Վերահրատարակվել են Վարդան Այգեկցու «Խրատները»

24/09/2008

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու հայրեր» շարքից վերահրատարակել է ԺԲ-ԺԳ դդ. նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Վարդան վարդապետ Այգեկցու խրատները: Մայր Աթոռի մամլո դիվանի փոխանցմամբ` «Խրատներ քահանաներին եւ ժողովրդին» բաժինն աշխարհաբարի են վերածել Մայր Աթոռի միաբաններ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը եւ Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը, իսկ «Խրատներ» մասը, որը ժամանակին հրատարակվել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում, աշխարհաբարի է վերածել Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Իր խրատներում Վարդան վարդապետը զանազան թեմաներ է շոշափում. խոսում է քրիստոնյայի կյանքում պահքի եւ աղոթքի նշանակության, զանազան առաքինությունների եւ մեղքերի, կռապաշտության, կախարդության ու այլ երեւույթների մասին: Վարդան Այգեկցին նաեւ խրատում է քահանաներին ու ժողովրդին` հորդորելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը: Խրատները նախատեսված են ընթերցողների լայն շրջանակների համար: