2008 թվականին «Հայկական երկաթուղիներ» ընկերությունը 40 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին, որը ներկայումս վերանվանվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ:
Մինչդեռ այս հաստատությունում կատարված մեքենայությունների մասին փաստերը նախկին «Հայկական երկաթուղի» ընկերության աշխատակիցները միայն այսօր են բարձրաձայնում: Բանն այն է, որ ըստ նախկին աշխատակիցների, այս երկու տարվա ընթացքում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում իսկական թալան է տեղի ունեցել: Աշխատակիցներից մեկն, ով իր անձնական անվտանգությունից ելնելով խնդրեց չհրապարակել անունը, պատմում է, որ պետական սեփականություն հանդիսացող երկաթգծի վագոնները բառիս բուն իմաստով վերածվել է ջարդոնի, ապա վաճառվել հիմնականում Ռուսաստանին, Պարսկաստանին, որտեղ, ի դեպ, վագոնների ջարդոններն օգտագործվել են զենքի արտադրության մեջ: «Առողջ վագոնները զոդման ապարատով կտրտում-վաճառում էին: Վագոնների համարները փոխում էին հին համարներով` իբրեւ թե հին, արդեն շահագործման համար անպիտան վագոններ են: Որպես լոմ, մետաղ՝ վաճառում էին եւ հիմնականում գիշերներն էին բարձում, տեղափոխում: Մենք հին աշխատողներ ենք եւ կարող ենք վստահեցնել, որ մենք շատ լավ տեխնիկա ենք ունեցել, բայց էնպես փոշիացրին, որ հետքն էլ չմնաց»,- հավատացնում է մեր զրուցակիցը` վստահեցնելով, որ ասածն ապացուցելու համար ՀՀ Դատախազությունը կարող է հետաքննություն սկսել եւ թալանի փաստերը «ջրի երես հանել»: Ի դեպ, նրանց համոզմամբ` ժամանակին` երկրաշարժից հետո թվով 100 վագոն երկաթգծին նվիրատվություն է արվել, որոնք եւս որպես ջարդոն վաճառվել են: Բանն այն է, որ վագոնները մասնատելու գործընթացը բավական ծանր եւ առողջության համար վտանգավոր աշխատանք է, հետեւաբար երկաթգծի շատ աշխատակիցներ առողջական լուրջ խնդիրների առջեւ են այսօր կանգնել: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունն աշխատակիցներին պարտադրել է վագոնները «ջարդել»` ասելով, որ հրահանգն իջեցվել է իշխանությունների կողմից: Հիմնարկի ղեկավարությունն այդ հրահանգը կատարող բանվորներին մեծ գումարներ է խոստացել, սակայն, երբ նախատեսված աշխատանքն ավարտին է հասցվել` աշխատակիցներին այդպես էլ չեն վճարել: «Դա թունավոր աշխատանք ա, շատերը թոքախտով հիվանդացան, շատերը թոքերի տարբեր հիվանդություն ստացան: Նույնիսկ չուգուն ենք կտրել, իսկ դա անթույլատրելի ա, որովհետեւ լրիվ թունավոր գազ ա: Մի աշխատող էլ ունեինք` վագոնի մեջ մահացավ, թոքախտ էր ընկել ու լրիվ պատահաբար աշխատանքի ընթացքում մահացավ: Իրենք նույնիսկ մեր հիվանդության համար չմտահոգվեցին էլ, էլ չեմ ասում, որ խոստացված գումարները չտվեցին, բայց էդ ջարդոններն իրենց միլիոններ բերեց, ամեն մեկը չորս հարկանի տուն սարքեց»,- ասում է երկաթգծի նախկին աշխատակիցն` ավելացնելով, որ թեեւ երկաթգծի ղեկավարությունն իրենց ասում էր, իբրեւ թե հրահանգը տրվել է ՀՀ նախկին վարչապետ, այժմ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այնուամենայնիվ, իրենք այն ժամանակ էլ ասվածին չէին հավատում, քանի որ վագոնների ջարդոնների ամբողջ գործընթացը, վաճառքը եղել է կառավարությունից գաղտնի պայմաններում: Բացի այդ, ըստ մեր զրուցակիցների, երկաթգծի ղեկավարությունն այդ վագոնների համարները փոխել է հին համարներով` ՀՀ կառավարությանը ներկայացնելով, թե դրանք շահագործման համար անպիտան են: Երկաթգծի աշխատակիցները համոզված են, որ երկաթգծի ղեկավարությունը նաեւ ամեն ինչ անում էր, որպեսզի կառավարության ղեկավարին այդ մասին ոչինչ չտեղեկացվի: Ի դեպ, երկաթգծի նախկին աշխատակիցները նաեւ վստահեցնում են, որ այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի գլխավորությամբ: Մեր զրուցակիցներն ասում են, որ պրն Բեգլարյանն այս հաստատությունը «նվիրաբերել» է իր սանիկին` երկաթուղու ռեզերվի պետ Գեղամ Սարիբեկյանին, ով երկաթուղին դարձրել է ընտանեկան մենաշնորհ:
Բացի վագոնների «գլխին» նման խաղ խաղալը, Երկաթգծի ղեկավարությունը նաեւ հիմնարկությունը «մաքրազարդել է» տասնյակ տարիներ «Հայկական երկաթուղում» աշխատած մասնագետներից: «Մենք շատ բան ենք հասկանում, մասնագետներ ենք, մեզ ազատեցին ու մեր փոխարեն իրենց բարեկամ-հարազատներին ընդունեցին, որպեսզի ընտանեկան մթնոլորտում կարողանան անել այն, ինչ ուզում են, եւ որեւէ մեկն այդ գաղտնիքները դուրս չտանի»,- պատմում են նրանք` ասելով, որ ներկայումս արդեն «Հարավկովկասյան երկաթուղի» ԲԲԸ-ում աշխատում են գործից անտեղյակ, բայց լավ «նալոգներ» հավաքող մարդիկ: Նախկին ուղեկցորդուհի Մարգարիտա Բաղդասարյանն, օրինակ` «Հայկական երկաթուղի» ընկերությունում աշխատել է սկսած 1978-ից: 2002թ. Մարգարիտային գործուղել են Ռուսաստան` նրա հետ 3 ամսվա պայմանագիր կնքելով, ըստ որի՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն պարտավորվել է այդ երեք ամսվա համար պատշաճ վարձատրել: Գործուղումից վերադառնալուց հետո, սակայն, Մարգարիտային մեծ հիասթափություն է սպասվել, քանի որ առանց պատճառաբանության նրան ազատել են աշխատանքից, ավելին` պայմանագրով նախատեսված 170.000 դրամի չափով աշխատավարձը մինչ օրս չեն վճարել: Մ. Բաղդասարյանն իր իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ կառավարություն, ՀՀ Դատախազություն, Տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղից Մարգարիտային պատասխանել են, թե իրեն լրացուցիչ կկանչեն: Երկաթուղու ղեկավարությունն էլ՝ հասկանալով, որ այս կինն ամեն ինչ անելու է, որպեսզի իր աշխատանքը վերականգնի` փաստաթղթերի մեջ ձեւակերպել է՝ իբրեւ թե նա անպատասխանատու աշխատակից է: «Ռեզերվի պետ Սարիբեկյանն ու դեպոյի պետ Հակոբ Վահանյանն ամբողջ աշխատակազմը դարձրել են ընտանեկան բիզնես, բոլորն իրենց բարեկամներն են, որոնք երկաթուղային մասնագիտական կրթություն չունեն ու գործից անտեղյակ մարդիկ են: Ես ավարտել եմ, հետո կուրսերի եմ գնացել Ռոստովում, մեր նախկին բոլոր աշխատողներն էլ ունեցել են մասնագիտական կրթություն, իսկ հիմա էնպիսի բարդակ է տիրում… Ռեւիզորն իր կնոջը բերել է ուղեկցորդուհի, եղբոր զոքանչին է բերել, որոնք համապատասխան կրթություն էլ չունեն: Սարիբեկյանի եղբայրն է, քրոջ տղաներն են, մի խոսքով` հին աշխատողներին մաքրել են…»,- ասում է Մարգարիտան, ով վստահեցնում է, որ ինքը բարեխիղճ աշխատող է եղել, ուղեւորներից գումարներ չի շորթել: «Ռեզերվի պետը գնացքի ղեկավարի վրա նալոգ է դնում` գնացե՛ք, խաբե՛ք, էս արեք, էն արեք, բերեք փող տվեք: Իսկ ես չեմ խաբել, դրա համար էլ իրենց ձեռք չէի տալիս: Պիտի ուղեւորներին շորթեի, ասենք` առանց տոմսի ուղեւորին նստեցնում, փողը վերցնում ես, տալիս ես իրենց, կամ ուղեւորը 37 կգ-ից ավելի բեռ ունի, պիտի գնամ, ստիպեմ, զզվացնեմ, որ փող աշխատեմ, տամ իրենց, բայց էդպես կարելի՞ է: Ես ումի՞ց գողանամ, որ իրենց տամ, դրա համար էլ իմ փոխարեն ռեւիզորն իր կնոջն է ընդունել, որ լավ շորթի ուղեւորներին: Ռեւիզորն էլ Սարիբեկյանի մորաքրոջ տղան է: Հետո էլ ասում են՝ քաղաքակիրթ պայմաններ, բայց բարեխիղճ աշխատողներին հանում, գցում են դուրս»,- պատմում է Մարգարիտան` ավելացնելով, որ նախկին աշխատակիցներին աշխատանքից ազատում են հիմնականում «անպատասխանատու աշխատակից» հիմնավորմամբ:
Երկաթգծի նախկին աշխատակցուհի Վալենտինա Կուզնեցովային էլ աշխատանքից ազատել են թոշակի անցնելու պատճառաբանությամբ: Այն, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նման կետ կա, փաստ է, հետեւաբար երկաթգծի ղեկավարությունը ենթարկվել է օրենքի պահանջներին: Նրան չորս ամիս առաջ են ազատել աշխատանքից, նախկինում աշխատել է որպես ուղեկցորդուհի, իսկ վերջերս` որպես հավաքարար: Մինչդեռ Վ. Կուզնեցովան վստահեցնում է, որ ներկայումս երկաթգծի ղեկավարության հարազատ-բարեկամներից շատերը թոշակառուներ են, հետեւաբար նրանց վրա օրենքի այդ կետը չի տարածվում: «25 տարի՝ ուղեկցորդուհի, այնուհետեւ 3 տարի էլ հավաքարար եմ աշխատել: 60 տարեկանում գնացի թոշակի, իսկ հիմա 63 եմ: Տղաս հոգեկան հիվանդ է, ստանում եմ 20.000 դրամ թոշակ: Չեմ կարողանում ապրել: Ախր, եթե ես թոշակառու եմ, ու ինձ ազատել են` ինչո՞ւ մյուսների վրա դա չի տարածվում»,- դժգոհում է նա` երկրի իշխանություններից արդարություն պահանջելով:
Հ.Գ. «168 Ժամի» հաջորդ համարում կփորձենք հոդվածում նշված խնդիրների կապակցությամբ մեկնաբանություն ստանալ նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունից: