Սեպտեմբերի 20-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման շուրջ խոսակցություններին, ասել է, թե այժմ մանրակրկիտ ուսումնասիրում են գործարանի բիզնես ծրագիրն ու էկոլոգիական նորմերի պահպանման ուղղությամբ տարված աշխատանքները: «Եթե արձանագրվի ծրագրային որեւէ շեղում, հանրությունը ժամանակին կիրազեկվի այդ մասին: Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման խնդիրը կառաջանա այն դեպքում, եթե սեփականատերը չկատարի ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի բնապահպանական նորմերը հանրապետության արտադրական ձեռնարկությունների կողմից պահպանվեն: ՀՀ վարչապետի խոսքով` դա կառավարության սկզբունքային դիրքորոշումն է, հակառակ դեպքում կայուն զարգացում հնարավոր չէ ապահովել: Ըստ Տ. Սարգսյանի` բնապահպանության ոլորտում այսօր ապօրինի շահագործումների մասին ահազանգերը շատ են: «Մենք այժմ համալիր ուսումնասիրություն ենք կատարում` պարզելու, թե դաշտն ինչպես պետք է կարգավորել եւ վերահսկողություն սահմանել, որպեսզի ոլորտում կարգ ու կանոն հաստատվի: Մեզ ժամանակ է պետք, ինչպես նաեւ օրենսդրական լուրջ փոփոխություններ, որպեսզի բնապահպանության ոլորտում միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան նորմեր ներդրվեն»,- ասել է նա: