ՀՀ Արդարադատության նախարարությունը երեկ արձագանքել է մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց` ՀՀ կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված իր պարտավորությունները, այն է` դիմումատու կազմակերպությանը չի վճարում սահմանված արդարացի փոխհատուցման գումարը: «Այս առնչությամբ հայտնում ենք, որ համաձայն Դատարանի վճռի արդարացի փոխհատուցման գումարը պետք է դիմումատու կազմակերպությանը վճարվի վճռի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական է դառնում վճռի կայացման պահից երեք ամիս հետո, եթե կողմերից որեւէ մեկը չի բողոքարկում այն Մեծ պալատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը կայացվել է 2008թ. հունիսի 17-ին, Մեծ պալատ չբողոքարկվելու դեպքում այն վերջնական է դառնում 2008թ. սեպտեմբերի 17-ին, եւ համաձայն Դատարանի վճռի ՀՀ կառավարությունը պարտավոր է արդարացի փոխհատուցման գումարը դիմումատու կազմակերպությանը վճարել սեպտեմբերի 17-ից հետո երեք ամսվա ընթացքում, այսինքն` մինչեւ 2008թ. դեկտեմբերի 17-ը: Հետեւաբար ՀՀ կառավարության կողմից վճռով սահմանված իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ խոսք լինել չի կարող: Վճիռը Մեծ պալատ չբողոքարկվելու մասին, Դատարանի կողմից կառավարությանը ծանուցվելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը անհապաղ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները վճռի պատշաճ կատարումն ապահովելու համար»,- ասված է ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այս առնչությամբ երեկ «Ա1+»-ին ասել է, թե մեր կառավարությունը հիշում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն ժամանակ, երբ իրենց է ձեռնտու: «Իսկ այն, որ պետք է պահպանել կոնվենցիան, չոտնահարել նրա դրույթները, օրինակ` Խոսքի ազատության վերաբերյալ հոդվածը, ինչպես «Ա1+»-ի դեպքում, նրանք շատ հաճախ չեն հիշում»,- ասել է նա: Մեսրոպ Մովսեսյանն ընդգծել է նաեւ, որ «նորմալ երկրներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները ձգտում են շուտափույթ կյանքի կոչել, իսկ մեզ մոտ… ձգտում են ամեն ինչ անել` միայն այն չիրագործեն կամ ուշացնեն դրա իրագործումը»: