Յոթ նոր քանդակները կառուցվող թանգարանի սկիզբն են

09/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը սկսել է թանգարանի կառուցման եւ Կասկադի
ընդլայնման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն 2007-ին: Նախագիծը
ենթադրում է արտաքին աստիճաններով եւ շարժասանդուղքներով կապել Թամանյանի
պուրակը, Կասկադն ու Մոնումենտը: Ամերիկացի գործարար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի
25 մլն դոլար արժեցող 100-ից ավելի նմուշների՝ գեղանկարների եւ քանդակների
հավաքածուն տեղափոխվելու է Հայաստան՝ թանգարանի կառուցումից հետո: «Բայց
մենք անհամբեր ենք,- ասաց ԳԹՀ-ն հանրային կապերի եւ միջոցառումների տնօրեն
Մադլեն Մինասյանը,- ուզեցինք թանգարանի բացումից առաջ Երեւան բերել մի
քանի քանդակ եւ գեղեցկացնել մեր քաղաքը»: Նոր քանդակներն առաջինը տեսան ՀՀ
եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ սենատորը
եւ ավելի քան 500 հրավիրվածներ, որոնց համար ԳԹՀ հյուրասիրություն,
ժամանցային ծրագիր եւ հրավառություն էր կազմակերպել: Մոտ 25 մլն դոլար
արժեցող շինարարության ավարտից հետո Կասկադի ողջ տարածքը դառնալու է
հանրային հանգստի վայր:

Քանդակներն ութը դարձան

Հայաստանի Պետականության հուշարձան՝ պարզ ասած՝ Մոնումենտի բարձրահարթակ
այցելող մարդկանց դիմավորելու է հայտնի կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ
Ֆերնանդո Բոթերոյի «Հռոմեական ռազմիկը»՝ Բոթերոյի մոնումենտալ ոճին
հատուկ՝ իր մասշտաբային եւ փքված կերպարով: 15 տարի ապրելով Նյու Յորքում
եւ 30 տարի՝ Ֆրանսիայում, Բոթերոն, միեւնույն է, համարում է, որ իր բոլոր
գործերը նվիրված են հարազատ Կոլումբիային: «Երբ Կոլումբիան խաղաղ ու
քաղաքակիրթ երկիր դառնա, մարդիկ կնայեն իմ գործերին եւ կզարմանան, թե ինչ
աբսուրդ եւ ոչ ռացիոնալ աշխարհում են ապրել»,- ասել է նա: Իր ստեղծած՝
սաղավարտով եւ վահանակիր, երեք ու կես մետրանոց մերկ ռազմիկը բնության
դեֆորմացիան է, այն դեֆորմացիան, որը քանդակագործը արվեստի գլխավոր պայման
է համարում: Եվ քանի դեռ մեր երկիրն էլ «խաղաղ ու քաղաքակիրթ» համարվել չի
կարող, «կերպարվեստի Մարկեսի»՝ Բոթերոյի կլոր ու հաստլիկ գլադիատորը, որոշ
ժամանակ զարմանք առաջացնելով, սիրելի կդառնա: Այս օրերին Բոթերոն աշխարհին
է ներկայացնում Աբու Գրեյբ բանտում կատարվող իրաքցի գերիների
խոշտանգումների մասին պատմող իր գեղանկարների նոր շարքը, որը ցուցադրելու
է նաեւ ԱՄՆ-ում, քանի որ համարում է, որ «ամերիկացիներին դա առաջին հերթին
է վերաբերում»:
Բացի Բոթերոյի մոնումենտալ գլադիատորից, Երեւանում տեղադրվել են իռլանդացի
քանդակագործ Բերրի Ֆլենըգանի դինամիկ եւ շարժման մեջ պատկերված ճկուն
«Ակրոբատներն» ու հեգնական «Նապաստակը զանգի վրա» գործերը: Ընդ որում,
հաճախ նապաստակներ եւ ճագարներ ստեղծող այս քանդակագործի երեւանյան՝ զանգի
վրայից ցատկող, նապաստակը կարող է իր առանցքի շուրջը պտտվել եւ իր
ուրախությունն աշխարհով մեկ տարածել: Քաղաքի անցուդարձն ու մթնոլորտն են
խորհրդանշում բրիտանացի քանդակագործ Լին Չեդվիկի՝ նստած, քայլող եւ դիտող
եռանկյունա- եւ քառանկյունագլուխ կերպարները: Մարդիկ քայլում են,
աստիճաններով վեր ու վար անում, անցնում իրար կողքով՝ հաճախ չնկատելով, թե
ինչ է իրենց շուրջը կատարվում: «Աստիճանները», «Երկու դիտորդները» եւ
«Նստած ֆորմաները» նախատեսված են բացօթյա ցուցադրումների համար: Ու թեեւ
սեւ հղկվածքով այդ կերպարներն անդեմ են, եւ մի դեպքում էլ՝ անթեւ, նրանք
բոլորն էլ իրենց մտքերի մեջ խորասուզված եւ իրենց գործով զբաղված մարդիկ
են: Ինչպես յուրաքանչյուրս: Իսկ տեղադրված վերջին նոր քանդակը չեխ
քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի «Բաց
պատուհանն» է: Կարմիր ապակյա այս քանդակը, փայլող ծավալ ստեղծելով,
հեղինակների կարծիքով՝ խորհրդանշում է Չեխիայի անկախությունը:
Նոր քանդակները, մի քանի տարի առաջ տեղադրված Բոթերոյի «Կատվի» հետ միասին, ստեղծում են արվեստի պուրակի գաղափար: