Սեպտեմբերի 10-13-ը ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը Լեհաստանում մասնակցել են 18-րդ տնտեսական ժողովին, որտեղ երեքն էլ հանդես են եկել զեկույցներով:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշեց, որ ժողովին մասնակցող 2000 պատվիրակներն ընդգրկված են եղել 10 տարբեր խմբերում: «Տիկին Լարիսան մասնակցեց «Գիտություն եւ մշակույթ» թեմայով հանդիպմանը, որտեղ քննարկվում էր եվրոպական քաղաքակրթության արժեքները, ես մասնակցեցի «Քրիստոնեության ճգնաժամ» թեմային, իսկ Ստեփանը` «Հարավային Կովկասի տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները» թեմայով ժողովին»,- ասաց նա: «Քրիստոնեության ճգնաժամ» թեմայի խմբում, որի ղեկավարը եղել է Միքայել Թարիվերդիեւի կինը` Վերա Թարիվերդիեւան, քննարկվել են այն խնդիրները, որոնք այսօր առկա են համաշխարհային հոգեւոր կյանքում: Ա. Բախշյանի խոսքով` Եվրոպայում լուրջ մտահոգություն կա, որ ազգամիջյան կոնֆլիկտները խորանում են, որովհետեւ քրիստոնեական արժեքները մարդկանց համար երկրորդական են դարձել: «Հիմնականում բարոյական ճգնաժամի մասին էր խոսվում: Մեր երկրից խոսելիս ես, իհարկե, չասացի այն մասին, որ մեր եկեղեցու անդամները քաղաքականացված են, ամաչեցի: Բայց ներկայացրի, թե ինչպես ենք փորձում կրթության միջոցով մեր հասարակության անդամների մեջ քրիստոնեական արժեքներն արմատացնել: Ասացի, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում կա»,- ասաց նա: Վերջերս «Ժառանգություն» խմբակցության անդամները հանդիպել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների հետ: Ա. Բախշյանի խոսքով` վերջինները լսել են իրենց, ու պատասխանել հարցերին: «Ու մենք տեսանք, որ ընդդիմությունն այնտեղ ունի այնպիսի լիազորություններ, որոնց մասին մենք նույնիսկ չենք երազում: Տեսանք, որ կարող ենք նաեւ երազել, քանի որ ինչ մենք երազում ենք, երբ ներկայացրեցինք, ասացին` դա ի՞նչ է, դուք պիտի նաեւ այս երազեք»,- ասաց նա: Վերջերս «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը բացասական էր գնահատել այն, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի պատճառով ընդդիմության հանրահավաքը հետաձգվեց: Ա. Բախշյանն էլ, իր խոսքով, սկզբում կարծել է, թե դա ճիշտ էր: Սակայն հիմա հասկանում է, որ Գյուլի այցին հանրահավաքը ոչ մի կերպ չէր խանգարի: «Այդ օրերին մենք Արաբկիրում թաղապետի ընտրության էինք մասնակցում, ու կարծում եմ, որ եթե ամսի 5-ի հանրահավաքը լիներ, մենք այնտեղ ավելի շատ ձայն կունենայինք: Այս առումով ինձ համար նախընտրելի էր, որ այդ օրը տեղի ունենար»,- ասաց նա: Արդյոք ցույցի հետաձգումն ազդե՞ց վերջին հանրահավաքի մարդկանց քանակի վրա, այն նվազե՞լ էր: Ա. Բախշյանը դա հնարավոր համարում է, սակայն ընդդիմության գործունեության արդյունքը հանրահավաքի մասնակիցների թվի հետ չի կապում: «Կարող է, հոգնել են, բայց մարդիկ տներում նստած հետեւում են: Շատ կարեւոր է, որ այդ հանրահավաքները լինեն, բայց եթե նույնիսկ չլինեն, ընդդիմությունն իր ուժեղ ընդդիմադիր գործողությունով, խոսքով պետք է զարկերակի վրա պահի մեր իշխանությունների գործողությունները»,- ասաց նա: Ա. Բախշյանն ընդդիմության գործողությունների հետ է կապում Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունը, որից նա մի քանի եզրահանգումների է եկել: «Միայն այդ երեք բնագավառների հաշվետվության արդյունքում պարզվեց, որ բյուջեի մեկ երրորդից ավելին յուրացվում է, ինչպես ասաց պրն Զաքարյանը: Գողանում են կոալիցիայի մեջ մտած նախարարություններում աշխատող իշխանության ներկայացուցիչները, այդ մասշտաբի գողությունը միայն կոալիցիայի շնորհիվ է: Ես այդ հաշվետվությունից եզրակացություն արեցի` կամ գործող նախագահն ուզում է ցույց տալ, որ ինքը պատրաստվում է ազատվել այն բոլոր պաշտոնյաներից, ովքեր նստած գողանում են, կամ էլ, որ ընդամենը վերաբաշխում է գնում` այս մի կողմից պիտի վերցնեն, մյուս կողմին տան»,- ասաց նա: Արդյոք Ա. Բախշյանին ընդդիմության ներկայիս գործելակերպը գոհացնո՞ւմ է: Ըստ բանախոսի` ընդդիմությունն այսօր շատ կարեւոր գործ է անում, թեեւ կարող էր ավելի լավ անել: «Բայց դե անում ենք այն, ինչ կարողանում ենք: «Ժառանգությունը», որպես ընդդիմության մաս, որը խորհրդարանում է ներկայացված, հսկայական ջանքեր է դնում: Դասական ընդդիմության մեջ եմ ես տեսնում «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ դասական ընդդիմությունը Անգլիայի տարբերակն էր, որ լավին լավ ասեր, վատին՝ վատ: Բայց ասել, թե ընդդիմությունն այսօր ոչ մի բանի չի հասել, ճիշտ չի: Թեեւ դժվարությամբ, բայց հասնում է»,- ասաց նա: Ա. Բախշյանին, իբրեւ մանկավարժ, մտահոգում է նաեւ այն, որ պատմության ժամանակակից դասագրքերում իրական պատմությունը խեղաթյուրված է: «Այդ երեխաներն այսօր ապրում են, գիտեն: Բայց 2007թ. խորհրդարանական ընտրությունները պատմության դասագրքում կան, կոալիցիոն բոլոր ուժերը կան, բայց չկա «Ժառանգության» մասին: 2008-ի նախագահական ընտրությունների մասին գրված է, բայց մարտի մեկի մասին ոչինչ չկա: Բայց երեխաները դա տեսել են»,- ասաց նա: