Հունիսի 1-ին ողջ աշխարհը հիշում է, որ պետք է պաշտպանել երեխաների
իրավունքները: Աճող սերնդի մասին մտահոգությունները սահմանափակվում են
հերթական աջակցման ծրագրերի ներկայացմամբ եւ անբավարար ֆինանսավորման
մասին խոսքերով: Իսկ հունիսի 1-ին գրեթե բոլոր պետական եւ հասարակական
կազմակերպությունները երեխաների համար համերգներ եւ ժամանցային ծրագրեր են
կազմակերպում:
Մայիսի 31-ին, Երեխաների պաշտպանության օրվա նախաշեմին, «Մոսկվա»
կինոթատրոնում երեխաներին եւ, իհարկե, նրանց ծնողներին ներկայացվում էր
մանկական ուսուցողական «Մեր այբբենարանը» ֆիլմաշարի հերթական ֆիլմը:
Յուրաքանչյուր մանուկ կարող էր սիրելի դարձած «բոլոր մանուկների բարեկամ»
Հրանտ Թոխատյանի եւ դերասաններ Իրինա Դանիելյանի եւ Լեւոն Հարությունյանի
հետ լուսանկարվել եւ նրանց ստորագրությամբ տեսաֆիլմ գնել: Կինոթատրոնի
ճեմասրահը մարդաշատ եւ շոգ էր, բայց Հ. Թոխատյանը խոստացավ, որ բոլորի հետ
կլուսանկարվի եւ բոլոր ցանկացողների տեսատուփերի վրա կստորագրի: Ֆիլմի
ստեղծողները նշեցին, որ երեխաների համար ֆիլմ նկարահանելն ավելի բարդ է,
քան մեծերի: «Երեխաներին խաբել չի ստացվի»,- ասաց Հ. Թոխատյանը: Այս
համեստ ակցիայից հետո երեխաները հեռացան սիրելի դերասանների հետ շփման
տպավորություններով եւ փայլուն աչքերով:
Ն.Հ.