Մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, մենք չընկրկեցինք: Մեզ համար հստակ դարձավ, որ միայն անկախությունն է հնարավոր դարձնում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Դրանք մենք շարունակելու ենք պաշտպանել բոլոր միջոցներով»,- ասել է Ս. Սարգսյանը: