Իշխանության ու արվեստի փոխհարաբերությունների մասին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգերի հեղինակ (ժամանակին` նաեւ բեմադրիչ) Ռուբեն Հախվերդյանը տարբեր կարծիքներ ունեն։ Սակայն երկուսն էլ դժգոհ են, որ հասարակությանը, մանավանդ՝ լրագրողներին, ավելի շատ հետաքրքրում են իրենց քաղաքական գնահատականները, քան իրենց ստեղծած բուն արվեստը։
«Գիտեմ, որ երաժշտական տեսաբանների հոծ զանգված կա, բայց նրանցից ոչ մեկը երբեք չի արձագանքել ու իր կարծիքը չի հայտնել իմ երգերի մասին։ Մենք վերլուծողներ չունենք, չկան այն մարդիկ, որոնք կարող են ասել, թե ինչո՞ւմ է այս կամ այն արվեստի գործի արժեքավորն ու անարժեքը։ Իսկ լրագրողները սովորաբար ախմախ հարցեր են տալիս»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Հախվերդյանը։ Հ. Թոխատյանն էլ ավելացրեց, որ թատերագետների պակասի պատճառով միակ գնահատականը դառնում է հանդիսատեսի գնահատականը. «Շատերին հետաքրքրում է պառլամենտի ղեկավարների մասին տված իմ կարծիքը, բայց իմ մասնագիտությունը ոչ մեկին չի հետաքրքրում»։
Հ. Թոխատյանը տարբեր հարթակներից ու էկրաններից ասում է, որ երբեք իշխանամետ չի եղել եւ իր բոլոր ձեռքբերումների համար միայն իր աշխատանքին է պարտական։ «Ես երեք քաղաքական ռեժիմների ժամանակ էլ երեք ներկայացումներ եմ խաղացել ու իմ բոլոր մտքերը այդ ներկայացումների միջոցով եմ արտահայտել»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ շուտով խաղալու է «Երրորդը» ներկայացման մեջ ու ասելու է այն ամենը, ինչ մտածում է ներկայիս ռեժիմի մասին։ Նա նշում է, որ միշտ սատարել ու անձամբ որպես նախագահ ցանկացել է տեսնել Սերժ Սարգսյանին, քանի որ հավատացել է նրան։ Ռուբեն Հախվերդյանն էլ հիշեցնում է, որ ընտրություններում կանգ է առել դաշնակ Վահան Հովհաննիսյանի վրա, սակայն իրեն բացարձակ անկախ է համարում իշխանություններից։ Նա ասում է, որ անկախ Հայաստանի բոլոր երեք պրեզիդենտներից էլ մի բան ստացել է՝ բնակարան, բուժում ու ձայներիզի հովանավորություն։ «Ես իմ բնակարանները գնել եմ իմ փողերով»,- ասում է Հ. Թոխատյանը, իսկ Ռ. Հախվերդյանն ասում է. «Սխալ ես արել, պիտի ուզեիր»։ «Եթե ես թույլ տայի, որ ինձ համար բնակարան գնեին, ուրեմն պիտի թույլ տայի նաեւ, որ ինձ ասեն, թե ի՞նչ բեմում պիտի խաղամ»,- հակադարձեց Հ. Թոխատյանը։
Արվեստի երկու ներկայացուցիչները շատ ցաքուցրիվ մտքեր էին ասում, կատակում էին միմյանց հետ, խաղում, անկեղծանում ու սաստում լրագրողներին։ Խոսք գնաց ՀՀՇ-ի «թափթփուկների», Հրանտի ամուսնությունների քանակի, կիրթ եւ այդ պատճառով էլ՝ «սպիտակ ագռավ» համարվող ղեկավարների, թատրոններում տասնամյակներ շարունակ գլխավոր ռեժիսոր աշխատող ու ոչ մի փայլուն ներկայացում չանող անձանց, ոչ իրենց տեղում հայտնված մարդկանց մասին։ Ռ. Հախվերդյանի դիտարկումներից մեջբերում ենք երկուսը։ «Պարել չիմացող մարդիկ պարուսույցներ են դառնում, երգել չիմացողները երգել են սովորեցնում, իսկ մեր կուրսում սովորող ամենաանշնորհք ռեժիսորը հիմա Թատերական ինստիտուտի ռեկտոր է դարձել»։ Նրա մեկ այլ բնորոշումը վերաբերում էր նորաստեղծ մշակութային ալիքին. «Հ1»-ը անսեռ ալիք է, որից սովետական վախվորածության հոտ է գալիս։ Եթե մշակութային ալիքի ղեկավարը պիտի «Հ1»-ի ճարպիկ Ալիկը լինի, ուրեմն շատ բան սպասել պետք չէ, քանի որ նա մի մարդ է, ով միշտ մի անցք կգտնի ու իր յուրահատուկ տեղը կզբաղեցնի»։
Հ. Թոխատյանն էլ «Արարատ» մշակութային ալիքի հետ հույսեր կկապի միայն այն պարագայում, եթե իմանա, թե ովքեր են այդ ալիքի խորհրդի անդամները։ Եվ եթե արվեստում կայացած մարդիկ կանոնակարգեն այդ ալիքի աշխատանքները, ապա այն լավը կլինի։
Հ. Թոխատյանը կյանքում թերեւս միշտ բարեհամբույր ու լավատես Հայաստանի քաղաքացու կերպար է ստեղծում, եւ ավելի շուտ՝ ոչ թե սրում, այլ՝ մեղմում է կյանքի սուր անկյունները, այդպիսին է նրա դերը։ Իսկ Ռ.Հախվերդյանը միշտ ասում է այն, ինչ հարկ է համարում, եւ իր ասածի հիմնական չափաբաժինը գրեթե միշտ վատ, անհույս ու «կեղտոտ» բաներն են։ Նա ասում է, որ միտումնավոր է բոլորի մասին վատ խոսում՝ դրանով իսկ հավասարեցնելով բոլորին։ Ըստ նրա՝ մեր հասարակության հիմնական զանգվածը անգրագետ ու տգետ է, եւ լիովին արժանի է այն կառավարությանը, որը կա։ Չէ՞ որ այդ կառավարությունը երկնքից չի ընկել ժողովրդի վրա, այդ կառավարությունը հենց հասարակության մի հատվածն է։ Կարելի է ավելացնել, որ արվեստի ներկայացուցիչների ու լրագրողների հանդիպման նման ֆորմատները փաստում են այն, որ մամուլն ու ստեղծագործողները նույն հարթության վրա են։ Երկու կողմերն էլ խոսում են ամեն ինչի մասին, կիսատ-պռատ` հետեւողական քայլեր անելու նպատակ չունենալով։ Պարզապես, հաճելի է լսել նրանց եւ ուշագրավ է հետեւել նրանց փոխհարաբերություններին։ «Մամուլը զուգարանի թուղթ է»,- ասում է Ռ. Հախվերդյանը՝ խոստանալով դատի տալ այն տպագիր լրատվամիջոցին, որն իր մասին գրել է. «Այնքան էր հարբած, որ ոտքի վրա կանգնել չէր կարող»։ Նեղսրտում է նաեւ «Շարմի» տնօրեն Հ. Թոխատյանը, քանի որ իր մասին սխալ տեղեկություններ է հաղորդել մեկ այլ լրատվամիջոց։
«Ի՞նչ անել» հռետորական հարցին Ռ. Հախվերդյանը խորհրդավոր պատասխան է տալիս. «Բուդդայական մի ասացվածք կա. նրան, ով հասկացել է, արդեն իմաստ չունի բացատրել, նա արդեն գիտի այդ մասին, իսկ եթե նրան, ով չի հասկացել, հազար անգամ էլ բացատրես, միեւնույն է, չի հասկանա»։ Ես հո վարժապետ չե՞մ, որ մարդկանց ասեմ՝ ի՞նչ անել։ Դա միայն հիմարը կարող է անել։ Նա, ով գիտի՝ գիտի… Իսկ ես միայն երգի միջոցով եմ իմ մտքերը կարողանում տարածել»։ Նույնը կարելի է ասել նաեւ մեծ բեմական հմայքի տեր դերասան Հ. Թոխատյանի մասին, նա իրոք ամեն ինչ անում է, որպեսզի իր կերպարների ուղերձները նկատվեն։ Սակայն դրա մասին մենք բոլորս էլ գիտենք, ինչո՞ւ է հարկավոր հերթական անգամ հավաքվել ու տեսախցիկների լույսի ներքո ասել այդ ամենի մասին։ Եվ եթե օգտագործենք Ռ.Հախվերդյանի «Կերար՝ պիտի վճարես» միտքը, ապա կստացվի, որ արվեստի բոլոր ներկայացուցիչները այս կամ այն կերպ վճարում են «կերածի» համար։ Պարզապես գինն է տարբեր։