Չվախենանք, որ դահլիճը դատարկ կլինի

09/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեր մշակույթը մեկուսացումից հանելու եւ աշխարհում կատարվող
կինոիրադարձություններին ծանոթացնելու եւ, ինչպես ասում են փառատոնի
կազմակերպիչները, «հարեւանին հասկանալու» համար, բացի ցուցադրումներից,
կկազմակերպվեն սեմինարներ եւ վարպետության դասեր: Թատրոնի եւ կինոյի
ինստիտուտի ուսանողներն անվճար կարող են մասնակցել Ատոմ Էգոյանի, Ռոման
Բալայանի եւ Քշիշտոֆ Զանուսիի master-class-երին: Իսկ «Կինոն՝ որպես
միջմշակութային երկխոսության միջոց» սեմինարի մասնակիցները կդառնան տարբեր
ազգության կինոգործիչներն ու լրագրողները: Ֆիլմերը ավելի դիպուկ ու
պատկերավոր են ներկայացնում հարեւան երկրների կենցաղն ու մարդկանց
սպասելիքները եւ ավելի մեծ դեր կարող են ունենալ, քան քաղաքականությունը
կամ դիվանագիտությունը: Եվ ռուսական, եւ եվրոպական կինոյի ընտրությամբ
փորձ է արվում հասկանալ, թե «ինչպես խաղաղ ապրել բազմակարծիք աշխարհում»:
Եվ կարողանալ գեղեցիկ ներկայանալ աշխարհին՝ նշելով հայ կինոյի վարպետներ
Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի եւ
Հրանտ Մաթեւոսյանի հոբելյանները եւ արտամրցութային ծրագրերում ցուցադրելով
մեր կինոն:

Կինոմթնոլորտ

Փառատոնին տոնական երանգ հաղորդելու համար որոշվել է ամեն ինչ անել
կինոմթնոլորտ ստեղծելու համար: Նախատեսվում է Շառլ Ազնավուրի անվան
հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի կողքին գտնվող սրճարանը դարձնել
քննարկումների եւ մասնակիցների շփման վայր, որտեղ կգործեն հուշանվերների
եւ տեսաֆիլմերի տաղավարները: «Կինոտուսովկայի» ժամանցի համար պատասխանատու
է լինելու փառատոնին աջակցող ջազմեն Լեւոն Մալխասյանը: Հինգ երեկո
շարունակ այնտեղ հնչելու է լավ երաժշտություն, ենթադրվում է նաեւ Արտո
Թունչբոյաջյանի եւ իր նվագախմբի ներկայությունը: Ինչպես ասաց կինոգետ
Սուսաննա Հարությունյանը՝ նման փառատոների նախապատրաստական աշխատանքները
պետք է ողջ տարվա ընթացքում լինեն: Ծրագրերն ու ցանկությունները մեծ են,
եւ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն ուրախ են յուրաքանչյուր օգնության
համար: Այս տարի սպասվում է 112 հյուր, որոնց համար պետք է ինքնաթիռի
տոմս, հյուրանոց, թարգմանիչներ եւ ուղեկցողներ ապահովել: Ամենամեծը
ռուսական պատվիրակությունն է լինելու, որի շարքում են Նիկիտա Միխալկովը,
Օլեգ Յանկովսկին: Հայտնի հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելիգը կներկայացնի իր
նոր ֆիլմը եւ նաեւ՝ փառատոնի օրերին կնշի իր ծննդյան տարեդարձը:
Կցուցադրվեն իրանցի մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիարուստամիի երեք ֆիլմերը եւ
իր լուսանկարների շարքը: Հնգօյա «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայացնի
իր խիտ ծրագրերը հատուկ բուկլետներում, որտեղ կտեղեկացնի, թե որ
կինոսրահում եւ որ ժամին ինչ է լինելու: Դիտելու եւ քննարկելու շատ բան
կլինի: «Այս քաղաքը ետ է վարժվել, մի մոռացեք՝ ինչ տարիներ էին: Մի ողջ
սերունդ մեծացավ առանց կինո: Հիմա նոր ենք սկսում «մայրաքաղաքային կյանք
եւ ոճ» ասածին վերադառնալ,- ասաց կինոգետ եւ գրող Դավիթ Մուրադյանը, որը
«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ է։ -Մի անգամ փառատոն
կանենք՝ դահլիճի 20 տոկոսը կլցվի, հաջորդ անգամ՝ արդեն 40-ը, իսկ չորրորդ
անգամ՝ կսկսեն դռները ջարդել: Յուրաքանչյուր փառատոն ուզում է, որ իր
կինոցուցադրումներին ասեղ գցելու տեղ չլինի, բայց միջազգային փառատոների
դիտումների ժամանակ էլ դահլիճները հազվադեպ են լեփլեցուն լինում:
Երիտասարդներին կարելի է վարժեցնել, որ սրճարաններ գնալուց բացի, կարելի է
նաեւ կինո գնալ: Գովազդից եւ հեռուստատեսությամբ լուսաբանելով կարելի է
ազարտ արթնացնել: Մարդիկ պետք է իմանան, որ բացի կոմերցիոն կինոյից, կա
նաեւ արտ-կինո: Ու կամաց-կամաց միջավայր կստեղծվի»: Սոցիոլոգների
հաշվարկները ցույց են տալիս, որ կինո հիմնականում գնում են մինչեւ 40
տարեկան մարդիկ, եւ այդ տարիքի հանդիսատեսն է կինոյի հենարանը: Թեեւ «Ոսկե
ծիրանի» առաջարկած բոլոր ծրագրերին հասցնել մասնակցել չի ստացվի, կարելի է
անոնսների եւ հրապարակումների օգնությամբ կողմնորոշվել, թե ինչն է
ուշադրության արժանի:

Կինոհասցե

«Գյումրիում արվեստի սով է»,- ասաց Հ.Խաչատրյանը: Եվ Հայաստանի երկրորդ
քաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով «Հայկական
համայնապատկեր» մրցութային ծրագիրը տեղափոխվել է Գյումրի, որտեղ արդեն
միջազգային չափանիշներին համապատասխանող կինոթատրոն է գործում: Հայազգի
ռեժիսորների պատրաստած 29 ֆիլմերը կմրցեն միայն վավերագրական, կարճամետրաժ
եւ մուլտիպլիկացիոն անվանակարգերում, քանի որ լիամետրաժ խաղարկային նոր
ֆիլմեր վերջին տարվա ընթացքում քիչ են ստեղծվել: Ընդ որում՝ դրամական
մրցանակներ կշնորհվեն միայն այդ բաժնում, ինչը պետք է խրախուսի ազգային
կինոարտադրությունը: Ողջ աշխարհում վավերագրական կինոն բացառիկ դեպքերում
է մասսայական դիտման արժանանում: «Ճակատագրական հարցեր շոշափող
վավերագրական ֆիլմերը հասարակական պահանջարկի ալիքի վրա են ստեղծվում, այն
ժամանակ, երբ հասարակությունը հետաքրքրվում է բեկումնային քաղաքական եւ
սոցիալական հարցերով»,- ասաց Դ.Մուրադյանը: Այսօր վավերագրական ֆիլմեր
կարելի է դիտել կամ փառատոներում, կամ էլ արտասահմանյան
հեռուստաալիքներով, մեր հեռուստատեսությանը չի հետաքրքրում սովորական ռեալ
մարդու կյանքը եւ իրական շրջապատը: Հեռուստատեսությունը վերադառնում է
կինոծրագրերի կառուցման խորհրդային շաբլոնին, երբ վավերագրությունը
հիմնականում պսեւդոպատմություններով է փոխարինվում:
Դ. Մուրադյանի կարծիքով՝ «պետք է մեր կինոն գոյատեւման վիճակից զարգացման
վիճակի հասցնել»: Եվ «Հայֆիլմի» տեխնիկական վերազինումը, եւ սցենարական
քաղաքականությունը, եւ կինոարտադրությամբ զբաղվող մարդկանց համար հարկային
արտոնություններ ստեղծելն առաջին քայլերը պետք է լինեն: Անհրաժեշտ ազգային
կինոարտադրանքի ծավալը սովորաբար հաշվարկվում է բնակչության թվի
համեմատությամբ՝ յուրաքանչյուր մեկ միլիոն մարդու համար՝ տարեկան մեկ
ֆիլմ: «Երբ Հնդկաստանը տարեկան 700 ֆիլմ է արտադրում, նա հաշվի է առնում
իր պոտենցիալ 700 միլիոնանոց հանդիսատեսին: Մենք էլ պարտադիր 3-4 ֆիլմ
պետք է ունենանք, որպեսզի կինոպրոցեսը զարգանա»,- ասաց Դ. Մուրադյանը: Լավ
կինո ունենալու սպասելիքը կարող է իրականանալ նաեւ փառատոնի միջոցով, երբ
մեր կինոն իր կայուն եւ ճանաչված կինոհասցեն կունենա: