Ամաչում են Էրդողանի համար

24/09/2008

Թուրքիայում մի շարք լրագրողներ եւ ԶԼՄ-ներ բողոքում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի գործողությունների դեմ` պնդելով, թե նա փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը եւ խոչընդոտում է ժողովրդավարության զարգացմանը:

«Ամաչում եմ, որ Թուրքիան նման վարչապետ ունի»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ նման հայտարարություն է արել այդ երկրի Լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աքբայը: Lրագրողների վրդովմունքի առիթն անցած հինգշաբթի օրն Էրդողանի ունեցած ելույթն է, երբ նա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին կոչ արեց արշավ սկսել մի շարք լրատվամիջոցների դեմ` հիմնավորելով, որ դրանք վստահելի չեն եւ «լրիվ կորցրել են իրենց»: «Դրանք հրապարակում են ճշմարտությանը չհամապատասխանող հոդվածներ եւ պատասխանատվություն չեն կրում իրենց գրածի համար: Դուք ինքներդ` որպես կուսակցականներ, պետք է արշավ սկսեք դրանց դեմ. մի՛ գնեք այդ թերթերը եւ մի՛ տարեք տուն»,- հայտարարել էր վարչապետը: Նրա հայտարարությունը հետեւեց թուրքական հեղինակավոր «Հուրիեթ» պարբերականում մի հոդվածաշարի հրապարակմանը, որի հեղինակն իշխող կուսակցությունից մի շարք պաշտոնյաների մեղադրել էր կաշառակերության եւ խարդախությունների մեջ: Ըստ այդ հրապարակումների` պաշտոնյաները յուրացրել եւ անձնական նպատակներով օգտագործել են սոցիալապես անապահովներին օգնելու համար ստեղծված հիմնադրամի` միլիոնավոր դոլարների հասնող գումարները: Թեեւ վարչապետն իր ելույթում չէր մատնանշել կոնկրետ լրատվամիջոց, այնուհանդերձ, թուրքական մամուլը հակված է ենթադրելու, որ նա նկատի է ունեցել «Դողան» մեդիախմբին պատկանող լրատվամիջոցները. «Ֆորբս» հանդեսի տվյալներով` նավթային խոշոր մագնատ Այդին Դողանի հիմնադրած այս մեդիախմբին պատկանող լրատվամիջոցների թվում են «Դողան» լրատվական գործակալությունը, «Հուրիեթ», «Միլիեթ» օրաթերթերը, «ՍիԷնԷն Թյուրք», «Սթար», «Չէնըլ Դի» հեռուստաալիքները: Վերջին շրջանում դրանց հեղինակությունը աճել է` նաեւ իշխող կուսակցության հետ կապված կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատճառով: Ըստ թուրքական մամուլի` «Դողան» մեդիախմբի եւ Ռեջեփ Էրդողանի հարաբերությունների վատթարացումից հետո «Հուրիեթի» տպաքանակն ավելացել է եւս 500.000 օրինակով: «Հուրիեթի» փոխանցմամբ, թուրքական լրատվամիջոցների վրա գործադրվող քաղաքական ճնշումների հարցն այս շաբաթ կքննարկվի Եվրախորհրդարանում եւ կընդգրկվի Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ 2008թ. զեկույցում, որը հրապարակվելու է նոյեմբերի 5-ին: