Դառնացել է այս աշխարհը

24/09/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Որպես անձ` ես իմ կարծիքն ունեմ ու այն թաքուն չեմ պահում: Ես բավականաչափ գիրք կարդացել եմ ու ահագին էլ գրել, որպեսզի ունենամ իմ կարծիքը մարդկանց, նրանց ինտելեկտի ու փորձառության մասին»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի մասին նման կարծիք է հայտնել ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Նա նշել է, որ հարգանքով է վերաբերվում Տիգրան Թորոսյանին: Չնայած շատ հարցերում նրա հետ համամիտ չի եղել, այնուամենայնիվ, Ա. Պետրոսյանը Տիգրան Թորոսյանին միշտ մտավորական մարդ է համարել: Ընդհանրապես որպես ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ` պատգամավորը նորմալ է վերաբերվում Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը: «Հանրապետականն է որոշել իր թեկնածուին, եւ մենք սովորական բարեկրթությամբ պիտի ընդունենք իրենց առաջադրած թեկնածուին»,- ասել է նա: Բացի քաղաքական խնդիրներից, ասուլիսի ժամանակ Ալվարդ Պետրոսյանն անդրադարձել է նաեւ իր «դառնացած վիճակին, նույնիսկ ամուսնու հետ վեճերի թեմաներին ու իր երազանքներին»: Իսկ դառնացած է տիկին Պետրոսյանն այն պատճառով, որ նա եւ իր հետ նույն շենքում բնակվող մի շարք մտավորականներ ամեն օր ստիպված են գիշերն անցկացնել մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկից հնչող ցածրակարգ երաժշտության հնչյունների ներքո: «Ես ինձ մխիթարում եմ նրանով, թե հայկական ռաբիսի մասնագետն եմ դարձել: Պատկերացրեք, իմ կենցաղային կյանքի մեծագույն երազանքներից մեկն այն է դարձել, որ այդ ձորից մի օր Թաթա կլսեմ, եւ ոչ թե արաբական մուղամներ կամ էլ ռուսական շատ այլանդակված բլատնոյ»,- դժգոհել է դաշնակցական պատգամավորը: Նշենք, որ Ալվարդ Պետրոսյանը բնակվում է Հրազդանի կիրճի հարեւանությամբ: Եվ խոսքը մասնավորապես հենց այս կիրճում գտնվող եւ Ա. Պետրոսյանի գործընկեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի մասին է, որտեղից հնչող երաժշտությունն այդքան նյարդայնացնում է պատգամավորին: «Ես չեմ ուզում այլեւս տեսնել մեծ նկարիչ Հակոբ Հակոբյանի թախծոտ աչքերը: Ուզում եմ, որ ակադեմիկոս Շաքարյանն ի վերջո տանից դուրս գա ու զբոսնի մեր բակում»,- իր թախիծը լրագրողների հետ կիսել է Ա. Պետրոսյանը: Նա իր դժգոհությունն է հայտնել նաեւ այն առնչությամբ, որ վերջերս սկսել են ավելի հաճախակի կրակել: «Ես ու ամուսինս վիճում էինք երեկ այդ թեմայով: Նա ասում է` Անկախության տոնի համար հրավառություն է, ես էլ ասում եմ` ոչ, պարզապես ինչ-որ մեկի ծնունդն են նշում: Անկախության համար այս ձորում հրավառություններ չեն լինում: Այնտեղ միայն ուտում են, լափում են: Մարդ ինչքա՞ն կարող է ուտել: Ինձ թվում է` այդ ճենճահոտն արդեն զգում եմ: Ու պատկերացրեք, այդ ֆոնի վրա Հակոբ Հակոբյանն իր մաքուր նկարներն է անում»,- դժգոհել է Ա. Պետրոսյանը: