Հանրապետությունում շարունակվում է բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաք: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` մինչ օրս հավաքվել է 401,8 հազար տոննա համախառն բանջարեղեն: Հավաքված եւ մթերված բանջարեղենը 22,4 հազար տոննայով կամ 5,9 տոկոսով ավելի է անցած տարվա արդյունքից: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանն «Արմենպրեսին» ասել է, որ բանջարեղենի ծավալի մեկ երրորդն արտահանվում է Վրաստան: Հոտով եւ համային հատկանիշներով մի քանի անգամ գերազանցելով այդ երկրի թթվային նյութերով հարուստ հողերում աճեցված մշակաբույսերին` հայկական բանջարեղենն ավելի արագ է սպառվում, քան տեղականը: Բացի դրանից, հավաքվել եւ մթերվել է նաեւ 117.000 տոննա բոստանային մշակաբույս (ձմերուկ, սեխ, դդում), որը 5000 տոննայով կամ 4 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Ըստ վարչության պետի` բանջարաբոստանային բերքի մի մասը նույնպես արտահանվում է Վրաստան: